21/11/2026

EU – Armenia

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր

Նոյեմբերի 29-ին Աշտարակ համայնքում նշանակված են համայնքի ավագանու ընտրություններ, որին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է մասնակցում։ Համայնքի ավագանու 27 տեղի համար ՔՊ-ն ներկայացրել է 81 հոգանոց ցուցակ։

Հրապարակ թերթը գրել է․ Այն գլխավորում է Աշտարակ համայնքի գործող ղեկավար Թովմաս Շահվերդյանը, որը պաշտոնավարում է դեռ ՀՀԿ-ի ժամանակներից։

Ընտրական ցուցակի 2-րդ համարն Աշտարակի համայնքապետի առաջին տեղակալ Շանթ Վահանյանն է, 3-րդը՝ Մերի Մաթեւոսյանը, որի գույքի եւ եկամուտների հայտարարագրում որպես աշխատատեղ նշված է՝ էկոնոմիկայի նախարարության «փորձագետ»։ 1989թ․ ծնված, ՔՊ կուսակցության անդամ Թովմաս Շահվերդյանն Աշտարակ համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թ․ սեպտեմբերի 18-ին։

Այդ ժամանակ նա առաջադրվել եւ ընտրվել է որպես անկուսակցական (թեեւ ընտրություններում ստացել է ՀՀԿ-ի աջակցությունը)։ 2016-2021թթ․ եղել է Աշտարակ համայնքի ղեկավար, 2021-ից ստանձնել է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։

Աշտարակ քաղաքի ծայրին, դեպի Երեւան տանող ավտոճանապարհին Թովմաս Շահվերդյանի լուսանկարով քարոզչական մեծ պաստառ է տեղակայվել, որի դիմաց` ճանապարհի կողքին, 17 հարկանի բազմաբնակարան շենք են կառուցում։