27/08/2026

EU – Armenia

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ հայտարարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման մասին որոշումը կազմակերպության անդամ երկրների գերագույն գլխավոր հրամանատարների իրավասությունն է, սակայն անհրաժեշտ կլինի հաշվի առնել բոլոր հանգամանքները:

Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը:

«ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումն է, որտեղ խորհրդի անդամներ են հանդիսանում կազմակերպության անդամ մեր երկրների գերագույն գլխավոր հրամանատարները: Այդ որոշումն իրենց տիրույթում է: Բայց ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պահերը», – նշել է նա:

Ինչպես նշել է Մասադիկովը, եթե Հայաստանի ղեկավարությունը, «տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է այդ մասին, ապա, հավանաբար, կան տարբեր օրակարգեր»:

«Քաղաքական գործիչները նրա համար են քաղաքական գործիչ, որպեսզի բարձրացնեն այդ հարցը, բարձրացնեն քննարկման աստիճանը, իսկ հետո իջեցնեն: Պետք չէ առաջ ընկնել իրադարձություններից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու վերաբերյալ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա հայ ժողովրդի կարծիքը», – արձանագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը առաջիկա հինգ տարում մտադիր չէ ակտիվացնել աշխատանքները ՀԱՊԿ-ում, իսկ եթե կառույցից Հայաստանին հեռացնեն՝ ինքը շատ գոհ կլինի։