Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ դա պայմանավորելով «իրական Հայաստանի» այսպես ասած գաղափարախոսությամբ:
Իրականում, սակայն, չափազանց պարզ է, որ Փաշինյանի այդ քայլը պայմանավորված է Ադրբեջանի հայտնի պահանջով: Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ քանի դեռ չի եղել Սահմանադրության փոփոխություն, չի լինի խաղաղության պայմանագրի ստորագրում:
«Պատճառաբանությունը» կապն է Անկախության հռչակագրի հետ և հռչակագրում Արցախի հիշատակումը: Իհարկե, միամիտ է մտածել, թե Սահմանադրություն անելուց հետո Բաքուն ստորագրելու է պայմանագիրը: Ի վերջո, Ադրբեջանը ներկայացնում է մի քանի պայման, իսկ լայն իմաստով, պայմանագիր ստորագրելը կախված է լինելու ռեգիոնալ իրավիճակից և մակրո ու միկրո մակարդակում ուժերի բալանսից:
Նիկոլ Փաշինյանը, անկասկած, շատ լավ է դա պատկերացնում: Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչո՞ւ է հայտարարում Բաքվի պահանջը կատարելու մասին, թեև այլ փաթեթավորումով: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը զգում է որևէ վտանգ և փորձում է իր այդ հայտարարությամբ չեզոքացնել կամ զսպել այդ վտանգը:
Իհարկե, պետք չէ բացառել, բայց այդ դեպքում կառաջանա հարց՝ դա բավարա՞ր է, թե՞ Ադրբեջանն այս անգամ էլ կպահանջի կոնկրետ ժամկետներ և որքան հնարավոր է արագ: Նիկոլ Փաշինյանը չի խոսել ժամկետների մասին:
Նա ծրագրում է հանրաքվե անել 2026 թվականին սպասվող խորհրդարանի հերթական ընտրությանը զուգահե՞ռ, մինչև այդ ընտրությունը, թե՞ Սահմանադրության հանրաքվեի նախաձեռնությունը դարձնել նաև արտահերթ ընտրության առիթ: Կոնֆիգուրացիաները կարող են լինել տարբեր՝ կախված թե՛ ռեգիոնում իրավիճակից, միջազգային միջավայրից և թե՛ գուցե Ադրբեջանի վարքագծից:
Եթե Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է նոր Սահմանադրության մասին, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդ օրակարգը պետք է ենթադրի նաև այն մանդատի վերանայում, որ Փաշինյանը ստացել է այսպես ասած հին «գաղափարախոսության» շրջանակում:
Հետևաբար, նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելը պետք է առնվազն լինի մանդատը դնելուն զուգահեռ: Այսինքն՝ հանրաքվեն պետք է լինի կամ խորհրդարանի ընտրությանը զուգահեռ, կամ՝ դրանից հետո, որպես ընտրության առանցքային ծրագրային դրույթ:
Հնարավոր է, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է մանևրել, ժամանակ շահել: Այդ պարագայում, սակայն, հարց կառաջանա, թե դա նշանակո՞ւմ է արդյոք, որ կա էսկալացիայի վտանգ:
Համենայն դեպս, հենց այսօր հրապարակվել էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հարցազրույցը հայկական պետական գործակալությանը, որտեղ նա ասում էր, որ սահմանին հանգիստ է, չի նկատվում լարվածություն:
Միաժամանակ նա ասել էր, որ այդ հանգստությունը նաև իրենց ներկայության արդյունք է: Եթե դա այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ պետք է ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջին՝ այն էլ անհամաչափ և անհիմն պահանջին, Հայաստանի ներքին գործերին միջամտություն ենթադրող պահանջին և հայտարարի նոր Սահմանադրություն ընդունելու մասին, թեկուզ «գաղափարաբանական» պատճառահետևանքային փաթեթավորումով:
Բաց մի թողեք
Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում
Ումի՞ց է «թաքցվում» տեղեկատվությունը, ով է եղել Հայաստանի դեսպանի զրուցակիցը
Երևանը կոլապսի մեջ է, իշխանությունը պարալիզացվել է, ավտոբուսները կանգնած են․ Տեսանյութեր