Արցախի հայաթափումից հետո պաշտոնական Բաքվի քաղաքականության առանցքային նպատակներից մեկը դարձել է հայկական պատմական ներկայության հետքերի վերացումը։
Եկեղեցիների վերանվանումը, դրանց ծագման աղավաղումը և աղվանական ժառանգության շուրջ կազմակերպվող գիտաժողովները կոչված են ամրագրելու պատերազմի արդյունքները նաև պատմական հիշողության մեջ։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆուադ Ախունդովի՝ հայ գիտնականներին համատեղ ուսումնասիրությունների հրավիրելու առաջարկը քաղաքական խոր հաշվարկի մաս է։ Բաքուն, ըստ ամենայնի, ձգտում է հայ գիտնականների մասնակցությամբ պատմական կեղծիքներին գիտական վարկ ու միջազգային ճանաչում ապահովել։
Գանձասարի պատմությունը միջնադարյան հայկական մատենագրության և վիմագրության առավել հարուստ փաստագրված էջերից է։ Խաչենի իշխան Հասան-Ջալալ Դոլայի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին օծվել է 1240 թվականին։ Վանքի հայերեն արձանագրությունները, Կիրակոս Գանձակեցու վկայությունները, ճարտարապետությունը և հոգևոր գործունեության բազմադարյա պատմությունը հայկական քաղաքակրթության ամբողջական ժառանգություն են։ «Աղվանից կաթողիկոս» տիտղոսի պատմաաշխարհագրական և եկեղեցական նշանակությունն էթնիկական պատկանելության փաստարկի վերածելը պատմագիտական կեղծարարություն է։
Արցախի հայկական ժառանգությունն աղվանական ներկայացնելու փորձերը սկիզբ են առել դեռևս խորհրդային տարիներին։ Զիա Բունիաթովի և նրա հետևորդների աշխատություններում Կովկասյան Աղվանքի պատմությունը վերաշարադրվել է տարածաշրջանի հայկական պատմական ժառանգությունն օտարելու տրամաբանությամբ։
Արցախի հայաթափումից հետո Բաքուն հնարավորություն է ստացել տասնամյակներ շարունակ շրջանառվող այդ տեսությունը կիրառել հենց հայկական պատմական հուշարձանների նկատմամբ՝ վերափոխելով դրանց ինքնությունն ու պատկանելությունը։
Պատմության յուրացումը տարածքային նվաճումներն ամրագրելու հնագույն քաղաքական գործիքներից է։ Տեղանունների փոփոխությունը, եկեղեցիների վերագրումը մեկ այլ մշակույթի, պատմական արձանագրությունների աղավաղումը ժամանակի ընթացքում փոխում են տարածքի ընկալումը նաև միջազգային հանրության շրջանում։ Բաքվի երկարաժամկետ հաշվարկն Արցախի հայկական անցյալը պատմական հիշողությունից աստիճանաբար դուրս մղելն է։ Այդ քաղաքականությունը կարող է ծառայել նաև արցախահայության վերադարձի իրավունքը քաղաքական օրակարգից հեռացնելուն։
Հայ գիտնականներին ներգրավելու առաջարկով Բաքուն ձգտում է Գանձասարի հայկական պատկանելության շուրջ արհեստական գիտական վեճ ձևավորել։ Հայկական կողմի մասնակցությունն այդ գործընթացին կարող է օգտագործվել ադրբեջանական պատմագրության քաղաքական կանխադրույթներին միջազգային գիտական հեղինակություն հաղորդելու համար։
Հայաստանի դիվանագիտությունն Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցում ունի միջազգային իրավական կարևոր հենարան։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումն Ադրբեջանին պարտավորեցնում է կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ու պղծման գործողությունները։ Այդ պարտավորության կատարումը պետք է դառնա Հայաստանի միջազգային օրակարգի հետևողական ուղղություններից մեկը։
Հայ-ադրբեջանական խաղաղության ամրությունը պայմանավորված է նաև երկու ժողովուրդների պատմական հիշողության նկատմամբ փոխադարձ հարգանքով։ Սահմանազատումը կարգավորում է պետությունների տարածքային հարաբերությունները, իսկ մշակութային ժառանգության պաշտպանությունը հասարակությունների խաղաղ համակեցության հիմքեր է ստեղծում։ Հայկական անցյալի ժխտումը խորացնում է պատմական թշնամանքը՝ վտանգելով հաշտության հեռանկարը։
Գանձասարի ութդարյա հայերեն արձանագրությունների պահպանումը խաղաղության հանդեպ Բաքվի հանձնառության իրական փորձաքարերից է։ Տարածքային ինքնիշխանությունը որևէ պետության իրավունք չի վերապահում յուրացնելու այդ տարածքում ապրած ժողովրդի պատմությունը։


Բաց մի թողեք
Էմանուել Մակրոնին սկսել են անվանել «պարոն Շանտաժ»
Ավինյանը շատ ավելի «թափով» կշարունակի ազատումները
ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով