30/10/2026

EU – Armenia

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են․ Լուսանկար

Արդարադատության նախարարությունը, ի դեմս Սրբուհի Գալյանի, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի դեմ եւ այն ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։

Հրապարակ թերթը գրել է․ Կարգապահական պատասխանատվության կանչելու պահանջներ են ներկայացվել այն բանից հետո, երբ դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով քննել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականներին առնչվող աղմկահարույց գործը։ Հակոբ Մանուկյանն իր ինքնաբացարկը հիմնավորեց նրանով, որ ինքը նախկինում եղել է փաստաբան եւ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որն այժմ դատարանում ներկայացնում է հոգեւորականների շահերը։

Այս փաստի մեջ դատավորը տեսել էր շահերի բախում եւ որոշել էր գլուխն ազատել այս գործից, որն ի սկզբանե ապօրինի է՝ հարուցվել է օրենքի խախտմամբ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Մեր տեղեկություններով՝ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը հենց ուղղակիորեն վերաբերում է կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնելու նրա որոշմանը։ Նպատակը պարզ է՝ դատավորին պատժել իշխանության ամենաբարձր օղակից իջեցված հրահանգը չկատարելու համար։ Ասում էր, չէ՞, ժամանակին Նիկոլ Փաշինյանը․ «Ինչի կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ Հիմա նրա ենթականերն ամեն ինչ անում են, որ «տենց դատավոր» երկրում չլինի։ Մանուկյանի դեմ վարույթի մասին հարց ուղղեցինք ԲԴԽ, մեզ ասացին՝ նիստը նշանակված է նոյեմբերի 16-ին, նիստի ժամանակ կտեղեկանանք վարույթի հիմքերի մասին։

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են