14/10/2026

EU – Armenia

Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է. Մուրադ Օնայ. Լուսանկար

Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրը», որին մասնակցում են հայ և թուրք լրագրողներ։ Այն կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Հայկական կողմից այն իրականացնում են «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը և «Արդյունաբերողների ու գործարարների միությունը», իսկ թուրքական կողմից՝ «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների (TEPAV) հիմնադրամը» և «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը Եվրամիության աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում հայ և թուրք լրագրողներն այցելել են Ստամբուլի Ումրանիե շրջանում գտնվող արդյունաբերական գոտի (Dudullu), ծանոթացել այդտեղ գործող ընկերությունների գործունեությանը և հանդիպել կառավարման խորհրդի նախագահ Բահրի Մուրադ Օնայի հետ։

Ermenihaber-ի հետ զրույցում Մուրադ Օնայն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու սահմանի հնարավոր բացմանը։

Օնայը նշել է, որ երբ բացվի հայ-թուրքական սահմանը, երկու երկրների արդյունաբերական ընկերությունները կարող են համագործակցել։ Բայց նախևառաջ պետք է ուսումնասիրվեն ու բացահայտվեն երկու երկրների ներուժը, թերություն կամ առավելություն ունեցող կողմերը։ Նա կարծիք է հայտնել, որ երկուստեք կարելի է շատ լավ համագործակցություն ստեղծել:

Մուրադ Օնայը նաև նշել է, որ Dudullu-ի արդյունաբերական գոտու ընկերությունները պատրաստ են հայկական ընկերությունների հետ համագործակցել։

«Մենք սրա մեջ որևէ սահմանափակում չունենք, այսինքն՝ եթե սահմանները բացվեն Հայաստանի հետ, մեզ համար կարող է շատ լավ համագործակցություն լինել, քանի որ մեր հարևանն է»։

Օնայն ընդգծել է, որ կառավարությունները պիտի բացեն այս ճանապարհը։ Ըստ նրա՝ ժողովուրդների միջև խնդիր չկա, ու հավելել է, որ արդյունաբերողների միջև էլ խնդիր չկա:

Օնայի բնորոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է, և դրա բացումը անհրաժեշտություն է։ Նրա համոզմամբ՝ երկու ժողովուրդներն էլ ունեն դարավոր կապեր, ուստի սահմանները պետք է բացվեն։