ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար վերանշանակված, ՔՊ-ական Տիգրան Պետրոսյանը, ով 2020 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել վարչապետի աշխատակազմում, նախորդ տարի վաճառել է իր հին՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» և ձեռք բերել 2025 թվականի արտադրության 170,000 դոլարանոց նոր «Մերսեդես»:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Պետրոսյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը:
Հաշվետու տարում Պետրոսյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որից 7-ը՝ Երևանում (միայն 5-ը ձեռք է բերվել վերջին 4 տարում):
Մասնավորապես, Պետրոսյանը Արաբկիրում միանձնյա տնօրինում է ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն (գնվել է 2019-ին), ավտոկայանատեղի (գնվել է 2024 թվականին), ինչպես նաև Ավանում՝ անավարտ շինություն (գնվել է 2024-ին):
Համատեղ սեփականության իրավունքով Պետրոսյանը տնօրինում է բնակարաններ Արաբկիրում (գնվել է 2023-ին) և Քանաքեռ-Զեյթունում (գնվել է 2024-ին), հողամասեր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում (ձեռք են բերվել 2020 թվականին նվիրատվության և գնման միջոցով), ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շինություններ Երևանի Կենտրոնում (գնվել է 2023-ին) և Արաբկիրում (գնվել են 2017 և 2019 թվականներին)։
2025 թվականի տարեսկզբին Պետրոսյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը տարվա ընթացքում օտարել է։ Մասնավորապես՝ նա 32 միլիոն դրամով վաճառել է 2024 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ-ը (2019 թ. թողարկման) և 1.2 միլիոն դրամով՝ 2023-ին գնված FORD բեռնատարը (2001 թ. թողարկման)՝ պահպանելով դեռևս 2007 թվականին ձեռք բերված VOLVO մարդատար ավտոմեքենան (1997 թ. թողարկման)։
Փոխարենը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Պետրոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 11-ին 61,535,000 դրամով (մոտ $160,792 ԱՄՆ դոլար) ձեռք է բերել 2025 թվականի արտադրության MERCEDES-BENZ։
Տիգրան Պետրոսյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 17,000 եվրո, 165,000 ԱՄՆ դոլար և 127,000,000 դրամ։
2025 թվականի հայտարարագրում ՔՊ-ական պաշտոնյան հայտարարագրել է 4 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ 5,100,000 դրամով (մոտ $13,326 ԱՄՆ դոլար) 2024 թվականին ձեռք բերված ժամացույց։
Հաշվետու տարում Տիգրան Պետրոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 17,592,129 դրամ, որից 16,728,129 դրամը ստացվել է որպես աշխատավարձ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից», իսկ 864,000 դրամը՝ «ՅՈՒՄԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից ստացված վարձակալական վճարներից։
Ըստ հայտարարագրի՝ Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որտեղ ունի պատվիրակի կարգավիճակ։
Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի կադրը. նրան «Կառավարական դաչաներից» Տեսչական մարմին է բերել վարչապետը։
Մինչ 2018 թվականի իշխանափոխությունը Պետրոսյանն աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում (2005–2013 թվականներին), ապա որոշ ժամանակ զբաղվել բիզնեսով՝ 2018–2022 թվականներին ղեկավարելով «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն։
Այնուհետև Պետրոսյանը կարիերայի կտրուկ աճ է ունեցել. 2020–2021 թվականներին նա զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2022–2024 թվականներին՝ աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իսկ 2024-ի նոյեմբերին նշանակվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Արդեն 2025 թվականի հունիսի 24-ից Պետրոսյանը ստանձնեց ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը։
Ուշագրավ է՝ ԱԱԾ-ում աշխատելու տարիների՞ն, բիզնեսո՞ւմ, թե՞ հենց Փաշինյանի իշխանության օրոք պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցնելիս է նրան հաջողվել դիզել միլիոնավոր դրամների հասնող կարողությունն ու կատարել աչք ծակող թանկարժեք գնումներ։


Բաց մի թողեք
Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները․ Լուսանկար
Մարդկանց պետք է ժամանակ հատկացնեին եւ հատուցման մասին մտածեին
60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է