«Բացառիկ տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։
ՊԵԿ-ը ուսումնասիրում է ոչ միայն բենզալցակայաններում իրականացվող վերջնական վաճառքը։ Խոշորացույցի տակ է բենզինի շրջանառության ամբողջ շղթան՝ ներմուծումից, փաստաթղթավորումից ու հարկային հաշվարկներից մինչև վերջնական իրացում։
ՊԵԿ-ի այս ակտիվությունը ուշագրավ է հատկապես բենզինի գների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Հայաստանում տարբեր վաճառքի կետերում բենզինի որոշ տեսակների գինը հասնում է շուրջ 600-800 դրամի, և տարիներ շարունակ հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս է ձևավորվում վերջնական գինը, և որքանո՞վ են դրա բոլոր բաղադրիչները թափանցիկ։
Բենզինի և դրա հավելանյութերի համար գործում են ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ կարգավորումներ, ուստի ՊԵԿ-ի ստուգումների շրջանակը կարող է ընդգրկել ոլորտի ամբողջ հարկային շղթան։
Աղբյուրները հայտնում են, որ գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար այս պահին վաղ է խոսել վերջնական թվերի և կոնկրետ տնտեսվարողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության չափերի մասին։ Սակայն արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ ֆինանսական հետևանքները կարող են զգալի լինել։
Հետևաբար, առաջիկայում բենզինի շուկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։

Բաց մի թողեք
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում
Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել
35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. Լուսանկար