Մինչ Փաշինյանն ու յուր թիմակիցները փորձում են ժողովրդավարության իմիտացիա ստեղծել, մեզանում նախադեպը չունեցող մի արատավոր երեւույթ է զարգանում․ խոսքի համար մարդկանց են դատապարտում, կալանավորում, արգելում հանրային խոսք հնչեցնել։
Օրեր առաջ կալանավորվեց հանրային գործիչ Արթուր Դանիելյանը, որին մեղադրում են խուլիգանության համար, որը նա կատարել է ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Եվ երկրորդ մեղադրանքը վերաբերում է «ԱԱԾ-ին արատավորելուն»: Դանիելյանը հայտնի է իշխանությանը քննադատող գրառումներով: Ձերբակալվելուց ժամեր առաջ նա Ֆեյսբուքում «վիժվածք» էր անվանել Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի եւ հայ գերիների փոխանակման մասին նրա մեկնաբանությունը. «Ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու»: Դանիելյանը վստահ էր, որ Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը միայնակ չի եղել` «դիվերսիոն խմբի երկու անդամները բարեհաջող լքել են Հայաստանի տարածքը»:
Խոսքի համար տարբեր ժամանակներում ընդդիմադիրներ են կալանավորվել. Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Տաթեւիկ Վիրաբյանը։ Մեղադրանք է հարուցվել դրամատուրգ Վահրամ Սահակյանի նկատմամբ։
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին նույնպես ամռանը մեղադրանք առաջադրվեց` իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ա. Ղեւոնդյանին հարցրինք` ինչպե՞ս է գործում այսօր դատաիրավական համակարգը` իր երկակի ստանդարտներով, ինչպե՞ս են ազդում այս կալանավորումներն ընդդիմադիր փորձագետների եւ քաղաքական գործիչների խոսքի վրա։
Նա նկատեց․ «Այս պրոցեսը, որ սկսվել է, ի դեպ՝ նոր չի սկսվել, տարաբնույթ է եւ շատ անհատական։ Ինչո՞ւ, որովհետեւ ամենատարբեր դատողություններ, երբեմն էլ կոչեր են եղել, որոնք երբեմն առանձին դեպքերում քրեական էլեմենտներ պարունակել են։ Այս առումով պետք է լինել առավել շրջահայաց։ Մարդիկ երբեմն շատ էմոցիոնալ գնահատականներ են տալիս եւ հաշվի չեն առնում որոշ հանգամանքներ։
Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունների ձեռամբ գնում է դեպի կոշտ ավտորիտարիզմ, եւ այս կալանավորումները, ձերբակալությունները, վարչական վերահսկողություն խափանման միջոցները եւ այլն, խիստ տրամաբանական են եւ անակնկալ չեն։ Գործող իշխանությունները, դրսի հետ կապված որոշակի խնդիրներով հանդերձ, ինչու չէ` լեգիտիմության հետ խնդիրներ ունենալով հանդերձ, փորձում են երկրում ստեղծել մոնոպոլ տեսակետներ, իսկ այլախոհությունը՝ վերացնել։ Նրանց գործողությունները տրամաբանական են եւ սպասելի։
Ավտորիտար բոլոր համակարգերը երբ գնում են կոշտացման, իսկ Հայաստանը հաստատապես գնում է կոշտացման, նման քայլեր անխուսափելիորեն ձեռնարկում են։ Դպրոցներում դասագրքերի փոփոխություն, ծրագրերի փոփոխություններ, բուհերում վախի մթնոլորտի ձեւավորում, կուսակցականացում, սիմվոլների հետ կապված նոր նարատիվներ եւ այլն։ Սրանք՝ բոլորը, նույն ժանրի մեջ են մտնում։ Տարօրինակ կլիներ, եթե այս ամենը չարվեր։ Ընդդիմադիր ուժերը պետք է հասկանային, որ այս փուլն անխուսափելիորեն գալու է։
Իրավիճակը բավականին բարդ է, ընդդիմադիրները հնարավորության դեպքում պետք է այս ամենի դեմ քայլեր ձեռնարկեն։ Կգա անդառնալիության փուլ, երբ «հայ» բառը կարող է հոմանիշը դառնալ կենցաղային սպառողական օրգանիզմի, ոչ թե գաղափարներ ունեցող սոցիալական գիտակցություն ունեցող կերպարի։ Գործող վարչակարգը տարբեր մեթոդներով պայքարում է գաղափար ունեցող անձանց դեմ, որպեսզի կարողանա ճնշում գործադրել հանրային կարծիքի ձեւավորման օջախների վրա։
Ինչ վերաբերում է դրա արդյունավետությանը, ապա այս հարցը շատ անհատական է։ Կան մարդիկ, ովքեր այս ամենի մեջ են 2018-2019 թվականներից։ Նման մարդկանց դատողությունների պրոյեկտման վրա դժվար թե նման գործողություններն ազդեն, եթե, իհարկե, դրանք չեն ուղեկցվելու շատ ավելի լուրջ սպառնալիքներով, մեծ ճնշումներով եւ այլն։ Այստեղ անելիք ունի ընդդիմադիր սեգմենտը, որը պետք է աջակցի թիրախում հայտնված մարդկանց, աջակցի տարբեր ձեւերով։
Գաղափար հնչեցնելն ունի մի շատ կարեւոր հանգամանք, արդյո՞ք այն թեզերը, որոնք հնչեցվում են այդ մարդկանց կողմից, ունեն շահառու կողմեր, թե՝ ոչ։ Սա շատ կարեւոր է։ Այսինքն՝ պետք է հասկանալ, թե այդ տեքստերը դու ում համար ես ասում, ում ես ուզում խելքի բերել, արթնացնել եւ այլն։ Այնուամենայնիվ, իշխանության ճնշումները չեն կարող դրական հետեւանքների հանգեցնել։ Իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի։ Այլակարծության հանդեպ պայքարը լեգիտիմության ճգնաժամի մասին է փաստում։
Այս մարդիկ փորձում են հանձնման օրակարգերը, Թուրքիային եւ Ադրբեջանին ծառայելու եւ այլ օրակարգերը ջրի երեսին պահել։ Քննադատությունը չպետք է լինի ինքնանպատակ։ Քննադատությունը պետք է լինի հետեւողական, բայց այդ ամենը նաեւ պետք է որոշակի քայլերի հանգեցնի, ինչը ցավալիորեն անհրաժեշտ մասշտաբով ես չեմ տեսնում»։
Ասացիք, որ կան մարդիկ, որոնք էմոցիաների ազդեցության տակ անում են հայտարարություններ, որոնցում կան քրեական էլեմենտներ։ Ի՞նչի մասին է խոսքը։ «Ես նկատի չունեմ, որ նրանք հանցանք են կատարում։ Օրինակ, ինչ-որ արվեստագետ, գրող, երգիչ, երաժիշտ կարող է օբյեկտիվորեն էմոցիայի ազդեցության տակ ինչ-որ տեքստ ասել՝ զգացմունքային տեքստ, որը բխում է արդարությունից, սակայն Քրեական օրենսգրքում կան ինչ-որ կետեր, որոնք դա կարող են դիտարկել խնդրահարույց։ Այդպիսի խնդիրներ լինում են պարբերաբար, բայց պետք չէ խորանալ դրա մեջ։ Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկն ասում է՝ էս եմ անելու, էն եմ անելու, սակայն նրան չեն ենթարկում պատասխանատվության, որովհետեւ պետական չինովնիկ է, քաղաքացիների հարկերից աշխատավարձ է ստանում, պատգամավոր է եւ այլն։ Խնդիրը սա է, որ եթե իշխանություն ես, ինչ ուզում ես՝ կարող ես անել։
Ընտրված ու չընտրված որոշ երեսփոխաններ պարբերաբար ատելության խոսք են տարածում, սպառնալիքներ են ասում պարզ հայերենով, սակայն այդ ամենի համար ոչ մի գործ չի հարուցվում։ Այս ամենը փաստում է, որ մեզ նման երկրներում ճիշտ է նա, ով ուժեղ է, իսկ այս պահին ուժեղ է իշխանությունը, հետեւաբար՝ նա օրենքից վեր է կանգնած։ Մենք ապրում ենք կոշտ ավտորիտարիզմի մեջ»։

Բաց մի թողեք
Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները․ Լուսանկար
Մարդկանց պետք է ժամանակ հատկացնեին եւ հատուցման մասին մտածեին
60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է