Գյումրիի ռուսական ռազմաբազայում զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպ է տեղի ունեցել, որից հետո երկու ռուս զինծառայող է կալանավորվել:
Նրանք հայաստանյան քրեակատարողական հիմնարկում են պահվում: Տուժողը Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Սամուելենկոն է: Հենց նա է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն Գյումրիի Անի թաղամասում երկու զինծառայող է ծեծել: Դեպքը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթ են հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ռազմաբազայի երկու զինծառայողները կալանավորված են առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Թե ինչն է այս միջադեպի պատճառը, ինչու են ռուսները ծեծել ուկրաինացուն, դեռ պարզ չէ: Ռուսական ռազմաբազան կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը որևէ մեկնաբանություն չի արել միջադեպի մասին:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի քաղաքացին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, համաձայն որի՝ Գյումրու Անի թաղամասում 2 անձ իրեն ծեծի են ենթարկել:
«Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նրանք կալանավորվել են: Հավելեմ, որ սույն քրեական վարույթը որևէ առնչություն չունի համացանցում տարածվող տեսանյութի հետ»,- մանրամասնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:


Բաց մի թողեք
«Wirecard»-ի փախուստի մեջ գտնվող ղեկավարը ռուս լրտեսին ուղղված հաղորդագրություններում պնդել է, որ ինքն է տապալել Սեբաստիան Կուրցին
«Սպառվող նյութ»․ շարքային մարդիկ, որոնք կատարում են Ռուսաստանի «կեղտոտ աշխատանքը»
Կրեմլի զանգը. Ինչպես Պուտինի հետ զրույցը բացահայտեց Եվրոպայի խորը պառակտումը Ուկրաինայի շուրջ