26/12/2024

«Զովք» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. կան տեղեկություններ՝ նրան բիտայով հարվածել ու փախել են

Նոյեմբերի 10-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները նշված սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում է նրան, նստում ավտոմեքենան և դիմում փախուստի։

Նշվում է, որ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։