Սեպտեմբերի վերջին Ադրբեջանն ընդունել է դպրոցական համազգեստի նոր կանոնակարգ, որը ներառում էր «աշխարհիկության սկզբունքին անհամատեղելի տարրերի» արգելք։
Ադրբեջանի նախարարների կաբինետը սեպտեմբերի 21-ին հրամանագրով մտցրել է դպրոցական միասնական համազգեստի վերաբերյալ նոր կանոններ: Այն արգելում է «հաստատված համազգեստի միատարրությունը խախտող հագուստի օգտագործումը», ինչպես նաև «հանրակրթության մեջ աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող» հագուստի օգտագործումը:
Փաստաթղթում ուղղակիորեն չի նշվում հիջաբ կրելու մասին, սակայն հոկտեմբերի 9-ին՝ դպրոցներում սկսված ստուգումների ժամանակ, գլխաշորով աշակերտուհիներին հեռացրել են դասերից (չնայած հրամանագիրը նման միջոցներ չի նախատեսում): Ավելին՝ ըստ Jam News-ի՝ գլխաշորը հանելու պահանջը տարածվել է նաև կին ուսուցչուհիների վրա:
Շուտով սկսվել են ավելի մասշտաբային դպրոցական ստուգումներ, որոնց արդյունքում հիջաբ կրող աշակերտները հեռացվել են ոչ միայն դասերից, այլև դպրոցից։ Բաքվում և երկրի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել, որոնց ժամանակ աշակերտուհիները (և նրանց դասընկերները) պահանջում էին բոլորի համար կրթության հավասարության իրավունք:
Հոկտեմբերի 12-ին Բաքվում ձերբակալվել է 37 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցուցարարները փորձում էին «կոպտորեն խախտել հասարակական կարգը»։ Միևնույն ժամանակ օգտատերերը սկսել են բողոքել TikTok-ի և Instagram-ի՝ երկրի երկու ամենատարածված սոցիալական ցանցերի անհասանելիությունից։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։
Մասնակիցները ընդգծել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է, և կոչ են արել դադարեցնել պահանջները։ Նրանք հայտարարել են, որ գլխաշոր կրող աշակերտների իրավունքները չպետք է սահմանափակվեն, և սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին։ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև Իսրայելի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Նմանատիպ բողոքի ակցիա նախկինում անցկացվել է Ստամբուլում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև։
Հարկ է նշել, որ վերջին օրերին Թուրքիայում քննադատության ալիք է բարձրացել Ադրբեջանի հասցեին ինչպես Բաքվի ներքին որոշումների, այնպես էլ արտաքին քաղաքականության համար։ Կառավարությանը մոտ գտնվող Թուրքիայի կրոնական և պահպանողական շրջանակները քննադատել են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով խիստ աշխարհիկ միջոցառումների պատմական ժամանակաշրջանի հետ։
Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքը միջազգային ասպարեզում նույնպես դժգոհություն են առաջացրել։
Միևնույն ժամանակ Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանը, ինչպես Թուրքիան, աշխարհիկ պետություն է, հետևաբար «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելը անընդունելի է»։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին չմիջամտել իր երկրի ներքին գործերին։
Ներկայիս արգելքի դրդապատճառները պարզ չեն. ո՛չ նախարարների կաբինետը, ո՛չ էլ կրթության նախարարությունը չեն քննարկել դրանք, ավելի վաղ նման հայտարարություններ կամ ծանուցումներ չեն եղել:
Համապատասխան գերատեսչությունները չեն պատասխանել լրագրողների հարցումներին:
Մյուս կողմից կառավարության կողմնակիցները արգելքը համարում են «երկրի ինքնիշխանության ամրապնդման մի մաս, քանի որ այն ձգտում է ազատվել այլ պետությունների արտաքին ազդեցությունից»:
Կոնկրետ ազդեցությունը պարզ չէ, բայց շատերը կարծում են, որ Ալիևը, որը վերջերս խոսել էր արտաքին գաղափարախոսական միջամտությանը դիմադրելու մասին, նկատի ուներ Թուրքիային:

Բաց մի թողեք
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան
420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն
Գյումրու ավագանու նիստում կրքերը թեժ են