01/09/2026

EU – Armenia

TRIPP-ին իր անունը տված նախագահը կհեռանա պաշտոնից և նախագծի թափը կարող է նույնքան արագ մարել

Հայաստանում՝ Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ, Դոնալդ Թրամփը ցանկանում է երկաթուղի և խողովակաշարեր կառուցել։ Հավակնոտ նախագիծ՝ աշխարհաքաղաքականության և բիզնես շահի հատման կետում։

Հայ-իրանական սահմանին աղմկոտ է։ Փշալարե ցանկապատի հետևում մռնչում է Արաքսը՝ հզոր գետը, որը ոլորաններով ու սրընթաց հոսանքով ճեղքում է լեռնաշխարհը՝ իր ճանապարհին գրեթե ոչինչ անշարժ չթողնելով։ Ժամանակին Արաքսը բաժանում էր Ռուսաստանը Պարսկաստանից, ավելի ուշ՝ Խորհրդային Միությունը Իրանից։

Իրանական ափին գետը եզերված է կանաչ դաշտերով։ Գյուղացիներն Արաքսի ջուրն օգտագործում են հողերը ոռոգելու համար։ Ավելի հեռվում՝ տափաստանի գույնն առած բազմաբնակարան շենքեր ու ինքնաշեն տներ են՝ քամուց ծռված, երկրաշարժերից խարխլված։ Չեզոք գոտում ժանգոտում են խորհրդային ժամանակներից մնացած վագոնները՝ այն տարիների հիշեցումը, երբ այստեղ դեռ գնացքներ էին անցնում։ Հայաստանի կողմում, փշալարերից այս կողմ, ճանապարհ է, ուղեփակոցներ և դիտաշտարակներ, իսկ դրանց հետևում լեռը կտրուկ վեր է խոյանում։ Եվ հենց այստեղ է Դոնալդ Թրամփը ցանկանում ներդրում անել։

Հայաստանում՝ Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ, բայց, բնականաբար, Իսլամական Հանրապետությունը շրջանցելով։ Տրանսպորտային ու ենթակառուցվածքային այս նախագիծն արդեն մեծ աշխարհաքաղաքականության ուշադրության կենտրոնում է։ 2026 թվականի մայիսին Հայաստան այցելեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ փետրվարին այստեղ էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա պատկառելի ուշադրություն է։ Հետևաբար Միացյալ Նահանգներն այստեղ ակնհայտորեն սեփական շահն ունեն։

Թրամփի կովկասյան խոշոր նախագիծը պետք է կապի Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ Արաքսի հովտով նախատեսվում է անցկացնել ավտոճանապարհ, երկաթուղի, խողովակաշարեր և օպտիկամանրաթելային մալուխներ։

Միաժամանակ Թրամփը այս սխեմայից դուրս է թողնում երկու խոշոր պետությունների՝ հարավում Իրանը և հյուսիսում Ռուսաստանը։ Երկուսն էլ դրան դեմ են։ Ուստի նախագիծը սկզբից ևեթ աշխարհաքաղաքական մեծ լիցք ունի։

Այն նաև հնչեղ անուն ունի՝ Trump Route for International Peace and Prosperity՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», կրճատ՝ TRIPP։

Անունը հիշեցնում է Թրամփի աշտարակները Նյու Յորքում և Լաս Վեգասում, Գազայի վերաբերյալ նրա օդային ամրոցներն ու Վաշինգտոնում պատկերացրած հաղթակամարները։ Բայց կարո՞ղ է TRIPP-ը դառնալ ավելին, քան ներդրումային հերթական անցողիկ երազանքը։

Այստեղ բնապատկերն իսկապես տպավորիչ է՝ Արաքսը, նրա շուրջ բարձրացող արտասովոր լեռները։ Զբոսաշրջիկներն այցելում են շրջանի հին հայկական եկեղեցիները, լուսանկարում գետն ու սահմանը։

Լեռան ստորոտին կարծես կպած են նախկին խորհրդային երկաթուղու նեղ թունելները՝ ժայռի մեջ խրված բետոնե կամարներ՝ մեկ այլ ժամանակաշրջանից։ Ժամանակին այստեղ կայարան կար։ Երկաթուղին դադարեց գործել Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի մեջ մտան։

Հին բետոնե թունելների կողքով անցնում է երկշերտ ճանապարհ՝ առանց կողային գոտիների։ Ցուցանակներից մեկը ցույց է տալիս դեպի հայկական սահմանամերձ Մեղրի քաղաք, մյուսը՝ դեպի Իրան։ Հետո արդեն փշալարերն են։

Հենց այս նեղ սահմանային գոտով պետք է անցնի Դոնալդ Թրամփի TRIPP-ը՝ մոտ 43 կիլոմետր երկարությամբ՝ Հայաստանի արևելյան սահմանից մինչև արևմտյան սահման։

Այսպիսի լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի համար այստեղ տարածքը շատ սահմանափակ է։ Ավտոմայրուղին և երկաթուղին կողք կողքի տեղավորելն առայժմ դժվար է պատկերացնել։

Այդուհանդերձ, ավելի հյուսիս շինարարությունն արդեն ընթանում է։ Հայաստանը դեպի հյուսիս արագընթաց ճանապարհ է կառուցում՝ մեկուսացած սահմանամերձ Մեղրին երկրի կենտրոնական շրջանների և Երևանի հետ ավելի արդյունավետ կապելու համար։

Այս տարածքում արդյունահանվում են պղինձ և մոլիբդեն։ Իսկ երբ խոսքը հումքային պաշարների մասին է, Դոնալդ Թրամփն ու նրա հետ առնչվող ամերիկյան հանքարդյունաբերական ընկերություններն անմիջապես սրում են ուշադրությունը։

TRIPP-ը նախատեսվում է կառուցել ամերիկյան գերակշիռ մասնակցությամբ կոնսորցիումի միջոցով։ Դրա շուրջ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնության եկավ մեկ տարի առաջ՝ Վաշինգտոնում։

2025 թվականի օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին Վաշինգտոնյան համաձայնությունը՝ խաղաղության վերաբերյալ պայմանավորվածություն, որը կապակցված է TRIPP-ի ներդրումային նախագծին։

Այժմ անհրաժեշտ է կարգավորել որոշ տարածքային հարցեր, ճշգրտել սահմանները և նախագծել Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջանին պատկանող Նախիջևանի էքսկլավ տանող 43-կիլոմետրանոց երթուղին։

Կողմերի շահերն այստեղ մասամբ համընկնում են, մասամբ՝ տարբերվում։ Թրամփը ցանկանում է, որ ամերիկյան ընկերությունները գումար աշխատեն, իսկ Իրանը մնա խաղից դուրս։

Հայաստանը ցանկանում է, որ իր տարածքով անցնող հաղորդակցությունները մնան իր ինքնիշխանության և վերահսկողության ներքո։ Երկիրը հավակնում է տրանսպորտային կամուրջ դառնալ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։

Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ այդ 43 կիլոմետրը հնարավոր լինի անցնել արագ և նվազագույն բյուրոկրատական ընթացակարգերով՝ հայկական վերահսկողության պայմաններում։

Բաքվի տեսանկյունից TRIPP-ը շատ ավելի մեծ ենթակառուցվածքային շղթայի միայն մի մասն է՝ ճանապարհների ու երկաթուղիների այն համակարգի, որը Կասպից ծովից Նախիջևանի տարածքով պետք է հասնի Թուրքիա։ Դա այսպես կոչված «Միջին միջանցքն» է։

Նախագծին կտրուկ ընդդիմանում են երեք պետություններ, որոնք շահագրգռված չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի խորացմամբ։

Առաջինը Իրանն է։ Թեհրանին դուր չի գալիս, որ Միացյալ Նահանգներն իր սահմանի անմիջական հարևանությամբ աշխարհաքաղաքական նշանակության հաղորդակցություններ են ծրագրում՝ Իրանը շրջանցելով։

Հարավային Հայաստանում Իրանի ներկայությունը դժվար է չնկատել։ Իրանական բեռնատարները Հայաստան են բերում գազ, նավթ և չինական ապրանքներ՝ ծանրությամբ հաղթահարելով լեռնային անվերջ ոլորանները։

Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում դուրս մղվել Հայաստանի տարանցիկ ճանապարհներից, որոնցով բեռներն ուղևորվում են նաև դեպի Ռուսաստան։

Իր շահերը պաշտպանելու համար Իրանը նույնիսկ գլխավոր հյուպատոսություն է բացել Կապանում՝ Սյունիքի մարզկենտրոնում։

Դարպասի զանգը տալիս ես՝ ոչ ոք չի բացում։ Փոխարենը այն ամենը, ինչ այստեղ ցանկանում են ասել, փակցված է դիվանագիտական ներկայացուցչության ցանկապատին։ Մեծ պաստառների վրա դատապարտվում են Իրանում Միացյալ Նահանգների «հանցագործությունները», այդ թվում՝ 2026 թվականի փետրվարին աղջիկների դպրոցի վրա կատարված հարձակումը։

TRIPP-ի երկրորդ հակառակորդը Ռուսաստանն է։ Առայժմ Վլադիմիր Պուտինը բարձրաձայն չի դժգոհում՝ Դոնալդ Թրամփին չվանելու համար։ Սակայն Մոսկվայի համար TRIPP-ը խիստ անցանկալի նախագիծ է։

Տարիներ շարունակ հայ-իրանական սահմանին կանգնած էին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Սակայն Հայաստանը վերջ դրեց սահմանների պաշտպանության այդ «եղբայրական օգնությանը» այն բանից հետո, երբ Ռուսաստանը, հոդվածագրի ձևակերպմամբ, 2023 թվականին Հայաստանին մենակ թողեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերադարձի ժամանակ։

Եվ հատկապես հունիսի սկզբին եվրոպամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունից հետո Պուտինի ազդեցությունը Հայաստանում արագորեն նվազում է։

TRIPP-ի երրորդ հակառակորդը Վրաստանն է։ Մինչ այժմ Վրաստանը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի համար դեպի Արևմուտք տանող՝ Պուտինից անկախ հիմնական դարպասն էր։ Կասպից ծովից դեպի Թուրքիա ճանապարհները, երկաթուղիներն ու խողովակաշարերն անցնում են Վրաստանով։

Բնականաբար, Թբիլիսին ցանկանում է պահպանել իր մենաշնորհային դիրքը։ Սակայն, հեղինակի գնահատմամբ, Վրաստանն այլևս «Պուտինից ազատ» չէ, քանի որ ռուսամետ օլիգարխը երկիրը վերադարձնում է Մոսկվայի ուղեծիր։

Այդ պայմաններում արևմտամետ կառավարություն ունեցող Հայաստանի տարածքով անցնող երթուղին կարող է օգտակար այլընտրանք դառնալ։ Իրականում TRIPP-ի հակառակորդներից ոչ մեկը չի կարող խանգարել Ադրբեջանին, Հայաստանին և Թրամփին առաջ շարժվել։

Ադրբեջանն արդեն արագընթաց ճանապարհ է կառուցել և ցանկանում է մինչև 2027 թվականը երկաթուղին հասցնել Հայաստանի սահման։

«Մինչ այժմ ժամանակ չենք կորցրել»,— DIE ZEIT-ին ասում է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովը։ «Հուսով ենք՝ շինարարական փուլը հնարավոր կլինի սկսել արդեն այս տարվա վերջին»։

Հայաստանում վարչապետ Փաշինյանն իր հերթին հայտարարում է. «Մենք արագացրել ենք TRIPP-ի նախագծման գործընթացները»։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները ներկայացված են խորհրդարան։

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է՝ «TRIPP-ը բարձրագույն առաջնահերթություն է»։ Միաժամանակ Չիկագոյից մասնավոր կապիտալի ներդրող է նշանակվել 200 միլիոն դոլարի հիմնադրամի ղեկավար՝ «Միջին միջանցքի» տրանսպորտային ծրագրերը ֆինանսավորելու համար։ Սակայն Մեղրիում և հայ-իրանական սահմանին այս ամենից առայժմ գրեթե ոչինչ չի երևում։

Զբոսաշրջիկները լուսանկարվում են Արաքսի ափին, հայ սահմանապահները ժամանակ են անցկացնում սահմանային կետերում ու դիտաշտարակներում, իսկ խորհրդային հին երկաթուղային թունելներում մկներն են վազվզում։

Առայժմ այստեղ չկան ո՛չ էքսկավատորներ, ո՛չ էլ շինանյութ։ Բայց ժամանակը սուղ է։

Դոնալդ Թրամփին աշնանը սպասում են միջանկյալ ընտրությունները։ Երկու տարի անց Միացյալ Նահանգներում նոր նախագահ է ընտրվելու։ Այդ ժամանակ TRIPP-ին իր անունը տված նախագահը կհեռանա պաշտոնից։ Եվ նախագծի ներկայիս թափը կարող է նույնքան արագ մարել։