26/12/2024

Արտաքին կուրատորները կհուշեն Վրաստանի ընդդիմադիրներին, որ մանդատները պետք է վերցնել

Վրաստանի ընտրությունները աշխարհաքաղաքական նշանակություն ունեին և առհասարակ, ինչ-որ աշխարհում կատարվում է, նույնիսկ փոքր երկրների ընտրությունները, ունեն նման նշանակություն, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«ԱՄՆ նախագահական ընտրությունները շատերի խաղաքարտերը խառնեցին: Հիմա սպասողական իրավիճակ է տիրում և այս արդյունքը շատ մեծ հաջողություն էր Վրաստանի իշխանության համար, որովհետև պատահական չէր, որ Թրամփի հիմնական, այսպես կարող ենք ասել, ներկայացուցիչն Օրբանն է, եվ Օրբանը եկավ ընտրություններից հետո, հանդիպեց իշխանություններին ու շնորհավորեց: Դա ազդանշան էր, որ Թրամփը Վրաստանի գործող իշխանությանը սատարելու է: Ես կարծում եմ, դա լուրջ հարված էր ընդդիմությանը, որովհետև ընդդիմությունը կոորդինացվում էր ներկայիս իշխանության` դեմոկրատների կողմից, և այդ առումով Վրաստանի ընդդիմությունը փակուղում է հայտնվել: Եվ ես կարծում եմ, որ ընդդիմադիրներից գոնե մեկ ֆրակցիա կարող է վերցնել մանդատները, որը մյուսներին խնդիրների առաջ կկանգնեցնի: Շատ հավանական է, որ մյուսները ևս կվերցնեն, որովհետև մի բան է փողոցում հանրահավաքներ ես անում, մի բան է, երբ որ խորհրդարանում ես հանրահավաք անում»,-ասաց Դանիելյանը:

Քաղաքագետը կարծում է, որ հունվարին՝ Թրամփի ինաուգուրացիայից հետո ընդդիմությունը ստիպված կլինի որոշում կայացնել կամ իրենց արտաքին կուրատորները գուցե հուշեն իրենց, որ այնուամենայնիվ, պետք է մանդատները վերցնել:

Հարցին, թե Եւրոպան ինչ շահեր է հետապնդում, Դանիելյանն ասաց, որ Եվրոպան նախ սեփական շահն իր համար պետք է ձևակերպի, հիմա նրանք բարդագույն խնդրի առաջ են կանգնած, թե ընդհանրապես որն է Եւրոպայի շահը: Եւրոպայում տարբեր երկրներ տարբեր քաղաքականություն են սկսել վարել, այսինքն, քաղաքական առումով միացյալ Եւրոպայի մասին խոսելը հիմա բավականին դժվար է:

«Նույնիսկ ամերիկյան շատ լուրջ լրատվամիջոցներում այն կարծիքն են հայտնում, որ կարող է անգամ Թրամփը ՆԱՏՕ-ից դուրս գալ և կամ Եւրամիության դեմ քաղաքականություն վարել և նաև ուկրաինական պատերազմի ֆինանսավորումը դնել եւրոպացիների վրա: Ես կարծում եմ, սրանք այնուամենայնիվ, ծայրահեղ տեսակետներ են, բայց համենայնդեպս դա տենդենց է ցույց տալիս: Եւ Թրամփի խորհրդականները, որոնք հունվարից արդեն լինելու են պետ․պաշտոնյաներ, հայտարարում են, որ եթե Ուկրաինան պատերազմը չի կանգնեցնում, դա արդեն ուկրաինացիների և եւրոպացիների խնդիրն է լինելու: Այդ առումով Վրաստանի ընդդիմությանը եւրոպական որոշ պատգամավորների աջակցությունը, Թիֆլիսում գտնվելն ու հանրահավաքներին մասնակցելը որոշիչ նշանակություն չունի: Հիմա խնդիրը Եւրոպայինն է, թե Եւրոպան առհասարակ ինչ է իրենից ներկայացնելու, Եւրամիությունն ինչ է իրենից ներկայացնելու, ինչ քաղաքականություն են վարելու, ավելի ինքնուրո՞ւյն են լինելու, թե` ոչ, ինչ-որ ձևի լարվելո՞ւ են հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջև, թե ոչ, դրանից հետո արդեն կախված կլինի, թե Վրաստանի ընդդիմությանը ինչ վերաբերմունք կլինի»,-ասաց Դանիելյանը:

Պատահական չի, որ Թրամփի ընտրություններից հետո, մասնավորապես Գերմանիայում, կառավարման ճգնաժամ է առաջացել և նոր ընտրությունների խնդրի առաջ են կանգնել, որովհետև գործող վարչապետն առաջարկում է հունվարին արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը պահանջում է, որ դա ուշ է։ Ըստ էության, Գերմանիայի կառավարությունը ստիպված հրաժարական է տալիս՝ սա է իրավիճակը: Եվ լուրջ խոսել այն մասին, որ Վրաստանի ընդդիմությունն ունի աջակցություն, բավականին խնդրահարույց է, որովհետև նորից եմ կրկնում, պետք է հասկանալ Եւրոպայի հետ ինչ է տեղի ունենալու մոտակա ժամանակները»:

Հանրահավաքները կշարունակվեն, թե ոչ, սակայն դրանց թափը մարել է ու դրանք իներցիոն բնույթ ունեն՝ կարծում է քաղաքագետը եւ շեշտում, որ ընդդիմությունը չի կողմնորոշվում` հետագայում ինչ քայլերի դիմել: