21/11/2026

EU – Armenia

Մեծ Բրիտանիայի վարչապետը նպատակ ունի ՄԹ-ն վերադարձնել ԵՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը մտադիր է Միացյալ Թագավորությունը վերադարձնել Եվրոպական միություն. հայտնել է վարչապետի մերձավոր շրջապատից մի բարձրաստիճան աղբյուրը։

Էնդի Բըրնհեմը վճռական է տրամադրված։ Ըստ վարչապետի մերձավոր շրջապատի մի ներկայացուցչի՝ նա «խորապես» համոզված է, որ Մեծ Բրիտանիան պետք է կրկին անդամակցի ԵՄ-ին։

«Նա ցանկանում է վերադառնալ։ Սա է ճշմարտությունը… Նա դա շատ խորապես է զգում և հավատում է, որ հասարակական կարծիքն իր կողմն է։ Այն մտքերը, թե դրա հետևում ուրիշ մեկն է կանգնած, կամ թե սա պարզապես հնարամիտ քայլ է՝ ինչ-որ մարտավարություն, սխալ են։ Նա պարզապես անկեղծորեն հավատում է դրան», — ասել է աղբյուրը «The Times»-ին։

Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունն ավելի վաղ ձեռք էին բերել Brexit-ից հետո գործող նոր համաձայնագիր, որը ներառում է պարենային ապրանքների ազատ առևտրի, մինչև 100 000 երիտասարդների համար տեղաշարժի ազատության, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների առևտրի՝ կողմերի համակարգերի ինտեգրման դրույթներ։

2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեի արդյունքում բրիտանացի ընտրողների 52%-ը կողմ էր քվեարկել Եվրոպական միությունից դուրս գալուն. երկիրը պաշտոնապես դուրս էր եկել միությունից 2020 թվականի հունվարի 31-ին՝ 47 տարվա անդամակցությունից հետո։

Brexit-ից հետո անցումային շրջանը, որի ընթացքում ԵՄ բոլոր կանոններն ու օրենքները շարունակել էին գործել Մեծ Բրիտանիայում, իսկ քաղաքացիները օգտվել էին ճամփորդության պարզեցված ընթացակարգերից, ավարտվել էր նույն տարվա դեկտեմբերի 31-ին։ 2021 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ կողմերի միջև կնքված Առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը։