Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին, իսկ 2023-ից առաջատարներից է։
«Հրապարակ» թերթը գրում է. Այս ընկերությանն է վստահվել Հայաստանում միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։ Օրինակ՝ 2022 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար ստացել է 750 միլիոն դրամ։ 2020 թ. Ամանորի միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանից` 137 միլիոն դրամ։ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գալա համերգի համար ԱԳՆ-ից` 76 միլիոն դրամ։ 2018 թ. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համար ԱԳՆ-ից` եւս 54 միլիոն դրամ։
Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն»-ը 2018-2026 թթ. պետական տարբեր մարմինների հետ կնքել է 50 պայմանագիր` 5.7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Միայն այս տարի ընկերությունը վարչապետի աշխատակազմի հետ ծառայությունների մատուցման 1.7 մլրդ դրամի պայմանագիր է կնքել։ 2 պայմանագիր էլ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության հետ է կնքվել` 4 մլն դրամ արժեքով։
Իսկ Երեւանի քաղաքապետարանի հետ 2025-ին կնքած 4 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 771 մլն դրամ։ Պայմանագրերի մեծ մասը կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: 2023-2026 թթ. 25 պայմանագրից 17-ն առանց մրցույթի է կնքվել։ Նման պայմանագրերը, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում:
Հավելենք նաեւ, որ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւանի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» «Ֆակտորի Փրոդաքշն»-ի տնօրեն Ռուդիկ Տեր-Գալստյանը պարգեւատրվել է Էրեբունի-Երեւան 2800-ամյակի հուշամեդալով։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի