Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով խոսեց իր պատկերացրած խաղաղության մասին՝ շեշտելով, որ դա «այն խաղաղությունն է, երբ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահանջ չունեն միմյանցից»։
Այնուհետև հավելեց, որ Թուրքմենստանում հանդիպելով Ալիևի հետ՝ տպավորություն է ստացել, թե նման խաղաղություն հաստատելու հնարավորություն կա։ Այսինքն՝ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի վրա դրական տպավորություն է թողել։
Ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե չլիներ մի կարևոր հանգամանք։ Կյանքը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ Ալիևը Փաշինյանի վրա դրական տպավորություն է թողնում, դա գուժում է մեզ սպառնացող մոտալուտ ողբերգության մասին։
Հիշենք, որ 2018 թվականին Տաջիկստանում հանդիպելով Ալիևի հետ՝ Նիկոլ Փաշինյանը կրկին դրական տպավորություն էր ստացել՝ նրան բնութագրելով որպես «կիրթ ու շփվող» մարդ։ Ընդամենը երկու տարի անց՝ 2020 թվականին, այդ «կիրթ ու շփվող» մարդը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, իսկ 2022 թվականին ամբողջությամբ շրջափակեց այն, ինչ մնացել էր Արցախից։ Հետագայում՝ 2023 թվականին, այդ նույն «կիրթ ու շփվող» մարդը երկրորդ անգամ լայնածավալ հարձակում սկսեց միայնակ մնացած Արցախի դեմ ու բռնի տեղահանեց բոլոր արցախցիներին, այլ խոսքով՝ ենթարկեց ցեղասպանության (ազգային պատկանելությամբ պայմանավորված բռնի տեղահանումը նույնպես ցեղասպանություն է)։
Հիմա Փաշինյանը նորից հերթական դրական կարծիքն ունի Ալիևի մասին, իսկ փոխվե՞լ է արդյոք վերջինս։ Բնականաբար՝ ոչ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը տպավորվի պահանջների բացակայության մասին ինչ-որ վերացական դատողություններով, փաստերը հակառակի մասին են հուշում։
Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է իր «երազած» խաղաղության մասին, Ադրբեջանը վերացնում է Արցախում հայկականության հետքը՝ ոչնչացնելով պատմամշակութային արժեքները, եկեղեցիներն ու նույնիսկ գերեզմանները։
Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը մեզ պատմում է իր տպավորությունների մասին, Ալիևը Հայաստանին մեղադրում է իսլամական արժեքները ոչնչացնելու մեջ։ Ադրբեջանում պետական մակարդակով գեներացվում է «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը, այն դրվում է գործնական հիմքերի վրա. կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության օրինական գոյությունը և հայ ազգի հազարամյա պատմությունը։ Ադրբեջանում գրվում է սեփական պատմությունը՝ ի հաշիվ մեր պատմության։
Մինչ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, և դրանից դուրս այլ հայկական տարածքներ չկան, Ալիևը ոչ մի բառով չի հստակեցնում որևէ քառակուսի կիլոմետր։ Նա տեսականորեն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի նշում, թե իր պատկերացումներով որտե՞ղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, եթե մեր ներկայիս տարածքը պետական ամենաբարձր մակարդակով համարվում է «Արևմտյան Ադրբեջան»։
Մինչ ՔՊ-ական իշխանությունը հայ հանրությանը փորձում է համոզել, թե դրանք բոլորը Ադրբեջանի ներքին լսարանին ուղղված խոսքեր են, Հաջիևը Հայաստանի պատմությունը հերքող «ապացույցներ է» ներկայացնում այդ երկրում հավատարմագրված դեսպաններին։ Եթե նույնիսկ այդ հռետորաբանությունն ուղղված լիներ միայն իրենց ներքին լսարանին, դա նույնպես հավելյալ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի հետ իրական խաղաղություն հաստատելու ոչ մի ցանկություն չունի։
Իսկ թե ինչ նոր փորձանք է բերելու մեզ Նիկոլ Փաշինյանի հերթական դրական տպավորությունը, կանխատեսելը, կարծում եմ, բարդ չէ, քանի որ տարածքներ հանձնում են ոչ միայն պատերազմում պարտություն կրելով, այլև «խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսությամբ, երբ խաղաղություն հաստատելու բանակցությունների սեղանին նստում են հաղթողն ու պարտվածը։

Բաց մի թողեք
Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է. Մուրադ Օնայ. Լուսանկար
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ
Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի