21/10/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի իշխանավարման շրջանում 60 հազար քաղաքացու քվե բացահայտորեն գողացվեց` երեք ընտրատեղամասում ապօրինաբար ընտրությունները չեղարկվեցին, եւ կրկնաքվեարկություն չնշանակվեց, երեկ հայտարարել է. «Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող եւ կամ խոստացող թեկնածուների եւ քաղաքական ուժերի դեմ։

Եթե նման վարքագծով հանդես է գալիս որեւէ ՔՊ-ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ։ Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին»։ Փաշինյանը մեկ այլ գրառմամբ էլ նշել է. «Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը եւ ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ»:

Հրապարակ թերթը գրել է․ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանն անդրադարձել է Արտաշատում համայնքապետի դաշնակցական թեկնածուի` Գերասիմ Վարդանյանի կնոջը. «Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ։ Եվ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու մեջ։ Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։ Ասեմ ավելին․ նման մարդկանց՝ պետական համակարգում ընդգրկված լինելը շատերին հիմք է տալիս մտածելու, որ մենք Ռոբի, Սերժի, դաշնակների, կալուգացիների հետ գաղտնի կապի մեջ ենք։ Շատերն են ասում, որ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։ Հիմա ես ի՞նչ անեմ՝ հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե՞ պահեմ»:

Կարելի է կարծել, թե ՀՀ վարչապետը հումոր է անում, բայց ոչ այնքան հումոր է, որքան մարտահրավեր ու ծաղր` ուղղված հանրությանը, թե ում կուզեմ, կհանեմ կամ կնշանակեմ, ես կապ չունեմ սպառնալիքների ու ճնշումների հետ, բայց ամենօրյա ռեժիմով` ամբիոնից հրահանգներ է իջեցնում անգամ անկախ մարմինների ղեկավարներին:
Գերասիմ Վարդանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի վերոնշյալ հայտարարություններին, ասում է. «Երեկ Արտաշատ համայնքի թեկնածուների միջեւ տեղի ունեցած բանավեճը` Հանրային հեռուստաընկերության եթերում, ակնհայտորեն ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական եւ քաղաքական սնանկությունը` ժողովրդի աչքի առաջ: ՔՊ-ի թեկնածուի պարտությունը փորձում են այլ դաշտ տեղափոխել, իսկ Փաշինյանը հեռակա բանավեճի մեջ է մտնում ինձ հետ: Նա երկուշաբթի օրը, երեկոյան ժամերից սկսած, երբ դեռ ես ուղիղ եթերում բանավեճի էի մասնակցում, ինձ հետ հեռակա բանավեճի մեջ էր մտել: Նրա հրահանգով, երեկվանից ՔՊ-ականներն իմ մասին լայվեր ու գրառումներ են անում: Հիմա ես հայտարարում եմ, որ իր բոլոր հարցերի պատասխաններն ունեմ, ես նաեւ ուզում եմ հանրությանը ցույց տալ իրենց իրական դեմքը:

Նիկոլ Փաշինյանին Հ1 բանավեճի եմ հրավիրում, թող ընդունի իմ առաջարկը եւ կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: ՔՊ-ական թեկնածուն երեկ իր քաղաքական սնանկությունը ցույց տվեց, Փաշինյանը դրանից է ճնշվել, դա իրենց համար ճնշում է, իսկ մենք ճնշում ենք՝ լավ ենք անում: Սպասում եմ Փաշինյանի արձագանքին: Մնացած ամեն հարցի պատասխան կտամ ուղիղ եթերում: Նա սիրում է բանավեճի հրավիրել, ասել` տղա եք, եկեք բանավիճեք ինձ հետ, հիմա ես եմ ասում՝ արի բանավեճի»: