11/11/2026

EU – Armenia

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ակտիվ և սերտորեն համագործակցություն է սկսել Եվրոպական Միության հետ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկման ժամանակ:

Անդրադառնալով ապատեղեկատվության թեմային՝ նա նշել է, որ այն կանխելու համար թափանցիկությունը կարող է շատ հուսալի գործիք լինել, քանի որ բաց հասարակություններում երբ տեղեկատվությունը հասանելի է, շատ ավելի դժվար է ապատեղեկատվություն պարտադրել։

«Իհարկե, թափանցիկության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և կողմնակի հետևանքներ կան։ Շատ հեշտ է բանաձևը ձևակերպել, սակայն կիրառման փուլում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կիբեռանվտանգությանը, ապա կիբեռանվտանգության գործիքներն ու համակարգերը պետք է կառուցել և շարունակաբար զարգացնել, քանի որ ակնհայտ է, որ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների գործիքները զարգանում են շատ ավելի արագ, քան մենք ակնկալում էինք»,- շեշտել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ պարագայում միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ փորձի փոխանակումը, կարողություններն ու գիտելիքը չափազանց կարևոր նշանակություն ունեն։ «Եթե ինչ-որ բան ինչ-որ տեղ արդեն պատահել է, ապա այն այլ վայրերում էլ հաստատ տեղի կունենա։ Պետք է նախապես տեղեկացված լինել, և ըստ իս՝ դա կօգնի պատրաստ լինել համանման տարբեր իրավիճակների: Ես կարծում եմ՝ որպես տարբերակ, որպես գաղափար կարելի է ստեղծել որոշակի ընդհանուր տեղեկատվական դաշտ, որտեղ հնարավոր կլինի միմյանց հետ փոխանակել տեղի ունեցածի մասին տեղեկություններ, քննարկել, թե արդյոք հաջողվել է կառավարել իրավիճակը, իսկ եթե հաջողվել է, ապա ինչպե՞ս։ Դա կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցների և բոլոր երկրների համար»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ ապատեղեկատվության դարաշրջանում կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ։

«Կեղծ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը սովորաբար տարածվում են սոցիալական ցանցերի միջոցով, իսկ մյուս կողմից այդ նույն գործիքը ծառայում է նաև այդ գործընթացին դիմակայելու համար։ Երբ Հայաստանում ապատեղեկատվություն տարածվեց մի քանի ժամվա ընթացքում, որը զանգվածային հավաքի պատճառ դարձավ մեր հանրապետությունում (դա 2022 թվականն էր) ես սկսեցի ուղիղ եթերով հեռարձակումներ անել «Ֆեյսբուք»-ի իմ էջում՝ փորձելով մեր ժողովրդին բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Այդ հավաքը շարունակվեց երկու ժամ և ավարտվեց ոչնչով։ Այս տարվա մայիսին, հունիսին՝ ընտրական քարոզարշավի ժամանակ, նույն իրավիճակն էր»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունը քաղաքացիների հետ առանցքային նշանակություն ունի, բայց մյուս կողմից կառավարությանը, հասարակությանն անհրաժեշտ են տեղեկատվության այլ աղբյուրներ։ «Վերջին տարիներին փաստ ստուգողների ինստիտուտը տեսանելիորեն կայացել է ՀՀ-ում, ինչը մեզ շատ է օգնել։ Հաջորդ շատ կարևոր գործոնը հասարակության մեդիաիրազեկվածությունն է։ Հաճախ մարդիկ սոցիալական ցանցերում ինչ-որ բան տեսնելուց հետո հարց են տալիս՝ արդյոք դա իրական է, և դա շատ կարևոր է։ Մարդիկ իրենք դառնում են փաստ ստուգողներ, և ես կարծում եմ՝ սա էլ շատ կարևոր նորություն է, որ կարող է օգնել խնդրի լուծմանը»,- շեշտել է ՀՀ վարչապետը։

Քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան: