Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտներում գիտահետազոտական ու կրթական ներուժի զարգացման նպատակով նախատեսվում է իրականացնել յոթամյա ծրագիր՝ ընդհանուր առմամբ առնվազն 14 միլիոն դոլարի ներդրմամբ։
Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է միաժամանակ մի քանի ռազմավարական խնդիրների լուծմանը։ Դրանցից մեկը գիտության ոլորտում պետական և մասնավոր ներդրումների խթանումն է, մյուսը՝ բուհերում գիտական հետազոտությունների ակտիվացումն ու դրանց որակի բարձրացումը։
Անդրեասյանի խոսքով՝ ծրագիրը կարող է նաև նպաստել Հայաստանի բուհերի միջազգային վարկանիշների բարելավմանը՝ գիտակրթական համագործակցության և հետազոտական աշխատանքի ընդլայնման միջոցով։
Նախագծով առաջարկվում է յոթ տարվա ընթացքում ծրագիրն իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության և համաֆինանսավորման սկզբունքով։ Այն նախատեսում է Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում զարգացնել ռոբոտաշինության ու արհեստական բանականության հատման ոլորտում միջազգային մրցունակ հետազոտական և կրթական կարողություններ։
Նախարարի ներկայացմամբ՝ նախատեսվող 14 միլիոն դոլարի ներդրման կեսը կապահովի պետությունը, մյուս կեսը՝ մասնավոր հատվածը։
Ծրագրի առաջին տարում պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 168,4 միլիոն դրամ։ Այդ միջոցները հիմնականում կուղղվեն գիտնականների բազային վարձատրության ապահովմանը։


Բաց մի թողեք
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. Տեսանյութ
Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում. գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին
Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու