Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու առևտրային նավի վրա Սև ծովում, Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում։ Բուլղարիայի իշխանությունների տվյալներով՝ «Azov Concord» նավը խորտակվել է Կրապեց առողջարանային բնակավայրից 27 կմ հեռավորության վրա։ «Chelsea 3» նավի վրա հարձակում է տեղի ունեցել Բյալա քաղաքից 24 կմ հեռավորության վրա, սակայն այն կարողացել է հասնել նավահանգիստ։
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ի գիշերը «Chelsea 3» նավից տարհանվել է 15 նավաստի, հաղորդում է BNT-ն։ Խմբի կազմում եղել են Ուկրաինայի յոթ և Ադրբեջանի ութ քաղաքացիներ. նրանք ստացել են թեթև վնասվածքներ։ Վարչապետի խոսքով՝ նավը գրանցված է Օդեսայի նավահանգստում և նավարկել է Մալթայի դրոշի ներքո։ Հարձակումից հետո «Chelsea 3»-ը կայանել է Վառնայի նավահանգստում։ Փրկված նավաստիները հայտնել են, որ իրենց վրա միաժամանակ հարձակվել են երեք անօդաչու թռչող սարքեր։
Ինչ վերաբերում է խորտակված «Azov Concord»-ին, որը նավարկելիս է եղել Սենթ Քիթս և Նեւիսի դրոշի ներքո, հաղորդվել է անձնակազմի մեկ անդամի փրկվելու մասին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան կկանչվի երկրի արտաքին գործերի նախարարություն։ Իշխանությունները նաև մտադիր են խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Այս նոր միջադեպերը տեղի են ունեցել Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում «Alfa Watan» և «Able» նավերի վրա կատարված հարձակումներից մեկ շաբաթ անց։ Երկրի իշխանությունները հետաքննության հարցում օգնություն են խնդրել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից։

Բաց մի թողեք
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը՝ ներխուժման սկզբից ի վեր
Զելենսկու՝ Թրամփի հետ կապված երկընտրանքը. հակադարձե՞լ, թե՞ զիջել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը