14/10/2026

EU – Armenia

Իրավաբաններն առաջարկներ են արել, Եկեղեցին դեռ մտածում է

Հոկտեմբերի 9-ին բարձր դատարանը «լվաց ձեռքերը»` մերժեց քննության առնել Մայր Աթոռի դիմումը՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ երբ հարցը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ՍԴ անդամները դատավորից վերածվում են նոտարի` վարչապետի ցանկացած քաղաքական քմահաճույքը վավերացնող:

Հրապարակ թերթը գրել է․ Եկեղեցին, հիշեցնենք, մտել էր ՍԴ՝ վիճարկելու կառավարության ծրագրի «Հոգեւոր անվտանգություն» բաժնի 3 հետեւյալ դրույթները, որոնցով գործադիրն իրեն իրավունք է վերապահել «բարեփոխումներ» ձեռնարկել Մայր Աթոռում:

«1) Ապահովվելու է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), եւ սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը»,- ասվում է կառավարության որոշման մեջ:

Ըստ Մայր Աթոռի, կառավարությունը պետական քաղաքականության նպատակ է դարձրել Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները՝ խախտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։

ՍԴ-ն, սակայն, հարցը քննելու փոխարեն, ընտրեց ծիծաղելի մի պատճառաբանություն, թե իբր կառավարության ծրագրի այդ կետերը չունեն նորմատիվ բովանդակություն, ընդամենը քաղաքական հայտարարություններ են, ուստի դիմումատուն չի ապահովել փաստարկվածության նվազագույն շեմը։

«Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում»,- ասված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:

Իսկ հոկտեմբերի 2-ին իշխանությունն ԱԺ-ում ստեղծեց քննիչ հանձնաժողով` Գարեգին Բ-ին հեռացնելու իրենց ծրագրին «խորհրդարանական» տեսք տալու համար, ապացուցելով, որ այդ դրույթները բոլորովին էլ անբովանդակ քաղաքական հայտարարություններ չեն: Փաստորեն, ՍԴ-ն ու ԱԺ-ն սինքրոնացված են աշխատում:

Մայր Աթոռի պատասխանը իրավաբաններին հավաքելն էր Վեհափառ հայրապետի մոտ: Հոկտեմբերի 7-ին պատկառելի խումբ էր Էջմիածնում՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան, սահմանադրագետներ Արթուր Ղամբարյան, Վարդան Պողոսյան եւ այլք:

Մի հերթապահ դատապարտող հայտարարություն տարածվեց, որից պարզ չէ, թե որոնք են լինելու Եկեղեցու պաշտպանների հետագա քայլերը: Ասված է միայն, որ «անդրադարձ է կատարվել» քննիչ հանձնաժողով ստեղծելու ԱԺ նախաձեռնությանը, որ «պետական իշխանության մարմնի կողմից նման հանձնաժողովի ստեղծումը հանդիսանում է կոպիտ եւ հակասահմանադրական միջամտություն Եկեղեցու ներքին կանոնադրական կյանքին» եւ այլն: «Ժողովականների կողմից առաջարկվել են իրավական գործիքակազմեր եւ համապատասխան քայլեր՝ ուղղված Եկեղեցու սահմանադրական իրավունքների պաշտպանությանը»,- գրված է հաղորդագրությունում։ Այլ փակագծեր չեն բացվում:

Մեր տեղեկություններով, Եկեղեցին կարծում է, որ հարցը միայն իրավական լուծում պետք է ստանա դատարաններում, սակայն հստակ դիրքորոշում չեն հայտնում: Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունը շատ ընդհանուր է ու կարճ, ընդամենը ասված է, որ ինչ-որ քննարկում է եղել, կարո՞ղ եք ասել, թե ինչ է արվելու: Հավաքի մասնակիցներից սահմանադրագետ Վարդան Պողոսյանը պատասխանում է. «Ոչ մի գաղտնի բան չկա: Հավաք էր, իրավաբաններն իրենց պատկերացումներն էին ներկայացնում, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակում: Չէի ուզենա հավելյալ մանրամասներ ասել, սուբյեկտիվ չհնչի: Միայն ասեմ, որ ոչ մի կոնկրետ որոշում չի էլ ընդունվել, որ հաղորդագրության մեջ նշված չլինի: Պարզապես եղել է մտքերի փոխանակում, քննարկում, բավականին առաջարկներ են արվել, մնացածը կախված է նրանից, թե այդ ներկայացված առաջարկների որ մասը մեր առաքելական եկեղեցին կընդունի ու համապատասխան քայլեր կձեռնարկի: Այդ հանդիպումից հետո ես նոր բան չեմ լսել»:

– Այսինքն՝ հայցեր, դիմումներ միջազգային ատյաններ՝ դեռ չե՞ն մշակվում:

– Առաջարկներ են եղել, բայց թե կոնկրետ հիմա ինչ ընթացք ունեն, չեմ կարող ասել:

– Ձեր կարծիքով, ՍԴ-ի որոշումը որքանո՞վ է հիմնավորված՝ Եկեղեցու դիմումի անգամ քննարկումը մերժելու:

– Ախր, այդտեղ դատարան չի մնացել, հիմնավորում չկա: Ինձ համար սպասելի էր, որ իրենք չեն ընդունելու քննության, չնայած ակնհայտորեն պարտավոր էին ընդունել: Հիմա նրանք իրենց աշխատավարձը բարձրացրել են, որոշում են էլ գործ չանել, պարզապես աշխատավարձ ստանալ:

– Որքան հասկացա, պատճառաբանությունն այն է, որ կառավարության ծրագիրը համարում են քաղաքական հայտարարություն ու դրա համար չեն կարող քննարկել:

– Դա պրիմիտիվ մեկնաբանություն է, որովհետեւ կառավարության ծրագիրը կառավարության որոշմամբ է ընդունվում, դրանք ենթակա են ՍԴ վերահսկողությանը, եւ ՍԴ-ն պարտավոր էր անդրադառնալ այն հարցին, թե արդյոք կառավարության ծրագրում կարո՞ղ է ընդհանրապես նման դրույթ ներառվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնուրույնության, ավտոնոմիայի, ներքին կառուցվածքի եւ այլ հարցերի շուրջ: Հենց Սահմանադրական դատարանն է այն պատշաճ մարմինը, որը պետք է գնահատական տար կառավարության ծրագրին:

ՀԳ․ Արդեն բոլորի համար ակնհայտ է, որ վերեւից հրահանգ կա Եկեղեցու դեմ, բոլոր ատյանները, ներառյալ դատարանները, խորհրդարանը, ՍԴ-ն, կատարում են: Եթե Սահմանադրության խախտումը, պետության ապօրինի միջամտությունը Եկեղեցու գործերին անգամ ՍԴ-ն չի ճանաչում, ապա հասարակ դատարաններն ինչպե՞ս պետք է ճանաչեն, հույսը ո՞րն է: Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը «Հրապարակի» հարցին պատասխանելով ասաց, որ առնվազն երկու «լավ» ելք է տեսնում, որոնք չի մանրամասնում:

«Չունեմ մեկնաբանություն՝ հավաքի հետ կապված: Պայքարը պետք է լուրջ տարվի: Ո՞նց, ի՞նչ ճանապարհով՝ դրանք արդեն մարտավարական հարցեր են»: ՍԴ որոշման դեմ ո՞ւր կարելի է դիմել: «Սկզբունքորեն՝ ՄԻԵԴ-ը կա: Բայց նաեւ դատարանները դեր կարող են ունենալ: Դա պետք է դառնա վերլուծության առարկա: Եթե մարդը գնում է այն ճանապարհով, որ անհեթեթություններ է սկսում դուրս տալ, նա իր վարկանիշի հետ էլ է խաղում: Ինչ-որ պահ է գալիս, որ մարդը չի ուզում իր վարկանիշն այդ աստիճան գցել: Օրինակ, կարող են դրա հետ կապված՝ լինել քայլեր»:
Կարճ ասած՝ իրավաբաններն իրենց առաջարկներն արել են, գնդակը Մայր Աթոռի դաշտում է։