05/10/2026

EU – Armenia

Հայաստանի պետական կամերային նվագախումբի և մաեստրո Սիփան Օլահի Հյուրախաղերը Ասիաում 2026. Լուսանկարներ

Համերգաշրջանը նվիրված էր Հայաստանի Անկախության 35-ամյակին

Առաջին անգամ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) 2026 թվականի սեպտեմբերին ձեռնամուխ եղավ աննախադեպ համերգային շրջագայության Հնդկաստանում և Չինաստանում՝ ներկայացնելով հայ դասական երաժշտությունը Ասիայի ամենահեղինակավոր բեմերում: Լոնդոնաբնակ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ համերգաշրջանը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին՝ դառնալով հզոր մշակութային նախաձեռնություն, որն ամրապնդեց գեղարվեստական երկխոսությունն ու միջազգային համագործակցությունը Հայաստանի և Ասիայի միջև:

Որպես համերգաշրջանի գեղարվեստական ղեկավար, պրոդյուսեր, դիրիժոր, տենոր և փոխադրումների (արանժիրովկաների) հեղինակ՝ Սիփան Օլահն առանցքային դեր խաղաց ծրագրի բոլոր փուլերում՝ գեղարվեստական պլանավորումից ու երկացանկի մշակումից մինչև ելույթների դիրիժորությունն ու միջազգային հանրությանը հայ երաժշտական ժառանգության ներկայացումը: Հայկական գլուխգործոցների, հատկապես Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի երկերի նրա կամերային-նվագախմբային փոխադրումները Հնդկաստանի և Չինաստանի հանդիսատեսին հնարավորություն ընձեռեցին հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը վայելել թարմ և յուրօրինակ ձևաչափով:

Համերգաշրջանին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ մեկտեղ մասնակցում էին ճանաչված մենակատարներ Շողիկ Թորոսյանը (սոպրանո, Լիբանան), Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր, Հայաստան) և Աստղիկ Վարդանյանը (ջութակ, Հայաստան):
Հայաստան. Ասիական համերգաշրջանի մեկնարկը Երևանում

Համերգաշրջանին նախորդեց 2026 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած գալա-համերգը: Միջոցառումը հայ հանդիսատեսին բացառիկ հնարավորություն ընձեռեց նախապես ունկնդրելու այն ծրագիրը, որը հետագայում ներկայացվելու էր Հնդկաստանում և Չինաստանում: Երեկոյի ընթացքում հնչեցին Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Արամ Խաչատրյանի և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները՝ ի ցույց դնելով հայկական և եվրոպական դասական ավանդույթների հարստությունը: Հատուկ ընդգծվեց կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի հանրահայտ «Հայաստան» երկի կատարումը՝ նվիրված նրա ծննդյան 80-ամյակին: ԱՄՆ-ից ժամանած կոմպոզիտորը ներկա էր համերգին և արժանացավ հանդիսատեսի ու պատվավոր հյուրերի, այդ թվում՝ դեսպանների և կառավարության ներկայացուցիչների ջերմ ընդունելությանը: Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված ցուցահանդես՝ կազմակերպված Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, ինչն էլ փաստեց համերգաշրջանի կրթական և մշակութային մեծ նշանակությունը:

Հնդկաստան

Կալկաթա. Պատմական առաջին ելույթը Վիկտորիա Հուշահամալիրում (21 սեպտեմբերի, 2026)
Համերգաշրջանի առաջին միջազգային հանգրվանը Կալկաթան էր, որտեղ նվագախումբը ելույթ ունեցավ հռչակավոր Վիկտորիա Հուշահամալիրում (Victoria Memorial Hall): Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ կազմակերպված համերգը նշանավորեց նվագախմբի առաջին ելույթը Հնդկաստանում և առաջին նմանօրինակ միջոցառումն այս պատմական վայրում: Ծրագիրը նվիրված էր ինչպես Հայաստանի Անկախության 35-ամյակին, այնպես էլ Խաղաղության միջազգային օրվան:

Պատվավոր հյուրերի թվում էին դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և Կալկաթայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներւ և դպրոցի սաները: Մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ հանդիսատեսին ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի և Շարլ Ազնավուրի ստեղծագործությունները՝ պարգևելով բարեկամություն, խաղաղություն և մշակութային երկխոսություն տոնող անմոռանալի երեկո:

Նյու Դելի. Համերգ Լոտոսի տաճարում (23 սեպտեմբերի, 2026)

Համերգաշրջանի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ Նյու Դելիի հռչակավոր Լոտոսի տաճարում: Համերգը համախմբել էր 42 երկրների դեսպանների և դիվանագետների, ինչպես նաև Հնդկաստանի պետական կառույցների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների և հայ համայնքի անդամների:

Բացման խոսքով հանդես եկան Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի քարտուղար Ռուդրենդրա Տանդոնը: Երեկոյի ընթացքում հնչեցին հայկական և եվրոպական երաժշտության գլուխգործոցներ Սիփան Օլահի գեղարվեստական ղեկավարությամբ, ով հանդես եկավ նաև վոկալ կատարումներով՝ ի ցույց դնելով իր բազմակողմանի տաղանդը որպես դիրիժոր և տենոր:

Չեննայ. Հնդկական համերգաշրջանի փառահեղ ավարտը (24 սեպտեմբերի, 2026)

Համերգաշրջանի հնդկական փուլը եզրափակվեց Չեննայի պատմական «Մադրաս Երաժշտական Ակադեմիայում» (Madras Music Academy) կայացած նշանակալից ելույթով: Միջոցառումը կազմակերպվել էր Չեննայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Շիվկումար Իշվարանի նախաձեռնությամբ և նվագախմբի առաջին ելույթն էր Հնդկաստանի ամենահարգի երաժշտական հաստատություններից մեկում: Հանդիսատեսի շարքերում էին դիվանագետներ, պատվավոր հյուպատոսներ, երաժշտագետներ, մշակութային գործիչներ և արվեստասեր հասարակայնություն: Երաժիշտներն արժանացան Ակադեմիայի պրոֆեսորների և տաղանդավոր ուսանողների բացառիկ ջերմ ընդունելությանը: Ծրագրում կրկին ընդգրկված էին հայկական և եվրոպական դասական երաժշտության լավագույն նմուշները:

Չինաստան

Չժոնշան. Հայ երաժշտական ժառանգության ներկայացումը (27 սեպտեմբերի, 2026)

Համերգաշրջանի չինական փուլը մեկնարկեց Չժոնշանի Մշակույթի և արվեստի կենտրոնի Մեծ թատրոնում (Grand Theatre of the Zhongshan Culture and Arts Center): Մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ նվագախումբը չինացի հանդիսատեսին ծանոթացրեց Հայաստանի հարուստ դասական ժառանգությանը՝ խնամքով ընտրված հայկական և եվրոպական ստեղծագործությունների ծրագրով: Համերգին հնչեցին Ա. Խաչատրյանի, Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ալ. Սպենդիարյանի, Խ. Ավետիսյանի, Ա. Բաբաջանյանի, Վ. Կոտոյանի, Շ. Ազնավուրի, Է. Գրիգի, Լ. Արդիտիի, Չ. Բիքսիոյի, Ջ. Պուչինիի և Ջ. Քերնի կոմպոզիցիաները:

Պեկին. Լեփ-լեցուն դահլիճ Պեկինի համալսարանում (29 սեպտեմբերի, 2026)

Նվագախմբի առաջին այցելությունը Պեկին պսակվեց Պեկինի համալսարանի Հարյուրամյակի հուշասրահի (Peking University Centennial Memorial Hall) «Լի Ին» համերգասրահում կայացած անշլագային համերգով: Կատարմանը ներկա էին Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, համալսարանի ղեկավարությունը, դասախոսներ, երաժշտագետներ և երաժշտասեր բուռն հանդիսատես: Մշակութային առանձնահատուկ իրադարձություն էր, երբ Մաեստրո Սիփան Օլահը Պեկինի համալսարանի ներկայացուցիչներին հանձնեց Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակությունը՝ էլ ավելի ամրապնդելով համերգաշրջանի կրթական և մշակութային երկխոսությունը: Երեկոյի առանցքային պահերից էր Սիփան Օլահի կամերային-նվագախմբային փոխադրմամբ Սպենդիարյանի «Երևանյան էսքիզներ» երկի չինաստանյան պրեմիերան, որը դարձավ ամբողջ ասիական համերգաշրջանի գեղարվեստական այցեքարտերից մեկը:

Շանհայ. Համերգաշրջանի եզրափակումը միջազգային փառատոնում (30 սեպտեմբերի, 2026)

Համերգաշրջանի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ Շանհայում՝ միջազգային ճանաչում վայելող Shanghai Xintiandi “Art to Gather” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Ելույթ ունենալով ավելի քան 600 երաժշտասերների առջև՝ նվագախումբը մեկ անգամ ևս դրսևորեց հայ դասական երաժշտության կենսունակությունն ու համամարդկային հմայքը: Փառատոնին մասնակցությունը բացառիկ տեսանելիություն ապահովեց հայ մշակույթի համար միջազգային հարթակում և արժանավայել ավարտ հանդիսացավ այս հավակնոտ ու մեծապես հաջողված գեղարվեստական ուղևորության համար:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) 2026 թվականի ասիական համերգաշրջանի առանցքային դեմքը բրիտանահայ մաեստրո Սիփան Օլահն էր, ում գեղարվեստական տեսլականը, ղեկավարումը և նվիրումը վճռորոշ եղան ծրագրի հաջողության գործում: 2024 թվականից ի վեր սա Մաեստրո Օլահի և ՀՊԿՆ-ի կազմակերպած չորրորդ միջազգային համերգաշրջանն էր՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Մերձավոր Արևելքից հետո:

Միավորելով Հայաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ունկնդիրներին՝ համերգաշրջանն ապացուցեց երաժշտության՝ սահմաններ ջնջելու, մշակութային կապերն ամրապնդելու և տևական հարաբերություններ կերտելու ուժը՝ բացելով նոր ուղիներ երաժշտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության համար: Համերգաշրջանը նաև շոշափելի հնարավորություններ ստեղծեց ապագա գործակցության համար. Մաեստրո Օլահն ու ՀՊԿՆ-ն արդեն իսկ ստացել են համերգային ելույթների, գեղարվեստական համագործակցությունների և մշակութային գործընկերության հրավերներ 2027 և 2028 թվականների համար:

Համերգաշրջանն ուղեկցվում էր Հայաստանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի կողմից: Ասիական համերգաշրջանին աջակցել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հնդկաստանի և Չինաստանի կառավարությունները, Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Լոնդոնի «Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան, ինչպես նաև անհատներ ու հովանավորներ տարբեր երկրներից:

Հարգանքով՝ Սիփան Օլահ