Կառավարությունը տոնական ճառեր է կարդում «առողջապահական հեղափոխության», համընդհանուր ապահովագրության փառահեղ ապագայի մասին, իսկ համակարգի հիմքը պահող շարքային քաղծառայողի գլխին հերթական սառը ցնցուղն է թափվում։ 2027 թ․ հունվարի 1-ից պետությունը վերջնականապես չեղարկում է սոցիալական փաթեթների ծրագիրը, որից օգտվում են շուրջ 130 հազար քաղծառայող, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ:
Հրապարակ թերթը գրել է․ Այն ամսական խղճուկ 6 հազար դրամները, որոնցով մարդիկ փորձում էին հիպոթեքի վարկ փակել, երեխայի ուսման վարձը հոգալ կամ տարին մեկ անգամ գոնե Հայաստանի որեւէ անկյունում հանգստանալ, այլեւս չեն փոխանցվի նրանց հաշվեհամարներին, այլ կուղղվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսավորմանը։ Իսկ քաղաքացիների հաշիվներին կուտակվող այդ գումարները նրանք ծախսում էին մի քանի ուղղությամբ՝ հանգիստ Հայաստանում, հիպոթեքի մարում, ուսման վարձ եւ այլն։

Այսպիսով, սոցփաթեթի համար տրվող գումարները, կարելի է ասել, պարզապես առգրավվում են պետական բյուջեի կողմից՝ ապահովագրական մի անորոշ ու կասկածելի «մեգանախագիծ» սնելու համար։ Պաշտոնյաները սա հպարտորեն անվանում են «սիստեմային լուծում»: Սոցփաթեթի այն շահառուները, ովքեր 200 հազար եւ ավելի աշխատավարձ են ստանում, դառնում են առողջության համընդհանուր ապահովագրության շահառու: Հոկտեմբերի 7-ին աշխատանքի եւ բարեկեցության, ԿԳՄՍ, առողջապահության նախարարությունների միջին օղակների պաշտոնյաներն ասուլիս էին հրավիրել ու բացատրում էին այս նորամուծության «հմայքները»: Սոցապի ներկայացուցիչ Լուսինե Հարությունյանը պնդում էր՝ սոցփաթեթի ծրագիրն իր տրամաբանական ավարտին է մոտեցել, այլեւս դրա կարիքը չկա: «Օրինակ, սոցփաթեթով նախատեսվում էին առողջապահական երաշխիքներ: Հիմա, քանի որ ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրություն, եւ շահառուների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է, այդ ծառայությունը քաղաքացիներին մատուցվում է մեկ այլ ծրագրի շրջանակներում»,- ասում էր նա:
Իսկ առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը փորձում էր համոզել, որ սոցփաթեթի եւ ապահովագրության միջեւ ոչ մի տարբերություն չկա: «Սոցիալական փաթեթի շրջանակում քաղաքացին հնարավորություն ուներ տարին մեկ անգամ այցելել պոլիկլինիկա եւ անցնել որոշակի հետազոտություններ, նույնիսկ եթե չուներ գանգատներ։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը եւս ընձեռելու է այդ հնարավորությունը։ 2029 թվականից ուժի մեջ կմտնի այն բաղադրիչը, որը քաղաքացուն հնարավորություն կտա անցնել կանխարգելիչ բժշկական զննություններ»։
Բայց արդյո՞ք սոցփաթեթն ու դրա շրջանակում ստացվող ծառայությունները համարժեք են առողջապահության ապահովագրության ծառայություններին, արդյո՞ք սոցփաթեթի շահառուն, անցնելով ապահովագրության համակարգ, որի ներկայիս մոդելն անկատար է ու բազմիցս քննադատված, չի տուժելու:
Պետական առողջապահական գործակալության նախկին տնօրեն, «Առողջություն եւ իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը պատասխանում է, որ չնայած լաբորատոր հետազոտությունների ծավալի որոշակի ավելացմանը, քաղաքացիները զրկվում են հանգստի կոմպոնենտից եւ մինչեւ 2029 թվականը զրկվելու են համապարփակ պարտադիր կանխարգելիչ բուժզննություններից՝ «չեք ափերից»: Ներկայիս առաջարկվող փաթեթները նա համարում է հապճեպ եւ թույլ՝ հիմնված միայն նեղ սքրինինգային ծրագրերի վրա, ինչը կարող է վատթարացնել քաղաքացիների վիճակը:
«Նախկինում սոցփաթեթի շահառուն ուներ նաեւ հանգստի կոմպոնենտ, կարող էր այլ բաների համար օգտագործել գումարները՝ հիպոթեք եւ այլն, հիմա այդ կոմպոնենտը չկա: Նա հավասարվել է առողջության ապահովագրման բոլոր մյուս շահառուներին: Առավելությունն այն է, որ լաբորատոր հետազոտությունների ծավալը սոցփաթեթի համեմատ ավելացել է, բայց վատն այն է, որ կանխարգելիչ բուժզննությունները, որոնք ապահովագրական համակարգի համար շատ կարեւոր եւ բնորոշիչ կոմպոնենտ են, առողջության համընդհանուր ապահովագրության մասին նոր օրենքով, ուժի մեջ են մտնելու 2029 թվականից, ոչ թե հիմա: Հետո՝ այս պահին հրապարակված տարիքային առանձնացված շեմով շատ թույլ են, թվով քիչ հետազոտություններ են պարունակում, հիմնականում՝ սքրինինգների ձեւով: Ասենք, որոշակի տարիքում կրծքային սքրինինգ, մյուս տարիքում, ասենք, խոլեստերինի ստուգում կամ շաքարի հետազոտություն, ինչը շատ քիչ է: Իրականում, «չեկ ափը» պետք է իրականացվի ավելի համապարփակ: Որովհետեւ այն կանխարգելիչ բուժզննություն է, նաեւ՝ պարտադիր կոմպոնենտով, որը մինչեւ չանես, չեն ակտիվանա քո մյուս բոլոր ծառայությունները, որը բերում է պետության եւ բոլոր ապահովագրական բեռի թեթեւացման, քանի որ շուտ են հայտնաբերվում հիվանդությունները: Այս մասով, միանշանակ, աշխատելու տեղ ունեն: Շատ հապճեպ, արագ կազմված փաթեթ է, որում պետք է փոփոխություններ արվեն: Միանշանակ, սոցփաթեթում ծառայություններն ավելի կարգավորված էին, եւ դա առողջապահական սովորույթ էր, որը շատ կարեւոր էր»:
– Եթե մարդը, օրինակ, հունվարի 15-ին ուզում է կանխարգելիչ բուժզննություն անցնել պետության հաշվին, կարո՞ղ է:
– «Կանխարգելիչ բուժզննություն» անունը չի լինի, նա ուղղակի կգնա խորհրդատվության, այն հետազոտությունները, որոնք խորհրդատվություն անցկացնող բժիշկը նպատակահարմար կգտնի, նա կկարողանա ստանալ:
– Բայց նախկինում մարդը կարող էր սեփական հայեցողությամբ անցնել ընդհանուր ստուգումներ՝ սոցփաթեթի շրջանակում, եւ խորհրդատվություն տվող բժշկի կարծիքը, որը նաեւ կարող է սխալ լինել, պետք չէր: Չեղա՞վ, որ տուժեց:
– Այո, եւ դա այն ժամանակ պարտադիր էր: Իսկ հիմա պարտադիր է լինելու միայն 2029 թվականից: Այո, «չեկ ափը» այս պահին նա չի կարողանալու անցնել, իսկ «չեկ ափով» նա կարողանում էր կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ: Կամ՝ սոնոգրաֆիան, օրինակ, 29 թվականից էլ նախատեսված չէ: Միայն մի քանի հետազոտություն է եւ սքրինինգային ծրագրեր:
– Այսինքն՝ սոցփաթեթի չեղարկմամբ քաղաքացու վիճակը վատանո՞ւմ է, ոչ թե լավանում:
– Այս պահին՝ այո, պարտադիր բուժզննությունից զրկվում է մինչեւ 2029 թվականը, բայց հետազոտությունների լայն հնարավորություն ունի, եթե նրա բժիշկը համարի նպատակահարմար: Չկա հետազոտությունների լայն ցանկ, որը նա իրականացնի, նա պետք է անցնի դրանք ըստ անհրաժեշտության: Ավելին ասեմ՝ մարդիկ ըստ անհրաժեշտության ստուգվում են, հետո գալիս են՝ գումարները բժիշկներից հետ են ստանում՝ ասելով, որ սխալ խորհրդատվություն կամ հետազոտություն եք անում:
ՀԳ. Ժամանակին, երբ մշակում էին առողջության համընդհանուր ապահովագրության մոդելը, կային կարծիքներ, թե հիմքում պետք է դնել քաղծառայողի սոցփաթեթի փորձարկված մոդելը: Նույն Ծաղիկ Վարդանյանն այս մոդելի կողմնակիցն էր: Բայց լսող չեղավ՝ քանդելն էր նորաձեւ: Եվ ահա՝ հիմա մեզ ասում են․ սոցփաթեթն «իր տրամաբանական ավարտին է մոտեցել», պարզվում է՝ քաղաքացուն պարզապես կանգնեցնում են կոտրված տաշտակի առջեւ։ Խլում են պատրաստի, աշխատող եւ տարիների ընթացքում «առողջապահական սովորույթ» դարձած համակարգը, մարդկանց զրկում են վերջին սոցիալական երաշխիքից: Հանգստի, վարկերի ու ուսման բաղադրիչը չկա: Փոխարենը տալիս են երկու տարվա անորոշություն: Իշխանավորներին սա չի հուզում: Իրենց «չեկափերն» ու հանգիստը վաղուց ապահովված են պետական բյուջեի՝ այդ նույն խաբված ուսուցչի ու քաղծառայողի գրպանից։

Բաց մի թողեք
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ»
Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին
Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը»