29/11/2026

EU – Armenia

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն

Ուկրաինան պատրաստ է միջազգային գործընկերների մասնակցությամբ Սև ծովում զինադադար հաստատելուն և արդեն ներկայացրել է համապատասխան առաջարկները։

Այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ Կիևում անցկացված պարենային անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունը և գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումը։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային, Հնդկաստանին և Եգիպտոսին՝ լարվածության նվազեցման և միջնորդական ջանքերին մասնակցելու համար։

Սիբիհան նշել է, որ ուկրաինական առաջարկներն արդեն փոխանցվել են գործընկերներին, և Կիևն այժմ սպասում է Ռուսաստանի պատասխանին։ Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է հնարավոր համաձայնագրում ներառել նաև ռուսական նավթի արտահանման հարցը։

Ուկրաինական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել էներգետիկ ոլորտում ավելի լայն զինադադարի հնարավորությունը, սակայն պնդում է, որ Սև ծովի վերաբերյալ առանձին համաձայնությունը պետք է կենտրոնանա պարենային բեռնափոխադրումների և նավագնացության ազատության վրա։ Առայժմ զինադադարի մասին վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։