18/08/2026

EU – Armenia

Ռուսաստանը «Պուտինի համար նոր արատավոր ուղի» է գծում

Ռուս-վրացական պատերազմի 18-րդ տարելեցի առթիվ ծավալված ներքաղաքական սուր բանավեճի ֆոնին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն «Գիորգիևյան դաշինք» ստորագրելու և Ռուսաաստանի «հովանավորությունը» ընդունելու Հերակլ Երկրորդ թագավորի որոշումը գնահատել է «իմաստուն և այլընտրանք չունեցող քայլ»։

Ակնհայտ է, որ նա պատմա-քաղաքական անդրադարձը կատարել է, որպեսզի հիմնավորի «Վրացական երազանքի» ներկայիս «իրատեսական քաղաքականությունը»։

Անշուշտ,որևէ երկրի, այդ թվում և՝ Ռուսաստանի, հետ հարաբերությունների այս կամ մակարդակի և բնույթի ընտրությունը Վրաստանի ինքնիշխան իրավունքն է։ Խնդիրն այն է, որ saqinform պետական գործակալության տնօրեն Առնո Խիդիրբեգաշվիլին ընդարձակ վերլուծականով անդրադարձել է ՌԴ Կոմունիկացիաների զարգացման ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի հոդվածին, որտեղ նա վերջին ամիսներին երկրորդ անգամ արծածել է «աբխազական երկաթուղու վերագործարկման» հեռանկարը՝ այդ հաղորդակցությանը տալով «Պոուտինի ուղի» անվանումը։

Ռուսաստանցի հեղինակը, ով նախկինում եղել է ՊԱԿ-ի բարձրաստիճան սպա, իսկ ներկայումս, ըստ որոշ տեղեկությունների, հանդիսանում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության գեներալ, պարզորոշ սահմանել է, որ եթե «կա «Թրամփի ուղի», ապա ինչո՞ւ չի կարող լինել «Պուտինի ուղի»»։

Հայաստանի համար այդ «ուղին», ըստ Գասումյանովի, կունենա Ռազմավարական ճանապարհի Լարս անցակետից «կախվածությունը այլընտրանքով հավասարակշռելու նշանակություն», իսկ Վրաստանի համար «կստեղծի Աբխազիայի հետ առևտրա-տնտեսական թափանցիկ կապեր ստեղծելու հնարավորություն»։

Այս դեպքում էականը ոչ այնքան Գասումյանովի դիտարկումները և տնտեսական ու քաղաքական հիմնավորումներն են, որքան՝ Վրաստանի պետական գործակալության տնօրենի արձագանքը, որ ընդհանուր առմամբ դրական է։ Նա, իհարկե, Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը դիտարկում է «Վրաստանի խաղաղ միավորման» հեռանկարում, բայց դա, երևի, հասցեագրված է ներքին լսարանին։

Խդիրբեգաշվիլին վկայակոչել է դեռևս Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում ստորագրված մի համաձայնագիր, որով Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումների մաքսային հսկողությունը վերապահված է շվեյցարական ընկերության և այն համարել «բաց թողնված հնարավորություն»։ Ըստ հեղինակի, այդ համաձայնագիրը Վրաստանի ինքնիշխանությունը «չի շոշափում»։

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը և Վրաստանը «աբխազական երկաթուղու» վերագործարկման շուրջ քննարկումներ, այնուամենայնիվ, անցկացնում են։ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը վերջերս պաշտոնական Թբիլիսիին հորդորել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ «չահրձակման մասին պայմանագիր ստորագրել և սահմանազատում իրականացնել»։ Ըստ երևույթին, «աբխազական երկաթուղու» վերագործարկման հարցում Վրաստանի իշխանությունների «կարմիր գիծը» դա է։

Օգոստոսի 16-ին հայտնի է դարձել, որ վրացական ընկերությունները դադարեցրել են Աբխազիա բենզինի մատակարարումը՝ «հաշվի առնելով հանրության և մի շարք քաղաքական ուժերի բացասական մոտեցումը»։

Կարելի է պատկերացնել, թե Վրաստանում ինչ արձագանք կունենա «աբխազական երկաթուղու» վերագործարկումը, բայց քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել «երբեք»։