23/11/2026

EU – Armenia

Նոր սահմանադրությամբ Փաշինյանը կարող է դատական համակարգն իր բուռը հավաքել

«Սահմանադրությամբ առաջարկվում է անել այն, ինչի մասին վաղուց եմ խոսել. գլխատվում է դատական իշխանությունը: Իհարկե, իշխանությունները դատական իշխանության նկատմամբ իրենց վերաբերմունքը վաղուց են ցույց տվել, հիմա այդ ամենը ցանկանում են սահմանադրության մեջ ներառել և օրենքի ուժ տալ իրենց մտադրություններին։

Ակնհայտ է, որ իշխանությունը նպատակ ունի ազատվելու բոլոր այն դատավորներից, որոնք ունեն քիչ թե շատ ինքնուրույնություն»,- սահմանադրության նախագծում տեղ գտած՝ դատական համակարգին վերաբերող փոփոխությունների մասին նման կարծիք հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մեկ քայլով դատավորներին հեռացնել պաշտոնից. «Պարզ է, որ դրանք այն դատավորներն են լինելու, որոնք կարողացել են լինել անկախ ու ինքնուրույն»:

Այսօր վերջապես հրապարակվեց իշխանությունների նախաձեռնած սահմանադրության նախագիծը, որում մի շարք փոփոխություններ են նախատեսվում նաև դատական համակարգում։ Փաստաբանական համայնքը մի շարք խութեր է նշում նախագծի՝ դատական համակարգին վերաբերող հոդվածներում՝ մասնավորապես նշելով, որ իշխանությունների կողմից դատական համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողություն է սահմանվում, ինչը բռնապետական պետության համակարգի հաստատման է հանգեցնելու։

Նշենք, որ դատական համակարգին վերաբերող 85-րդ հոդվածով՝ սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում իրականացվելու է սահմանադրության ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների մեկանգամյա վերագնահատում։ Մինչ այդ դատավորները շարունակելու են իրականացնել դատավորի լիազորությունները՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև օրենքով սահմանված կարգով նրանց վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակումը կամ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը։

Դատավորների վերագնահատումը ներառում է դատավորի բարեվարքության ստուգումը պաշտոնը ստանձնելու պահից՝ այդ թվում վարքագծի կանոնների, շահերի բախման կանոնների պահպանումը, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանումը, մասնագիտական կարողությունների ստուգումը, գույքային դրության համապատասխանության ստուգումը՝ ըստ օրինական եկամուտների:

Շատ կարևոր է նշել, որ դատավորների վերագնահատումն իրականացվելու է հատուկ ձևավորված՝ հինգ անդամից բաղկացած հանձնաժողովի կողմից, որի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե անգամ ընդդիմությունը դեմ լինի այս կամ այն թեկնածուի լիազորությունները շարունակելուն կամ դադարեցնելուն, նրա կարծիքը վճռորոշ չի լինելու և ընդհանրապես էական նշանակություն չի ունենալու իշխանական պատգամավորների «մեծամասնության» ձայների դիմաց։ Թեև հանձնաժողովի անդամների առաջադրումը ևս ամբողջությամբ իշխանական թևի իրավասությունն է՝ հաշվի առնելով, որ անդամներից երկուսն առաջադրվելու են Հանրապետության նախագահի, երկուսը՝ Մարդու իրավունքների «պաշտպանի», մեկը՝ կառավարության առաջարկությամբ:

Վերագնահատման արդյունքներով դատավորների վերագնահատման հանձնաժողովն իրավասու է կազմելու դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն, որը ներկայացվելու է Հանրապետության նախագահին: Վերջինս էլ մեկամսյա ժամկետում պետք է նշանակի ԺՊ-ին դատավորի պաշտոնում կամ իր առարկություններով վերադարձնի դրական եզրակացությունը դատավորների վերագնահատման հանձնաժողով, եթե գտնում է, որ առկա է բարեվարքության պահանջների էական խախտման դեպք: Եթե դատավորների վերագնահատման հանձնաժողովը մեկամսյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը և կրկին Հանրապետության նախագահին է ներկայացնում դրական եզրակացություն, ապա նախագահը վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում նշանակում է դատավորի պաշտոնում կամ դիմում է Սահմանադրական դատարան: Գործընթացը նույնն է նաև բացասական եզրակացության դեպքում։

Ի դեպ, դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի բարեվարքության վերաբերյալ դատավորների վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն վերանայման դատական կարգով: Այսինքն, եթե հիմա պաշտոնից անարդարացիորեն ազատված դատավորները հնարավորություն ունեն դիմելու դատարան՝ իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, ինչի նախադեպերն արդեն ունենք, ապա նոր սահմանադրությամբ դատավորները զրկվելու են նման հնարավորությունից՝ աներկբա ենթարկվելով իշխանությունների քմահաճույքներին։ Ճիշտ է, դատավորի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է իր պաշտոնում չնշանակվելը և լիազորությունների դադարեցումը բողոքարկել Սահմանադրական դատարան, բայց մեզանում փորձը ցույց է տվել, որ ՍԴ-ում նման բողոքները սովորաբար հօգուտ հայցվորի չեն ավարտվում։

Ներկայացված նախագծով իշխանական ավելի մեծ վերահսկողություն է սահմանվելու նաև ԲԴԽ դատավորների ու անդամների նկատմամբ, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասն անդամներին ընտրելու իրավասությունը վերապահվելու է Ազգային ժողովին՝ երեք հինգերորդ ձայնով։ Գործող սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհրդի տասը անդամներից հինգին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, մյուս հինգին՝ Ազգային ժողովը։ Նոր նախագծով Դատավորների ընդհանուր ժողովը միայն առաջադրելու է դատավոր անդամների թեկնածուներին։ Մինչև նախագծի հրապարակումը իշխանական պատգամավորները նշում էին, թե դրանով ընդդիմությանն ավելի մեծ լծակներ են տրվելու, և դրանցից մեկն էլ ԲԴԽ-ում սեփական թեկնածուն ունենալու հնարավորությունն է։ Սակայն նախագծով ամրագրվում է, որ ԲԴԽ դատավոր չհանդիսացող անդամներից միայն մեկն է ընտրվելու ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ, բայց անգամ նրան ընտրելու վճռորոշ ձայնը լինելու է ՔՊ խմբակցությանը։

Արսեն Բաբայանը, սակայն, նախագծի վերաբերյալ բոլոր, այդ թվում՝ դատական համակարգին վերաբերող դրույթների քննարկումները, դրանց մասին մտահոգությունների, խնդիրների բարձրաձայնումն անիմաստ է համարում, քանի որ ընդդիմությունը փաստացի մերժել է Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրության նախագիծը հանրային քվեարկության ներկայացնելու առաջարկը՝ դրանով կանխելով այդ նախագծին օրենքի ուժ տալու հնարավորությունը։

«Նախագծի բովանդակությունը, դրանում ներկայացված որևէ դրույթ, հոդված քննարկելու անհրաժեշտություն չկա, մեկնաբանելու՝ ևս, որովհետև ընդդիմության կողմից իշխանության առաջարկի մերժմամբ ու նախագծին դեմ քվեարկելու պատրաստակամությամբ քաղաքական օրակարգում սահմանադրության ընդունման հարց գոյություն չունի։ Իսկ մի բան, որը գոյություն չունի, քննարկման ենթակա չէ»,- պարզաբանեց փաստաբանը։