18/11/2026

EU – Armenia

Կոսի պահանջը անմիջականորեն վերաբերում է Հայաստանին, որտեղ տեղակայված են Ռուսաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, այնպես էլ ՊՆ-ին պատկանող 102-րդ ռազմաբազան

Եվրոպան պահանջում է վճարել ծառայությունների դիմաց, որոնք մատուցվել են խորհրդարանական ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում։ Հայաստանի կառավարիչներն էլ փորձում են հետաձգել պարտքի վճարումը եւ բացատրել, որ հիմա դրա ժամանակը չէ։

Փաշինյանին ամեն ինչում կարելի է մեղադրել, բայց ոչ սեփական ֆինանսական շահը չգիտակցելու մեջ։ Եվրոպայից ստանալիք այլեւս չկա` Եվրոպան փող չի տա, Գերմանիան պահանջում է կրճատել ԵՄ բյուջեն, փող չկա եւ չի էլ լինի։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը սպառնում է էլ ավելի մեծացնել ֆինանսական ծախսերը եւ կրճատել եկամուտները։

Արարատ Միրզոյանը մասնակցել է Բրյուսելում կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն» անունով նախարարական հանդիպմանը։ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Կայա Կալլասը, ելույթ ունենալով հավաքի ժամանակ, ասել է․ «Մեր գլխավոր պահանջներից է զորքերի դուրսբերումը բոլոր այն երկրներից, որտեղ ներկայում տեղակայված են ռուսական զորքեր»։ Ո՞ւմ է ուղղված այս պահանջը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ այն երկրներին, որոնց տարածքում ռուսական զորքեր են տեղակայված։

Ռուսական զորքեր տեղակայված են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ աֆրիկյան մի քանի երկրներում, որտեղ ռուսական զորքերն ապահովում են այդ երկրների իշխանությունների անվտանգությունը։ Այդ երկրները ռուսական զորքերը դիտարկում են որպես իրենց անվտանգության հուսալի պաշտպան, օրերս Մալիի նախագահը երկրի ամենաբարձր պարգեւով պարգեւատրեց ռուս գեներալին` Մալիում անվտանգության ապահովման համար։

Ռուսական զորքեր կան Տաջիկստանում եւ Ղրղզստանում, բայց դժվար թե խոսքը նրանց դուրսբերման մասին է, դրանք ապահովում են Աֆղանստանի հետ սահմանների անվտանգությունը եւ միջամտում, երբ երկու երկրների միջեւ առաջանում են զինված ընդհարումներ։ Ռուսական զորքեր կան Մոլդովայի տարածքում՝ Մերձդնեստրում, Վրաստանում՝ Աբխազիա եւ Հարավային Օսիա, Ուկրաինայում, որտեղ ռուսական բանակի վերահսկողության տակ է երկրի տարածքի ավելի քան 20 տոկոսը, եւ այդ տարածքը գնալով մեծանում է։

Բայց դժվար թե Կայա Կալլասը նկատի ունի այդ զորքերին, որովհետեւ արդեն տասնամյակներ շարունակ ԵՄ-ն պահանջում է ռուսական զորքերի դուրսբերում այդ տարածքներից, Ռուսաստանն էլ արհամարհում կամ չնկատելու է տալիս այդ պահանջը, իսկ Կալասը եւ մյուս եվրաչինովնիկները պահանջելուց բացի այլ բան չեն կարող անել՝ իրենց պահանջի կատարումն ապահովելու համար։ Երբ չկա հարկադրանքի մեխանիզմ, պահանջելն աղերսելուց ավելի ողորմելի է դառնում։

Կալլասի պահանջը կարող է անմիջականորեն վերաբերել Հայաստանին, որտեղ տեղակայված են ինչպես Ռուսաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, այնպես էլ ՊՆ-ին պատկանող 102-րդ ռազմաբազան։ Փաստացի, Կալլասը ԵՄ անունից Հայաստանին պահանջ է ներկայացնում՝ իր տարածքից հեռացնել ռուսական զորքերը։ Սա այն գինն է, որ Հայաստանը պետք է վճարի ԵՄ աջակցության դիմաց, մի բան, որ ակնհայտ էր դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ որի մասին բազմիցս է ասվել։

Ի պատասխան այս պահանջին, նախարարական հավաքին ներկա Արարատ Միրզոյանը կրկնում է նույն մանթրան․ հիբրիդային սպառնալիքների, տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտությունների մասին, որոնք միտված են ինքնիշխանության թուլացմանը եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության խաթարմանը։ Նորից կոչ է արել այդ հարձակումներին դիմակայելու համար համախոհ գործընկերներին՝ ամրապնդելու համագործակցությունը, եւ Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան։ Կալլասն ասում է` դուրս բերեք ռուսական զորքերը Հայաստանից, Միրզոյանն ասում է` դրա ժամանակը չէ, Ռուսաստանը շարունակում է հարձակումները, մեզ օգնեք՝ այդ հարձակումներին դիմակայելու։

Եվրոպացիները հասկանում են, որ Միրզոյանը եւ Փաշինյանը զբաղված են պարզ դեմագոգիայով, փոխանակ որոշում կայացնելու, փոխանակ Ռուսաստանի դեմ առճակատումը նոր մակարդակի բարձրացնելու, շարունակում են իրենցից աջակցություն պահանջել՝ չեղած բաների դեմ պայքարելու համար։ Տիպիկ գրանտակերի մտածողություն՝ գտնել գրանտատուներին հետաքրքրող մի անիմաստ գաղափար եւ դրա վրա փող աշխատել՝ իրականում ոչնչով չզբաղվելով։

Մինչդեռ եվրոպացիները տեսնում են, որ Փաշինյանը Դուբլինում հայտարարում է, որ նպատակ չունի Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել, դեկտեմբերին պատրաստվում է երեք անգամ այցելել Մոսկվա, բանակցել այդ երկրի իշխանությունների հետ եւ լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են միայն այն պատճառով, որ Հայաստանը մտադրություն է հայտնել անդամակցելու Եվրամիությանը։ Նման պահվածքն անհնարին է դարձնում գրանտային ծրագրի առաջմղումը։

Իրավիճակը թվում է փակուղային․ ԵՄ-ն պահանջում է վերջնականապես խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկրի տարածքից դուրս բերել ռուսական զորքը, Ռուսաստանը պահանջում է կողմնորոշվել եւ հրաժարվել եվրաինտեգրացիայի գաղափարից։

Փակուղուց ելք կա․ Փաշինյանը կարող է հայտարարել, որ Հայաստանը չի հրաժարվում ԵՄ անդամակցության գաղափարից, բայց ժամանակավորապես սառեցնում է գործընթացը, քանի որ մյուս կողմից չի տեսնում բավարար ցանկություն` Հայաստանին ընդգրկելու այդ գործընթացում, իսկ մինչ այդ Հայաստանն ավելի լավ կպատրաստվի ԵՄ անդամակցությանը, ավելի կմոտենա ԵՄ չափորոշիչներին, եւ նման բաներ։ Սա բավարար կլինի, որ Ռուսաստանը չեղարկի Հայաստանի դեմ կիրառված սահմանափակումները եւ հրաժարվի նորերը կիրառելուց։

Փաշինյանը սառեցման մեծագույն վարպետ է, եթե կարող է սառեցնել ՀԱՊԿ-ում անդամակցությունը, ինչո՞ւ չի կարող ժամանակավորապես սառեցնել ԵՄ անդամակցության գործընթացը։ Այլ տարբերակ չկա․ քանի դեռ չի հայտարարել ԵՄ անդամության ձգտումից հրաժարվելու մասին, երեքի փոխարեն երեսուն անգամ էլ որ գնա Մոսկվա, արդեն սահմանված պատժամիջոցները չեղարկել եւ նորերից խուսափել հնարավոր չի լինելու: