13/10/2026

EU – Armenia

Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից

«Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից որտե՞ղ են իշխանությունների խոստացած տեխնոլոգիական այլընտրանքները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունները շարունակ խոսում են տեխնոլոգիական հեղափոխության, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների զարգացման և թվային տնտեսության մասին։ Պաշտոնական ելույթներում Հայաստանը ներկայանում է որպես տեխնոլոգիական առաջընթացի ձգտող երկիր, որտեղ նորարարությունը պետք է դառնա տնտեսության զարգացման առանցքային ուղղություններից մեկը։ Սակայն ռուսական «Յանդեքս» ընկերության ծառայությունների խափանումը միանգամից առաջ է բերում անհարմար հարց՝ իսկ ի՞նչ արժեն այդ հավակնությունները, եթե մեկ հավելվածի աշխատանքի խափանումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել երկրի տրանսպորտային ծառայությունների շուկայում։

Վերջին օրերին «Յանդեքսի» աշխատանքի հետ կապված խնդիրները դժվարացրել են տաքսի ծառայություններից օգտվելը։ Հաղորդվում է, որ ծառայությունը մի քանի օր շարունակ ամբողջությամբ կամ մասնակիորեն չի աշխատել, իսկ վերականգնման ընթացքում շարունակվել են քարտեզների և նավիգացիայի հետ կապված խափանումները։ Այս իրավիճակում քաղաքացիների համար սովորական դարձած տաքսի պատվիրելու գործընթացը վերածվել է լրացուցիչ անհարմարությունների:

Հայաստանի տաքսի ծառայությունների շուկայում գործում են տարբեր ընկերություններ, սակայն «Յանդեքսի» նշանակալի դերակատարումը դժվար է անտեսել։

Խնդիրն այն չէ, որ տեխնոլոգիական ընկերությունը կարող է երբեմն խափանում ունենալ․ նման իրավիճակներից ապահովագրված չէ աշխարհի որևէ ծառայություն։ Խնդիրն այն է, թե որքանո՞վ է շուկան պատրաստ նման խափանումներին և արդյոք կա՞ն բավարար այլընտրանքներ՝ ծառայության բնականոն աշխատանքն ապահովելու համար։

Հայաստանում այս իրավիճակը նորից ուշադրության կենտրոն է բերում մրցակցության հարցը։ Եթե քաղաքացիների զգալի մասը ստիպված է սպասել մեկ ընկերության համակարգի վերականգնմանը, ապա արդյոք շուկայում առկա այլ ծառայությունները բավարար չափով հասանելի՞ են, մրցունակ և տեխնոլոգիապես պատրաստված։

Այս պատմության մեջ առանձնահատուկ հարցադրումներ են առաջանում իշխանությունների հասցեին։

Տեխնոլոգիական զարգացումը միայն միջազգային համաժողովներին մասնակցելը, ներդրումների մասին հայտարարություններ անելը կամ նորարարության մասին խոսելը չէ։ Այն նաև նշանակում է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ շուկան կախված չէ մեկ հարթակից, իսկ քաղաքացիները տեխնիկական խափանումների դեպքում չեն հայտնվում անորոշության մեջ։

Ինչո՞ւ Հայաստանում չեն ձևավորվել ավելի հզոր, հասանելի և մրցունակ այլընտրանքներ, որոնք կկարողանային սպասարկել քաղաքացիներին նման իրավիճակներում։ Արդյոք պետությունը գնահատե՞լ է տրանսպորտային ծառայությունների թվային կախվածության ռիսկերը։ Կա՞ արդյոք ճգնաժամային իրավիճակների համար մշակված որևէ ծրագիր, թե՞ յուրաքանչյուր տեխնիկական խափանումից հետո քաղաքացիները պարզապես պետք է սպասեն, մինչև մասնավոր ընկերությունը վերականգնի իր համակարգերի աշխատանքը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան ոլորտի պատասխանատուները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի պետական կառույցները։

Մինչ այդ, «Յանդեքսի» խափանումը մնում է ոչ միայն մեկ ընկերության տեխնիկական խնդրի պատմություն, այլև լուրջ ահազանգ՝ Հայաստանի թվային շուկայի դիմակայունության մասին։ Իսկ իշխանությունների համար սա հնարավորություն է՝ ապացուցելու, որ տեխնոլոգիական զարգացման մասին խոստումները կարող են վերածվել իրական արդյունքի, ոչ թե մնալ գեղեցիկ կարգախոսների մակարդակում»։