02/11/2026

EU – Armenia

Փաշինյանն ասել է՝ ինչ պիտի անեն վիզաների ազատականացման համար

Հայաստանը պատրաստվում է աստիճանաբար իր բոլոր պետական սահմանների վերահսկողությունը հանձնել սահմանապահ ծառայությանը։ Այս գործընթացը նախատեսվում է իրականացնել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների և անհրաժեշտ բարեփոխումների շրջանակում։

Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հասնելու համար Հայաստանը պետք է իրականացնի մի շարք բարդ փոփոխություններ և որոշ ոլորտներում իր համակարգերը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին։

Փաշինյանը նշել է, որ այդ գործընթացի կարևոր ուղղություններից մեկը սահմանապահ զորքերի կարգավիճակի վերափոխումն է։ Կառավարության նպատակն է միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի ամբողջ պետական սահմանի վերահսկողությունը կենտրոնացնել համապատասխան սահմանապահ ծառայության ձեռքում։

Վարչապետը հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանի բոլոր սահմանային անցակետերն արդեն վերահսկվում են բացառապես հայկական սահմանապահ զորքերի կողմից։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում աստիճանաբար կընդլայնվի սահմանապահ ծառայության պատասխանատվության շրջանակը, իսկ այդ կառույցը նույնպես պետք է անցնի համապատասխան բարեփոխումների ճանապարհ։

Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը վճռական է վիզաների ազատականացման ուղղությամբ առաջ շարժվելու հարցում, և նախատեսվող փոփոխություններն իրականացվելու են փուլ առ փուլ։