02/11/2026

EU – Armenia

2017 թվականի համեմատ 2027-ի պետբյուջեի եկամտային մասը եռապատկվում է. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի եկամտային մասը պլանավորված է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ կամ 10 միլիարդ դոլար»:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրենք, որ 2017 թվականի համեմատ 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191 տոկոս, այսինքն՝ 2017 թվականի համեմատ եկամտային մասը եռապատկվում է: 2021 թվականի համեմատ աճը 114 տոկոս է, շուրջ 2.1 անգամ»,- ասել է նա:

Կապիտալ ծախսերի աճը պլանավորվում է 2017 թվականի համեմատ 3.2 անգամ շատ, իսկ 2021 թվականի համեմատ՝ 3.5 անգամ:

«Կրթության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ պլանավորված է 181 տոկոս, 2.8 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 2.3 անգամ: Գիտության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ 2.7 անգամ է, 2021 թվականի համեմատ՝ 2.5 անգամ»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են ծախսերն ու ակնկալիքները:

«Ինչքան բարձր է երկրում բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Հայաստանի պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բնակիչների գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են»,- ասել է նա: