05/11/2026

EU – Armenia

Հրահանգը տալիս է ու երկրից թռնում

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին բացահայտ կերպով սպառնում էր ընդդիմադիր ուժերին, եւ ակնհայտ էր, որ շուտով իրավապահ մարմինները գործի են անցնելու, ու դա երկար սպասեցնել չտվեց։ Երեկ առավոտյան տեղեկացանք, որ ԱԱԾ-ն ու քննչականը կրկին ներխուժել են Կարապետյանների տուն։

Հրապարակ թերթը գրել է․ Դա, ի դեպ, այնքան հաճախ են անում, որ տան անդամները սովորել են, եւ Նարեկ Կարապետյանի կրտսեր զավակն արդեն չի զարմանում ու չի վախենում դիմակներով մարդկանց տեսնելիս։ Այս անգամ նրանք Նարեկ Կարապետյանի երեխաների համակարգիչն են տարել, որով երեխաները խաղում են։

Հատկանշական է, որ նման օպերացիաներ մեզանում, որպես կանոն, տեղի են ունենում այն օրերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է Հայաստանից՝ արտերկիր ինչ-որ գործուղման է մեկնած լինում։ Երեկ էլ նա Հայաստանում չէր, մեկնել է Բրյուսել` մասնակցելու Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի քննարկումներին եւ մի լսարանի առջեւ նստած՝ հարցազրույց էր տալիս:

Նա դեռ չէր վերադարձել Երեւան, երբ նոյեմբերի 4-ի առավոտյան իրավապահները խուզարկություններ արեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, Սամվել Կարապետյանի քրոջ որդու ու եւս 60 բնակարաններում, գրասենյակներում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում միաժամանակ խուզարկություններ են կատարվել 65 հասցեում, 36 անձի նկատմամբ քրեական հետապնդում է կատարվել։

Գործը քննվում է տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում։ Թեեւ իրավապահները ներկայացնում են, թե ամեն ինչ արվում է քրեական վարույթի շրջանակում, սա ակնհայտորեն քաղաքական ճնշման հերթական դրսեւորումն է, որով Փաշինյանը փորձում է պարտադրել, որ ընդդիմությունը չխանգարի Սահմանադրությունն Ալիեւի պահանջով փոխելուն։ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, 7 ձայն պակասում է, որպեսզի հանրաքվե նշանակվի, եւ Փաշինյանը ցույց է տվել, որ դրան հասնելու համար ամեն ինչի պատրաստ է:

Մենք ուսումնասիրեցինք նախորդ օպերացիաների պատմությունը եւ տեսանք, որ դրանք հիմնականում համընկել են Նիկոլ Փաշինյանի՝ երկրից բացակայելու օրերի հետ։ Գուցե կարծում են, որ եթե ինքը երկրում չէ, իրավապահների գործողությունների հետեւում նրա ականջները չե՞նք տեսնի: Այսպես․ 2025 թվականի հունիսի 20-ին Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում՝ հանդիպում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Այդ ժամանակ Հայաստանում իրավապահները լայնածավալ գործողություններ իրականացրին ընդդիմադիր շրջանակների նկատմամբ․ ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների՝ «բացահայտելով ահաբեկչական մեծ խումբ»՝ ՀՅԴ-ի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման մասնակիցներից։

2025 թվականի հունիսի 18-ին, երբ ձերբակալում էին գործարար Սամվել Կարապետյանին՝ մեկ նախադասության համար՝ «մենք էլ մեր ձեւով կմասնակցենք» եկեղեցի-իշխանություն հակասությունների լուծմանը, այդ ձերբակալությունն էլ տեղի ունեցավ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուց երկու օր առաջ։ Իսկ բուն ձերբակալությանը նախորդել էին վարչապետի արտառոց գրառումներն ու ուղիղ հրահանգները։

2025 թվականի հուլիսի 9-10-ին էլ՝ Թուրքիայից Փաշինյանի վերադառնալուց հետո, իրավապահները խուզարկություններ արեցին ՀՅԴ ներկայացուցիչների նկատմամբ։ Այս դրվագը եւս տեղավորվում է իշխանություն-ընդդիմություն լարված հարաբերությունների եւ քաղաքական իրադարձություններին հաջորդած իրավապահ գործողությունների համատեքստում։
Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման օրը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ: