«Ես ապրում էի Շուշիում։ Տարիների ընթացքում լուսանկարներիս արխիվից է ներկայացված։ Փառք Աստծո, փրկվել է։ Տարբեր ժամանակների, տարբեր եղանակների նկարներ են։ Ինձ թվում է՝ ամեն մեկն իր կարոտը կգա, կառնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց շուշեցի լուսանկարիչ, ռեժիսոր Վլադիմիր Գևորգյանը։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի համագործակցությամբ, նոյեմբերի 10-12-ը ՀԲԸՄ ցուցասրահում (Մելիք Ադամյան 2/2) ներկայացված են լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի «Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի» լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցադրված են Արցախի Շուշի քաղաքի մասին պատմող 45 լուսանկարներ։ Հարցին՝ հե՞շտ էր լավ լուսանկարներ ստանալը Շուշիում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Միանշանակ, քանի որ բարձունքում էր քաղաքը, լույսը յուրահատուկ ձևով էր աշխատում, բացի դրանից մառախուղ էր շատ լինում՝ ցածր մառախուղ, որը Շուշիին շատ բնորոշ է։ Ինձ համար մուսա էր քաղաքը, ամեն մեկը մի ձևով էր վայելում քաղաքը․ մեկն իր մտքերի մեջ, ես որոշել էի լուսանկարներ անել։ Գոնե այդ ձևով մի մասնիկ փրկվել է Շուշիից»։
Հետաքրքրվեցինք՝ վերջին լուսանկարը Շուշիում ե՞րբ է արել, Վլադիմիր Գևորգյանը պատասխանեց․ «Շուշիի ճանապարհին եմ արել։ Առաջին շրջափակումը, որը տևեց մի քանի ժամ, այդ ժամանակ ես Արցախ էի գնում Երևանից։ Հիմնական բլոկադան այդ լուսանկարն անելուց մեկ ամիս հետո սկսվեց։ Գնացի, մեկ շաբաթ մամայի մոտ մնաց, հետ եկա ու ճանապարհին նկարեցի։ 2022 թվականն էր»։
Խոսելով ցուցահանդեսի՝ «Եկե՜ք միասին բարձրանանք Շուշի» խորագրի մասին, լուսանկարիչն ասաց․ «Երկու իմաստ ունի․ Արցախի բոլոր շրջաններից, երբ գալիս էին Շուշի, չէին ասում՝ գնանք, ասում էին բարձրանանք Շուշի։ Քաղաքը նաև հոգևոր, մշակութային էր, և բարձրանանք նաև հոգևոր տեսանկյունից։ Այդ նուրբ երանգը կա․ միայն ֆիզիկապես բարձրանալու մասին չէ խոսքը։ Մի անգամ նույն խորագրով ցուցահանդես արել էինք, որոշեցինք՝ այս մեկն էլ նույնը մնա․ խորհրդանշական դարձավ։ Եթե Աստծո կամքով էլի լինի ցուցահանդես, գուցե էլի նույնը թողնենք, մինչև մի օր էլի բարձրանանք Շուշի»։ Վլադիմիր Գևորգյանն ի պատասխան մեր հարցի ասաց, որ այս պահին չի լուսանկարում․ ներքին դադար է․ «Ներսից պետք է լինի այդ պահանջը։ Մուսայի բացակայություն ասեմ, թե ուղղակի կենտրոնացման․․․բայց մի օր կսկսեմ»։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան