27/10/2026

EU – Armenia

Էն կարգի քաոս են ստեղծել ժողովրդի համար, որ մարդ զզվում ա էս շենք մտնի

Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվել է փաստաթղթավորման հերթագրման կարգը։ Ըստ այդ կարգի, ամբողջությամբ չեղարկում են նույնականացման քարտերի (ID) և անձնագրերի համար նախկինում կատարված ուշ ժամկետների հերթագրումները։

Բանն այն է, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում կենսաչափական նոր նույնականացման քարտի (ID քարտ) արժեքը սահմանվել է 6 հազար դրամ, իսկ նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 հազար 650 դրամ: ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 31-ից «Հայփաս» համակարգի (haypass.am) միջոցով գործարկվող նոր կենսաչափական նախագրանցման հարթակին ընդառաջ՝ քաղաքացիներին առաջարկվում են հետևյալ լուծումները. Նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար. Չեղարկման ծանուցում ստացած քաղաքացիները պետք է սպասեն և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվեն նոր համակարգով:

Հին նմուշի փաստաթուղթ ստանալու համար. Քաղաքացիները կարող են մինչև առաջիկա շաբաթվա ավարտը մոտենալ ՄՔԾ ցանկացած ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով: Նոյեմբերի 1-ից կբացվի նոր ձևաչափով հերթագրումը։

Հին նմուշի անձնագրեր/ID քարտեր. մինչև ընթացիկ շաբաթվա վերջ գործում է սպասարկում կենդանի հերթով՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներում։

Հոկտեմբերի 26-ից արդեն իսկ Հրազդանի անձնագրային բաժանմունքում քաոսային իրավիճակ է առաջացել: Մի կողմից մարդկանց հերթը, մյուս կողմից՝ անձնագրայինում դրված հերթագրման ապարատի խափանումները: Քաղաքացիները մեզ պատմեցին, որ հերթագրումների ապարատը օրվա մեջ մի քանի րոպե է աշխատում: Իսկ երբ փորձում են 1 կամ 2 հերթի կտրոն վերցնել, կրկին աշխատանքը խափանվում է. «Խայտառակ իրավիճակ է, առավոտյան 9-ից ստեղ ենք, արդեն ժամը 5-ն ա, հերթի կտրոն եմ քաշել, հերթում դեռ 36 քաղաքացի սպասում են: Անձնագրայինը փակվում ա ժամը 5-ին: Ասել են էսօր մինչեւ ժամը 8-ը կաշխատեն, այս պահին 40 ից ավելի մարդ կա: Եթե մինչեւ իրենց աշխատանքի վերջ իմ հերթը չհասավ, պատկերացնում եք՝ պետք է գնամ տուն, վաղը նորից գամ, որ կտրոն քաշեմ: Էն կարգի քաոս են ստեղծել ժողովրդի համար, որ մարդ զզվում ա էս շենք մտնի, ո՛չ կարգ կա, ո՛չ կանոն»,-մեզ հետ զրույցում ասաց 55-ամյա տիկին Նարինեն:

Անձնագրային բաժանմունքում մարդիկ չէին կարողանում գրանցվել, որ նույնականացման քարտ հանեն: Բաժնի աշխատակիցը քաղաքացիներին ասում էր՝ նոր կայքը չի աշխատում, երբ կլինի՝ գրանցվեք, բայց նախկին 3 հազար դրամի փոխարեն՝ արդեն 6 հազար դրամով եք նույնականացման քարտ հանելու: Մենք հարց ուղղեցինք ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Հրազդանի բաժնի պետ Վալերիկ Եսայանին՝ հերթեր են գոյացել, մարդիկ չեն կարողանում նույնականացման քարտի համար գրանցվել, հերթագրման ապարատը ժամերով փախանվում է, ի՞նչն է պատճառը, որ նման քաոսային իրավիճակ է տիրում. «Ապարատուրան անջատած չի եղել, դա հերթի ապարատն է, կապի խնդիր է եղել, ընդամենը 5 րոպե ա անջատվել»։

Իսկ ինչու քաղաքացիները չեն կարողանում գրանցվել, որ նույնականացման քարտ հանեն. «Ո՞վ ասաց, որ չեն կարողանում գրանցվել»: Հիմա Ձեզ մոտ եմ, ուզում եմ նույնականացման քարտ հանել, կարո՞ղ եմ գրանցվել եւ հանել. «ID էսօր չեք կարա հանեք, պարզաբանումների համար կարաք դիմեք մեր վերադասին»: Ինչն է խնդիրը, ես եկել եմ Ձեզ մոտ, եւ Ձեզանից եմ ուզում լսել հարցի պատասխանը, ինչո՞ւ չեմ կարող գրանցվել՝ նույնականացման քարտի համար. «Նոր համակարգի ներդրման հետ պայմանավորված խնդիր ա»: Քանի՞ օր է, որ մարդիկ չեն կարողանում գրանցվել. «Հոկտեմբերի 26-ից»:

Քաղաքացիներին հետաքրքրում է՝ եթե օրենքը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից, ինչո՞ւ եք հոկտեմբերի 26-ից սահմանափակել մարդկանց գրանցումը. «Ես ինտերվյու չեմ տալիս, եթե մարդկանց հետաքրքիր ա, գրավոր դիմեք»:

Նշենք, որ Հրազդանի անձնագրային բաժանմունքում այսպիսի քաոսային իրավիճակը նոր չի՝ արդեն 2 տարի է, ինչ Չարենցավանի անձնագրայինը բաժանմունքը փակեցին եւ միացրեցին Հրազդանին: Այս տեղափոխումը մեծ աժիոտաժ էր առաջացրել, չարենցավանցիները դեմ էին նմանատիպ «բարեփոխմանը», պայքարեցին, սակայն արդյունքի չհասան: