21/10/2026

EU – Armenia

Մեզ համար իսկական անակնկալ էին նախագահ Թրամփի այդ քայլերը. Լուսանկար

«Հրապարակի» զրուցակիցն ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, դոկտոր Վիգեն Հովսեփյանն է:

– Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին սրվել են Թրամփ-Զելենսկի հարաբերությունները։ Նախ, ԱՄՆ առաջնորդը մեղմացրեց Ռուսաստանի նկատմամբ դիզվառելիքային պատժամիջոցները, որը, ըստ արեւմտյան մամուլի, միտված է Թրամփի սասանված վարկանիշի բարձրացմանը։ Զելենսկուն էլ ԱՄՆ նախագահը կոչ արեց հեռանալ պաշտոնից։ Այս առճակատումը կխորանա՞։

– ԱՄՆ քաղաքական իրականությանը մոտիկից եւ խորքային կտրվածքով հետեւողներիս համար իսկական անակնկալ էին նախագահ Թրամփի՝ Ձեր նշած քայլերը, հատկապես նկատի առնելով Կոնգրեսի մոտալուտ ընտրությունները։ Առաջին հերթին, համաամերիկյան բոլոր հարցախույզներն անխտիր ցույց են տալիս, որ հասարակության մոտ կա խոր հակակրանք Ռուսաստանի եւ հատկապես՝ նախագահ Պուտինի հանդեպ, եւ սա նաեւ հանրապետականներ եւ դեմոկրատներ կողմնորոշում ունեցողների մոտ՝ հավասարապես։ Հետեւաբար, լրիվ անհասկանալի էր, թե ինչու Թրամփը վերոնշյալ քայլերին դիմեց։ Երկրորդ․ եթե Թրամփի եւ իր իշխանության մոտ կար այն համոզումը, թե Ռուսաստանի նկատմամբ դիզվառելիքային պատժամիջոցները մեղմացնելը պիտի ծառայեր դիզելի, ապա ընդհանրապես նավթի գների նվազեցմանը, մակերեսային ուսումնասիրությունն իսկ բավարար պիտի լիներ՝ ցույց տալու, որ դիզել տեսականին ԱՄՆ-ի մեջ օգտագործված վառելիքի տեսակի չնչին մեկ տոկոսն է։ Այսպիսով, դիզվառելիքի շուկայական գները ոչ միայն չնվազեցին, այլեւ որոշմանը հաջորդած օրերին աճ արձանագրեցին։ Եվ ահա, այս պատճառով է, որ որոշ հարցախույզներ, որոնք կատարվել են անցյալ շաբաթվա ընթացքին, ցույց են տալիս, որ Թրամփի ժողովրդականությունը հավելյալ 1-2% անկում է արձանագրել արդեն իսկ աննախընթաց 33-34% մտահոգիչ չափորոշիչներից։

– Ինչպիսի՞ն են ամերիկահայության շրջանում տիրող տրամադրությունները՝ նույն ընտրությունների հետ կապված։ Որեւէ կոնկրետ կամ հավաքական ակնկալիք կա՞, թեկուզ Հայաստանին վերաբերող հետաքրքրությունների ծիրում։

– Դժվար է ճշգրիտ հաստատումներ կատարել այս ուղղությամբ, որովհետեւ հարցախույզներ չկան, որոնք հատկապես ուղղված լինեն ամերիկահայությանը։ Իմ կարծիքով, վերջին տարիներին եւ հատկապես վերջին տասնամյակում Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների մոտ ավելի մեծ թեքվածություն կա դեպի հանրապետականները, սակայն վերջին տարվա ընթացքում բոլոր հանրապետականների մոտ Թրամփի հանդեպ աճող դժգոհություն կա, իսկ դեմոկրատ հայերի մոտ` խորացող ատելություն։ Հայաստանի հանդեպ եւ TRIPP-ի ուղով եթե Թրամփի հանդեպ որոշ համակրանք կարող էր ստեղծվել, հիմա արդեն տարբեր նկատառումներ են ստեղծվել, որոնք սկզբնական երախտագիտությունը մաշել են։ Չէի եզրակացնի, որ հայերի մեծամասնությունն իր հավատարմությունը շրջում է ու դեմոկրատների օգտին կքվեարկի, բայց խելամիտ եզրակացություն կլինի ակնկալել, որ այլ հանրապետականների նման ձեռնպահ մնան ու քվեարկությանը չմասնակցեն, ինչը, վստահաբար, անուղղակիորեն կօգնի դեմոկրատներին։

– Վերջերս Թրամփի հետ ԱՄՆ հայ հոգեւորականները (4 թեմի առաջնորդների մասնակցությամբ, 2-ը` էջմիածնական, 2-ը` Կիլիկիո) հանդիպեցին։ Ո՞ւմ նախաձեռնությունն էր դա, ի՞նչ նպատակ էր հետապնդում։ Տպավորությունն այն է, որ պատմական հանդիպում էր, բայց հանդիպման ժամանակ ո՛չ Եկեղեցու թեմային անդրադարձան, ո՛չ Արցախին, ո՛չ էլ գոնե Բաքվում ազատազրկված հայ գերիներին։

– Թրամփի վարչակարգը Սպիտակ տան մակարդակով եւ մոտավորապես նախարարական լիազորություններով կրոնական հարցերով ավագ խորհրդական ունի, հանձին տիկին Փաուլա Ուայթ-Քեյնի, որը մեծ աշխատանք է տանում մասնավորաբար փոքրամասնության շրջանում՝ նրանց Սպիտակ տան մոտ պահելու։ Այդ տիկինն է, որ ՀՀ դեսպանության հետ գործակցելով, կազմակերպեց հայ հոգեւորականների հանդիպումը Թրամփի հետ։ Հավելեմ, որ անցյալ վարչակարգերի օրոք եւ այլ նախագահների հետ հանդիպման դեպքում ավելի ներկայացուցչական է եղել հայկական կողմի պատվիրակությունը, որն ընդգրկել է նաեւ հասարակական կազմակերպություններ։ Առաջին անգամ է, որ միմիայն կրոնական ներկայացուցիչներ են եղել նման հանդիպմանը։ Ինչ վերաբերում է հանդիպման թեմաներին, իմ ունեցած տեղեկություններով, առնվազն Բաքվում ազատազրկված հայ քաղբանտարկյալների մասով կողմնակի որոշ ակնարկ եղել է, թեեւ բավականին մակերեսային։ Պարզ է, որ այս հանդիպումը եւ այն լուսաբանող պաշտոնական հաղորդագրություններն ուղղված էին Թրամփի ժողովրդականությունը բարձրացնելուն։

«Հրապարակ». Մեզ համար իսկական անակնկալ էին նախագահ Թրամփի այդ քայլերը