10/11/2026

EU – Armenia

600 երիտասարդ գրանցվել էր, անցել էր 250-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մասնակցել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը եւ շատ վիճելի ու աղմկահարույց հայտարարություններ արել: Նորից խոսել է խաղաղության, բաց սահմանների, Եվրամիության հետ հարաբերություններին, 2029 թվականին վիզաների ազատականացման, ակադեմիական քաղաք կառուցելու մասին:

Հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա, եւ շեշտել է, որ դա ոչ թե պարզապես առաջնահերթություն չէ, այլեւ իսպառ բացակայում է ՀՀ պաշտոնական օրակարգից. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում երեւույթն ընդամենը ուրիշների ձեռքին վճարամիջոց է այլոց հետ հարաբերություններում։ Մենք պետք է հրաժարվենք»։

Երբ հարց են տվել, թե ինչու է ատելություն գեներացնում արցախցիների նկատմամբ եւ հայտարարում, թե` փախել եք, պատասխանել է. «Մի ասեք` ծախել ենք, չենք ասի` փախել եք»: Ասել է նաեւ, որ Հայաստանում հայրենասիրությունը ձեւավորվել է Ստալինի ամբիցիաները բավարարելու համար։ «Մեր հայրենասիրության մոդելի հետ մենք խնդիր ունենք, որովհետեւ մեր հայրենասիրության մոդելը ներդրված է 1940-ական, 50-ական, 60-ական թվականներին։ Հայրենասիրության էդ մոդելը գիտե՞ք ինչից է ծնվել։ 2-րդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը դաշնակիցներ էին, աշխարհամարտի ավարտից հետո սկսվեց ճամբարների բաժանումը, եւ Թուրքիան հայտնվեց արեւմտյան, ՆԱՏՕ-ական ճամբարում։ Ստալինը բավարարված չէր, ինքը համարում էր, որ այնքան է հաղթել, որ ավելի մեծ ազդեցության եւ տարածքների ամբիցիա ունի»,- հայտարարել է նա: Ասել է նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական եւ իրական Հայաստանների շուրջ բանավեճ, պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ հաճախ հակոտնյա են միմյանց եւ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Չնայած Փաշինյանի քարոզչական հայտարարություններին, երիտասարդներից ոմանք հանդես են եկել բավականին սուր, քննադատական հարցադրումներով: Օրինակ, Արեն Նահապետյանը Փաշինյանին հարցրել է Ամուլսարի հանքի շահագործման մասին, անդրադարձել է նաեւ քրեաօլիգարխիկ բարքերի կրող ՔՊ-ականներին, ասել է. «Վախի ազդեցության տակ կամ բյուջեից փող մսխելու համար հիմա էլ ՔՊ-ի կողմից են առաջադրվում… թագավորը մերկ է, պարոն Փաշինյան»:

Արեն Նահապետյանը Հրապարակ թերթի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց այդ քննարկումից: Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ներկաներին արձագանքի հնարավորություն չէին տալիս, եւ վարչապետի պատասխանները գոհացրի՞ն իրեն։ «Ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր: Այն առաջին հանդիպումն էր Restart-ի կողմից կազմակերպված, որը հնարավորություն էր տալիս հարցեր ուղղել հենց վարչապետին: Restart-ն այս ֆորմատը բավականին հաճախ է կիրառում, արդեն մեկ տարուց ավելի է: Մթնոլորտն ու միջավայրը բավականին լարված էին, քանի որ դահլիճի մի մասը պրոիշխանական էր, մի մասը` ընդդիմադիր, եւ սուտ կլինի ասել, թե մարդիկ հատուկ էին ընտրվել: Մթնոլորտից զգացվում էր, որ շատերը համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ շատերն էլ համաձայն չեն: Ես ճիշտ ու կոռեկտ եմ համարում այս ձեւաչափը, քանի որ եթե արձագանքի հնարավորություն լիներ, այդ դահլիճում քչերը հարցեր տալու հնարավորություն կունենային, բանավեճ կծավալվեր: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պատասխաններին, ապա դրանք, բնականաբար, բավարարող չէին, կոնկրետ իմ հարցի պարագայում վարչապետն ամբողջությամբ շրջանցեց Ամուլսարի թեման։ Ես նաեւ բավարարող պատասխան չեմ համարում,, իր բառամթերքով ասած` թալանչիներին ուղղված հարցի պատասխանը… այն թալանչիների, ովքեր ՔՊ-ի շարքերն են համալրել: Ես, իհարկե, չէի ակնկալում, որ հրապարակային ֆորմատով Նիկոլ Փաշինյանը դրանից ավելին կասեր, եւ դա առհասարակ բոլոր քաղաքական գործիչների քրոնիկ խնդիրն է. հարցերին պատասխանելու փոխարեն ուղղակի փիլիսոփայել կամ դուրս գալ թեմայի շրջանակներից: Փաշինյանը միակը չէ, Restart-ի կազմակերպած հանդիպումների ընթացքում այլ քաղաքական գործիչներ նույնպես խուսափել են կոնկրետ հարցերին պատասխանելուց»: Հարցին` ինչպե՞ս էին ընտրել երիտասարդներին, մեր զրուցակիցն ասաց. «Restart-ը միջոցառումից 2 շաբաթ առաջ բաց հայտ էր տեղադրել, ես գրանցվել եմ: Գրանցման համար անհրաժեշտ էր մի քանի հարցի պատասխանել՝ գնահատելու երիտասարդի ընդհանուր քաղաքական եւ քաղաքացիական գիտելիքները: Բայց ասեմ, որ ոչ մի հարց չի եղել քաղաքական կողմնորոշման մասին: Երիտասարդներին ընտրելիս չեն առաջնորդվել քաղաքական ուղղվածությամբ: Անազնիվ կլինի ասել, որ Restart-ը խտրականության է ենթարկել որեւէ երիտասարդի: Ակնհայտ է, որ հանդիպման ընթացքում հնչեցին Փաշինյանին հաճելի եւ ոչ հաճելի հարցեր, ինչպիսին, օրինակ, իմ հարցն էր: Տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ փորձում են թիրախավորել ծրագրի մասնակիցներին եւ հենց Restart-ին: Ուզում են ինչ-որ քաղաքական միավորներ հավաքել երիտասարդների եւ կազմակերպության հաշվին, ասում են, թե իբրեւ հարցերը նախապատրաստված են եղել, իսկ երիտասարդներին հատուկ են ընտրել: Ասում են, թե հարցի իրավունք ստացել են հատուկենտ մարդիկ, բայց դա այդպես չէ: 600 երիտասարդ գրանցվել է, անցել է 250-ը: Հարց գրանցելու հնարավորություն ունեցել են բոլորը, բայց ընտրվել են ըստ ժամանակագրական հաջորդականության: 250 երիտասարդ չէր կարող հարց հնչեցնել»:

Արեն Նահապետյանից նաեւ հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի Փաշինյանի` Հայոց ցեղասպանությանը եւ հայրենասիրությանը վերաբերող հայտարարությունների մասին. «Կոնկրետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօրվա դրությամբ որեւէ քաղաքական կամ տնտեսական օգուտ չի բերելու Հայաստանին: Այսինքն` եթե մենք տեսականորեն վերցնենք ու ասենք, որ վաղը Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը, ըստ իս` ո՛չ տարածքներն են վերադարձնելու, ո՛չ էլ փոխհատուցում են տալու Հայաստանին: Այսինքն` Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր քաղաքական կյանքի համար այդքան էլ զգայուն ու օրակարգային հարց չէ: Ինչ վերաբերում է հայրենասիրության եւ ստալինյան մոդելի համեմատությանը, ապա ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ չեմ հասկանում, թե Փաշինյանն ինչ նկատի ունի: Հայրենասիրությունն ամեն մարդու սեփական ու անձնական հարցն է»: