ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և կալանավորումներին, հայտարարել է, որ դրանց հիմքում քաղաքական շարժառիթներ է տեսնում։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը, որին Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես քաղաքական և անձնական հակառակորդ, ենթարկվում է քրեական հետապնդման քաղաքական պատճառներով։
Խաչատրյանի գնահատմամբ՝ կիրառվող խափանման միջոցները համաչափ չեն, իսկ ներկայացված մեղադրանքները որոշ դեպքերում, իր կարծիքով, զուրկ են տրամաբանական հիմնավորումներից։ Նա ընդգծել է, որ խնդրի հիմքում, իր համոզմամբ, քաղաքական հակասություններն են։
Պատգամավորը նաև նշել է, որ իշխանությունների քաղաքական հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը մտահոգիչ է համարում։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին՝ պնդելով, որ իշխանության հետ քաղաքական հակասություններ ունեցող անձինք հայտնվում են քրեական հետապնդման թիրախում։
«Ռոբերտ Քոչարյանին Փաշինյանը համարում է իր քաղաքական և անձնական օպոնենտը, քաղաքական դրդապատճառներից ելնելով էլ նախագահ Քոչարյանի դեմ քրեական գործեր են կարել»,- ասել է նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ, ինչպես հայտնի է, ձևավորվել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է այդ նախաձեռնությունը՝ այն որակելով խայտառակություն։
Պատգամավորի գնահատմամբ՝ նման քայլը հարված է հայ ժողովրդի ազգային ինքնությանը, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմականորեն կարևոր դեր է ունեցել և շարունակում է ունենալ ազգային ինքնության պահպանման գործում։
Խաչատրյանը նաև կասկածի տակ է դրել հանձնաժողովի գործունեության հիմքում դրվող նյութերի արժանահավատությունը։ Նրա խոսքով՝ թեև նախաձեռնության հեղինակները հայտարարում են լուրջ և անհանգստացնող փաստերի առկայության մասին, ներկայացվող հիմնավորումները, իր գնահատմամբ, բավարար չեն։ Պատգամավորը նշել է, որ շրջանառվող որոշ հրապարակումներ նույնիսկ ստորագրված չեն, ուստի դրանք չի համարում հավաստի ապացույցներ։
Նրա համոզմամբ՝ նման նյութերի տարածման նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեղինակությունը վնասելն է։ Խաչատրյանը դատապարտել է այդ գործընթացը՝ ընդգծելով, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել դրան։
«Հետաքրքիրն այն է, թե իրենք ինչ փաստաթղթերի կամ ինչերի վրա են հիմնվում։ Ասում են՝ մենք ունենք սահմռկեցուցիչ փաստեր, բայց դրանց փոխարեն ինչ-որ հոդվածների վրա են հղում կատարում, այդ հոդվածների մի մասն էլ անստորագիր են՝ ինչ ուզեն, կգրեն։ Դրանք չեն կարող դիտվել որպես փաստ, դա կեղծիք է, և այդ կեղծիքի միակ նպատակը եկեղեցու և անձամբ Վեհափառ Հայրապետի վարկաբեկումն է»,- նշել է նա։

Բաց մի թողեք
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ
Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի
Երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում