05/11/2026

EU – Armenia

Միակ «գործիքը»

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանի միակ գործիքը՝ բռնել-նստացնել-վախեցնելը, այլեւս չի աշխատում։ Իսկապես՝ մարդիկ այլեւս չեն վախենում նստելուց, հալածվելուց, իսկ նստողներին էլ արագ մոռանում են, եւ դրա լրատվական աղմուկը մի քանի ժամից, մաքսիմում՝ մի քանի օրից մարում է, ինչը նշանակում է, որ իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղել չի ստացվում։

Հրապարակ թերթը գրել է․ Բայց այս «գործիքը» հետեւողականորեն եւ աննահանջ կիրառելու իմաստն այլ է։ Նախ այն է, որ ուրիշ «գործիքներ» պարզապես չկան՝ ո՛չ տնտեսական գլոբալ հաջողություններ են ունակ ապահովելու, ո՛չ հարեւանների հետ հարաբերություններն են կարգավորում, ո՛չ գնաճն են զսպում, եկամուտներն ու բարեկեցությունն ավելացնում, ո՛չ հանրային համերաշխություն են կարողանում հաստատել, ո՛չ կրթության, գիտության ոլորտի զարգացում, ո՛չ արտաքին վտանգներն են կարողանում չեզոքացնել, ո՛չ ժողովրդավարություն են հաստատում։

Ինչին ձեռք են մեկնում, ինչ ձեռնարկում են, ձախողվում են։ Անգամ միջազգային միջոցառումներն ու մեծածախս համերգները չեն փոխում իրավիճակը՝ հանրությունը դժգոհ է, եւ այդ դժգոհությունը գնալով աճում է երկրում։ Այս «գործիքը» հենց հանրային աճող դժգոհության դեմն առնելուն է ուղղված։ Մի դասախոս ես նստացնում՝ դասախոսները լռում են, մի բիզնեսմեն ես կալանավորում՝ բիզնես աշխարհը սկսում է ենթադրել, որ հաջորդը ինքն է։

Ֆեյսբուքում մի գրառման համար քրեական գործ ես հարուցում՝ մի տասը հոգի դադարում է գրառումներ անել։ Մի համայնքապետ ես ձերբակալում, մյուս համայնքապետերը համապատասխան հետեւություն են անում։

Իսկ երբ տարեց ու վաստակաշատ մարդ, կին, մանկահասակ երեխաների մայր է հայտնվում բերդում, մարդիկ հասկանում են, որ ոչ մի կարմիր գիծ չունես, եւ օրենքը տոտալ չի աշխատում։