Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի վերաբերյալ քրեական գործը մուտք է եղել դատարան։
Գործը մակագրվել է Սյունիքի մարզի դատարանի դատավոր Հրաչ Դաջունցին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նասիմի Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի ծառայության մեջ գտնվելիս, ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը՝ Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով։
Նա իր հետ Հայաստան է տեղափոխել «AKM» տեսակի ինքնաձիգ, 140 մարտական և 10 անգնդակ փամփուշտ, ինչպես նաև սվին-դանակ։ Զենքն ու ռազմամթերքը Հայաստան է տեղափոխել առանց մաքսային հսկողության, իսկ ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է դրանք։
Մուտք գործելուց հետո Մուսաևը հասել է Սիսիան համայնքի Շաքի բնակավայր։ Մեղադրանքի համաձայն՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նա ապօրինի մուտք է գործել 6-րդ փողոցի 20-րդ տուն և այնտեղից հափշտակել բջջային հեռախոս, սմարթ ժամացույց, տաբատ, 9 հազար դրամ, բանկային քարտ և երկու ձախ կոշիկ։ Տան սեփականատիրոջը՝ Անի Ավետիսյանին, պատճառվել է ընդհանուր 26 հազար դրամի գույքային վնաս։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տուն են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանները։ Ըստ մեղադրանքի՝ Մուսաևը ինքնաձիգով սպառնացել է նրանց, ստիպել նստել հյուրասենյակի բազմոցին, հանձնել իրենց բջջային հեռախոսները և մնալ իր մատնանշած վայրում՝ ապօրինաբար զրկելով ազատ տեղաշարժվելու և տնից դուրս գալու հնարավորությունից։
Ավելի ուշ տուն է ժամանել նաև Անի Ավետիսյանը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մուսաևը նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, զենքի գործադրմամբ և այլ անձանց կյանքի ու առողջության համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից վեց կրակոց է արձակել։ Կրակոցներից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին։
Դրանից հետո Մուսաևը կնոջը գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։ Արդյունքում Անի Ավետիսյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչպես նաև ձեռքի մատների ծանր վնասվածքներ։
Դեպքից հետո Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տան հարակից անասնագոմում։ Նույն օրը՝ ժամը 16։15-ին, նա հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։


Բաց մի թողեք
Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»
Գյուղացին չգիտի՝ գյուղո՞ւմ է ապրում, թե՞ ճանապարհներին
«Ուժեղ Հայաստանը» փորձում է իրականացնել դեղերի գները 20 տոկոսով նվազեցնելու նախընտրական խոստումը