18/11/2026

EU – Armenia

Մեկնաբանությունները փակել է, ժողովրդին ասում՝ գոռացե՛ք․․․

Փաշինյանի կողակիցը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կին վարորդներին՝ առաջարկելով մեքենաներում աղմկող իրեր պահել և խցանումների ժամանակ այնքան աղմկել, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել ու լուծել ստեղծված իրավիճակը։ Մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներին էլ է հրավիրել միանալու այս աղմկոտ նախաձեռնությանը։

Հրապարակ թերթը գրել է․ Այսինքն նա քաղաքացիներին 2018-ի նման աման- չամանով ուղարկում է պայքարի, ոչ թե ամուսնու կամ նրա քաղաքական թիմի անդամ Ավինյանի աշխատասենյակ։ Մոռացել է, որ 2018-ը չէ և իր սիրելի ամուսինը (Ես իմ ամուսնուն շա՜տ եմ սիրում) երկրի ղեկավարը ու թիվ մեկ պատասխանատուն է։

Մինչդեռ տիկինն իշխանության անգործության մասին բողոքում է այնպես, կարծես այդ իշխանության հետ ոչ մի կապ չունի։ Ո՞րն է իր կոչի նպատակը, կասե՞ք, երբ կա շատ ավելի կարճ ճանապարհ։ Ընդամենը մտնել կողակցի սենյակ և քնած տեղից նրան արթնացնել կամ ուղեղը աշխատեցնել։ Տանն իրեն չի լսում, փողոցու՞մ պիտի աղմկի․․․

Բայց ինձ այս թեմայում ամենից շատ ոչ նրա կոչն է հետաքրքրում, ոչ էլ այն, թե վարորդներն ինչով պիտի աղմկեն։ Սոցիալական ցանցերում արդեն հասցրել են արձագանքել։ Մեկն ասում է՝ «Էս կնոջ հայտարարությունից հետո Ավինյանն աչքիս լույսը դարձավ», մյուսը՝ «Չենք հասկանում՝ էս կինը մեզ որտեղ է գցում»։

Տիկինը մարդկանց կոչ է անում աղմկել, չլռել, դժգոհությունը հասցնել իշխանություններին, բայց սեփական ֆեյսբուքյան էջում փակում է մեկնաբանությունների բաժինը, որպեսզի ժողովրդի աղմուկը չլսի։ Այսինքն՝ ժողովուրդը թող աղմկի, բայց ոչ իր էջում, բայց ոչ իր հասցեին։ Ուրիշներին հորդորում է չլռել, ինքն էլ ապահովագրվում է նրանց ձայնը լսելու հնարավորությունից։

Սա արդեն ոչ թե հակասություն է, այլ աղմուկի յուրօրինակ ժողովրդավարություն՝ բոլորը կարող են խոսել ավինյանի մասին, բայց իրեն ոչ ոք թող բան չասի։ Եթե տիկինը համոզված է, որ աղմուկը կարող է ստիպել իշխանություններին աշխատել, ինչո՞ւ է այդքան վախենում իր սեփական էջում այդ աղմուկը լսելուց։ Սա իրենց ընտանեկան ժողովրդավարության նոր տարբերա՞կն է։