ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը մեկնաբանել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը:
Լրագրողի հարցին՝ արդյոք պատգամավորները ԱԺ են գալիս ընդդիմախոսներին ծեծելու համար, Ղալումյանը պատասխանել է, որ ինքը որևէ պատգամավորի վրա չի հարձակվել և չի ծեծել։
«Դուք գալիս եք ԱԺ՝ ընդդիմախոսներին ծեծելու համա՞ր»,- հարցրել են լրագրողները՝ պնդելով, որ շատ պարզ տեսել են՝ ինչպես է անձամբ ինքը հարձակվում:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում քննադատել է «Եկեղեցու ճգնաժամի» վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը՝ այն կապելով օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի՝ հայկական տարածք ներթափանցելու միջադեպի հետ։
Աբրահամյանի պնդմամբ՝ հանձնաժողովի ստեղծման հարցը իրական օրակարգից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունի։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձում է այդ թեման առաջ մղելով կոծկել ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման շուրջ առաջացած աղմուկը։
Պատգամավորը հայտարարել է, որ իշխանության կողմից ընտրված օրակարգն իրական խնդիրների քննարկումից խուսափելու և հանրային ուշադրությունը այլ ուղղությամբ տեղափոխելու փորձ է։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է ադրբեջանցի զինծառայողի՝ հայկական բնակավայրում հայտնվելուց հետո պետական կառույցների գործողությունները՝ հարց բարձրացնելով, թե ինչու բնակիչները նախապես չեն զգուշացվել հնարավոր վտանգի մասին։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ ադրբեջանական կողմը միջադեպի մասին հայկական կողմին տեղեկացրել էր դեռ մի քանի օր առաջ, սակայն այդ ընթացքում, ըստ նրա, գյուղացիներին որևէ նախազգուշացում չի տրվել։
Նրա խոսքով՝ տարածքում որոնողական աշխատանքներ նույնպես չեն իրականացվել։ Կարապետյանը հարց է բարձրացրել, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայությունը չէր կարող տեղում ստուգումներ իրականացնել, բնակչությանը տեղեկացնել հնարավոր վտանգի մասին և ապահովել համայնքի անվտանգությունը։
«Ի՞նչ են արել այդ քանի օրը, չեմ հասկանում։ Ինչո՞ւ պետք է հայ կինը մտներ իր տուն ու այնտեղ ադրբեջանցի տեսներ»,- ասել է նա՝ քննադատելով պետական համակարգի արձագանքը։
Պատգամավորի գնահատմամբ՝ իշխանությունները տեղի ունեցածին լուրջ վերաբերմունք չեն ցուցաբերում։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը կարող է օգտագործվել օրակարգը այլ ուղղությամբ տեղափոխելու համար։
Կարապետյանը խնդիրը դիտարկել է նաև ավելի լայն անվտանգային համատեքստում՝ նշելով, որ եթե պետությունը չի կարողանում վերահսկել մեկ ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու հետ կապված իրավիճակը, ապա հարց է առաջանում, թե ինչպես է պատրաստվում ապահովել անվտանգությունը ավելի մեծ մասշտաբի հնարավոր խնդիրների դեպքում։
Նա ընդգծել է նաև, որ Ադրբեջանում, իր գնահատմամբ, հակահայկական քարոզը սկսվում է դեռ մանկապարտեզից և դպրոցից, ինչն, ըստ նրա, լրացուցիչ անվտանգային մարտահրավեր է Հայաստանի համար։
«Եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ, ընդդիմության հետ այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր: Ես կողմնապահություն չեմ արել, և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որ կարող էր ստանալ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:
«Ընդհանուր առմամբ, բնականաբար, ես շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածը արդյունք էր այն բանի, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում էին իրավիճակը, և նրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով, և դա արտահայտվում է նիստերի դահլիճում:
Չեմ կարող ասել՝ դա նպատակաուղղված է արվում, այսինքն՝ ամբողջ խմբակցության կողմից, թե խմբակցությունը բավարար թույլ է, որպեսզի դա տեղի ունենա, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք»,- ասել է ԱԺ նախագահը:
ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, շեղվելով օրակարգային թեմայից, փորձել է անդրադառնալ ԱԺ նախագահի պաշտոնավարմանը, ինչի պատճառով նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։
Ղազարյանը շարունակել է ելույթը՝ պահանջելով վերականգնել ժամանակը, սակայն այն չի վերականգնվել, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։ Ռուբինյանը ընդհատել է նիստը և հայտարարել ընդմիջում, իսկ ընդմիջումից հետո պատգամավորներին հորդորել է չշեղվել օրակարգից։

Բաց մի թողեք
ՔՊ-ն հաստատեց Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
Թեժ բանավեճեր ընդդիմադիրների ու Ռուբեն Ռուբինյանի միջև
Քֆուր, քյաֆար, ծաղր. մարդ եմ` կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել