08/11/2026

EU – Armenia

Երգեհոնային արվեստը շարունակում է ներկայանալ նոր համերգային իրադարձություններով

Երգեհոնի վեհաշունչ հնչյունները երեկ կրկին բացեցին դեպի անսահմանություն տանող իրենց անտեսանելի դռները։ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային IV միջազգային փառատոնի հերթական համերգը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում իսկապես տիեզերական էր՝ իր խորհրդով, հոգևոր խորությամբ ու երաժշտական բազմաշերտությամբ։

Երեկոն նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 175-ամյակին և առանձնահատուկ էր նաև նրանով, որ բեմում բացառապես հայաստանյան երգեհոնահարներն էին։

Համերգը մի յուրօրինակ երաժշտական երկխոսություն էր անցյալի ու ներկայի, հայ հոգևոր երաժշտության և ժամանակակից կոմպոզիտորական մտածողության միջև։ Գրիգոր Նարեկացու տաղերից ու Մակար Եկմալյանի պատարագային մեղեդիներից մինչև Վաչե Շարաֆյանի, Գրիգոր Առաքելյանի, Լուսինե Գրիգորյանի, Տիգրան Համբարյանի և Միխաիլ Կոկժաևի ստեղծագործություններ՝ երգեհոնը կարծես իր բազմաձայն շնչով միավորում էր տարբեր ժամանակներ ու հոգևոր աշխարհներ։

Թերեզա Ոսկանյանի, Արմեն Աղաջանյանի, Աննա Բակունցի, Հարություն Թագվորյանի, Արփինե և Լուսինե Հարությունյանների, Աննա Առուստամյանի և Հովհաննես Մանուկյանի կատարումներում երգեհոնը երբեմն աղոթք էր, երբեմն՝ խոկում ու լռություն, երբեմն էլ՝ երկինք բարձրացող հնչյունային հզոր ալիք։ Առանձնահատուկ երանգ հաղորդեցին նաև սոպրանո Ռիտա Պետրոսյանի հետ Հարություն Թագվորյանի համատեղ կատարումը և Հովհաննես Մանուկյանի հեղինակային ստեղծագործությունները։

Երեկոն ևս մեկ անգամ ապացուցեց, որ երգեհոնը պարզապես երաժշտական գործիք չէ․ այն մի ամբողջ տիեզերք է, որտեղ մարդկային ձայնը, հոգևոր հիշողությունն ու երաժշտական միտքը հանդիպում են հավերժությանը։

Համերգը բացեց Թերեզա Ոսկանյանը՝ Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով ի ծով, ծիծաղախիտ ծավալանայր յառավոտուն» և «Հավիկ» ստեղծագործություններով։ Այնուհետև Արմեն Աղաջանյանը ներկայացրեց Ներսես Շնորհալու և Մակար Եկմալյանի «Ամեն Հայր սուրբը»՝ Վահագն Ստամբոլցյանի փոխադրմամբ, ինչպես նաև Վաչե Շարաֆյանի «Հետփայլը»։

Աննա Բակունցի կատարմամբ հնչեցին Մակար Եկմալյանի «Հայր մեր տերունական աղոթքը» և «Աննա Բակունցի կատարմամբ հնչեցին Մակար Եկմալյանի «Հայր մեր» տերունական աղոթքը և Գրիգոր Առաքելյանի «Չորս պրելյուդ «Մաշտոց» շարքից» ստեղծագործությունը»։ Հարություն Թագվորյանը ներկայացրեց Եկմալյանի «Սուրբ, Սուրբ» և «Ի կույս վեմեն» գործերը, իսկ սոպրանո Ռիտա Պետրոսյանի հետ՝ Լուսինե Գրիգորյանի «Աղերսը»՝ Կոմիտասի խոսքերով։

Արփինե Հարությունյանի երգեհոնային մեկնաբանությամբ հնչեցին Մակար Եկմալյանի «Ամենակալը», անհայտ հեղինակի «Խնկի ծառին նման ես» ստեղծագործությունը և Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը»՝ հենց կատարողի փոխադրմամբ։ Լուսինե Հարությունյանը ներկայացրեց Եկմալյանի «Գովեա Երուսաղեմը»՝ Վահագն Ստամբոլցյանի փոխադրմամբ, և Միխաիլ Կոկժաևի «Պարզ մեղեդին»։ Աննա Առուստամյանի կատարմամբ հնչեցին Եկմալյանի «Տեր ողորմյան»՝ կրկին Ստամբոլցյանի փոխադրմամբ, և Տիգրան Համբարյանի «Պրելյուդը»։

Երեկոյի ավարտին իմ ընկեր Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց իր փոխադրմամբ Մակար Եկմալյանի «Խորհուրդ խորինը», ինչպես նաև իր հեղինակային «Երկու խորալները»՝ «Հիսուս Քրիստոս, մեր փրկիչ» և «Նվիրում՝ Սուրբ Կույս Մարիամին»։

May be an image of text

Այսպիսով, երեկոն դարձավ հայ հոգևոր երաժշտության, ազգային երաժշտական ժառանգության և երգեհոնային արվեստի գեղեցիկ հանդիպում։ Եկմալյանի պատարագային մեղեդիները, Նարեկացու հոգևոր պոեզիան և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները երգեհոնի բազմաձայն աշխարհում միավորվեցին մեկ ամբողջության մեջ՝ երբեմն աղոթքի, երբեմն խոկումի, երբեմն էլ դեպի երկինք ձգվող հնչյունային թռիչքի վերածվելով։

Փառատոնի կազմակերպիչն ու տնօրենը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Արմեն Սուքիասյանն է, որի նախաձեռնությամբ երգեհոնային արվեստը շարունակում է ներկայանալ նոր համերգային իրադարձություններով։

Սիմոն Սարգսյան