21/10/2026

EU – Armenia

Ինչ արգելքներ են կիրառվելու հայ խոպանչիների նկատմամբ

Եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը, ապա կդադարեցվի այն արտոնությունների համակարգի կիրառումը, որը գործում է ներկայումս ԵԱՏՄ տարածքում այդ թվում՝ հատկապես ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների, այսպես ասենք՝ հայ խոպանչիների համար։ Ինչ է սա նշանակում։

Այն, որ ՀՀ քաղաքացիները այն բանից հետո, երբ Հայաստանը դադարի լինել ԵԱՏՄ անդամ պետություն, ստիպված կլինեն օրինակ ՌԴ-ում աշխատելու համար ձեւակերպել աշխատանքային թույլտվություն՝ պատենտ, որը կիրառվում է երրորդ երկրների միգրանտների համար։

Բացի այդ՝ ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների վրա կտարածվեն նաեւ այն քվոտաներն ու սահմանափակումները, որոնք սահմանվում են Միության կողմից՝ աշխատաշուկան կարգավորելու համար։ Այսինքն՝ նաեւ հայ խոպանչիների համար կարող են արգելված ոլորտներ ու ուղղություններ ի հայտ գալ՝ աշխատանքային գործունեություն ծավալելու համար, ինչպես երրորդ երկրների աշխատանքային միգրանտների պարագայում է սահմանվում։

Կդադարեցվի բուժօգնության եւ սոցիալապան ապայովության այն համակարգերի կիրառումը հայ խոպանչիների եւ նրանց ընտանիքների անդամների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ օրենսդրությամբ՝ Միության անդամ երկրների քաղաքացիների համար։ Սա վերաբերում է նաեւ սոցիալական ապահովագրության համակարգին։

Հայաստանի կողմից ԵԱՏՄ անդամակցության կորուստը նշանակում է նաեւ հարված առեւտրի եւ ծառայությունների մատուցման ոլորտներին։ Մասնավորապես, այս ոլորտում գործող հայկական տնտեսվարողների համար կկասեցվեն այն արտոնյալ պայմանները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ փաստաթղթերով եւ վերաբերում են Միության անդամ երկրներին։ Հայաստանն այս դեպքում կդառնա արդեն երրորդ երկիր։ Սա վերաբերելու է նաեւ հարկային ոլորտին։

Մասնավորապես, կվերականգնվեն Հայաստանից արտահանվող ապրանքների եւ ծառայությունների համար հարկման այն մեխանիզմներն ու դրույքաչափերը, որոնք նախատեսված են երրորդ երկրների դեպքում։

Այստեղ կարեւոր է հատկապես շեշտել մեկ նրբություն։ Քաղաքացիների պարագայում, ովքեր աշխատում են ԵԱՏՄ անդամ երկրներում, վճարելու են եկամտահարկի այն նույն դրույքաչափերով, որոնք նախատեսված են երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սա նշանակում է, որ էականորեն ծանրանալու է հայ խոպանչիների հարկային բեռն օրինակ՝ Ռուսաստանում։