Սեպտեմբերի 20-ին ավարտվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների առաջադրումները։ Հիշեցնենք, որ ընտրություններ են տեղի ունենալու 19 համայնքում։ Արտաշատում առաջադրվել են ՀՅԴ-ն, «Նոր դարաշրջան» կուսակցությունը եւ ՔՊ-ն։
Արտաշատում ՀՅԴ-ի համայնքապետի թեկնածուն դաշնակցական Գերասիմ Վարդանյանն է: Հրապարակ թերթը զրուցել է նրա հետ:
– Ընդդիմադիր ուժերը շատ համայնքներում չեն առաջադրվում, քանի որ բռնապետական ռեժիմը կալանավորում է բոլոր համայնքապետերին, ովքեր հաղթում են, անգամ մասնակցում են ՏԻՄ ընտրություններին: Կան բազմաթիվ օրինակներ` Մամիկոն Ասլանյան, Վարդան Ղուկասյան, երեկ խուզարկում էին Աբովյանի համայնքապետարանը, եւ վեց աշխատակից կալանավորվեց: Այս պայմաններում ի՞նչ դժվարություններ ունեն ընդդիմադիր թեկնածուները, մասնավորապես` Դուք:
– Մենք բանտարկությունից չենք վախենում, բանտերը մեզ չեն կարող վախեցնել, չեն կարող հետ կանգնեցնել: Ինձ 2 անգամ բանտարկել են, կարող են 5-6 անգամ էլ բանտարկել, դրանից ոչինչ չի փոխվելու մեր պայքարում: Ոչինչ չի փոխվելու նաեւ մեր սկզբունքներում։ Այնպես որ, մենք չենք վախենում իշխանության սպառնալիքներից, ոչ մի կոպեկի արժեք չունեն դրանք մեզ համար: Մեր ուժն առաջադրել է իմ թեկնածությունը, եւ մենք պայքարում ենք, որովհետեւ կարծում ենք, որ չի կարելի ժողովրդին մենակ թողնել նման իշխանության հետ: Ժողովուրդն այլընտրանք է ցանկանում, իսկ մենք՝ որպես հականիկոլ ուժ, որպես գլխավոր ընդդիմադիր ուժ, այս տարածքում առաջադրվել ենք եւ ակնկալում ենք մեր համայնքի հականիկոլ զանգվածի քվեները:
– Ճնշումներ, վարչական ռեսուրսի կիրառում եւ այլն՝ կա՞ն այս փուլում:
– Վարչական լծակների կիրառում, սպառնալիքներ, մանիպուլյացիաներ նկատում ենք, բնականաբար: Ինչպես ամբողջ երկրում է վախի մթնոլորտ տիրում, այնպես էլ՝ այստեղ, թեպետ մենք հետ չենք կանգնելու մեր պայքարից: Շարունակելու ենք դիմադրել, եւ ոչ մի բան չի կարող մեզ վրա ազդեցություն թողնել:
– Վարչական ռեսուրսի կիրառման ի՞նչ դրսեւորումներ եք նկատել:
– Տարբեր ավագանու թեկնածուների են սպառնացել: Ընդդիմադիր որոշ անձանց կանչում են, վախեցնում, զգուշացնում եւ այլն: Պետական աշխատողները ընդհանրապես չեն համարձակվում ընդգրկվել որեւէ ընդդիմադիր ցուցակում, բայց խնդիրն այն է, որ մարդկանց անգամ սպառնում են, որ հեռու հարազատներին կհեռացնեն աշխատանքից, եթե մտնեն պայքարի մեջ: Օրինակ` ինչ-որ մի թեկնածուի մորաքրոջ աղջիկը դպրոցում ուսուցիչ է, սպառնացել են, որ եթե առաջադրվի, մորաքրոջ աղջկան աշխատանքից կհեռացնեն:
– Դուք ստացե՞լ եք նման սպառնալիք, եւ դա ազդո՞ւմ է:
– Ամեն բան խոսակցությունների մակարդակի վրա է: Կան մարդիկ, ովքեր այդ սպառնալիքներից հետո հրաժարվել են որպես ավագանի ընդգրկվել ցուցակում:
– Իսկ Արտաշատում ի՞նչ տրամադրություններ են:
– Տարբեր են տրամադրությունները, կան թե՛ ընդդիմադիր մարդիկ, եւ թե՛ իշխանական: Ընտրությունների արդյունքները ցույց կտան ընդհանուր արդյունքները:
– Ի՞նչ խնդիրներ կան համայնքում:
– Ցանկացած համայնք էլ ունի խնդիրներ, սակայն մեր գլխավոր թիրախը, հավակնությունը այսօրվա իշխանությունների վերարտադրությունը ՏԻՄ-երում բացառելն է:


Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին
Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար
Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս