27/12/2024

Ինչպես են բերման ենթարկվում ՔՀԿ-ում պատիժը կրող «Դլո»-ին թմրանյութից տորթ ուղարկողները. մանրամասներ․ Տեսանյութ

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Վանաձորի ՔԿ թմրանյութով տորթ տանելու դեպքի վերաբերյալ:

«Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վանաձորի Սովխոզ կոչվող թաղամասի մի բնակիչ ձեռք բերած թմրանյութը մտադիր է փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ընկերոջը: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, պարզվեց նաև, որ թմրանյութով տորթը թխելու է նույն թաղամասի մի բնակչուհի: Կոնկրետ գործողություները իրականացվեցին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ:

Փետրվարի 23-ին, ժամը 11.40-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի տարբեր հատվածներում, րոպեների տարբերությամբ, հայտնաբերվեցին, թմրամիջոց իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և Տարոնի բաժին տեղափոխվեցին 38, 24, 17 և 22 տարեկան տղամարդիկ: Քիչ ավելի ուշ հայտնաբերվեց նաև տորթը թխած 32-ամյա կինը: Նա հայտնեց, որ նախորդ օրը 38-ամյա տղամարդը, նախնական համաձայնությամբ, իրեն տվել է ապակյա շշով լուծույթ, որն օգտագործել է տորթը պատրաստելիս, և երեկոյան ժամը յոթին արդեն պատրաստի տորթը փոխանցել է նրան:

Ձերբակալությունների ընթացքում տորթը 17-ամյա պատանու ձեռքի փաթեթում էր: Ըստ հավաստի տեղեկությունների` փետրվարի 23-ին քրեակատարողական հիմնարկում պատիժի կրող տղամարդը զանգել էր պատանուն և հայտել, որ իրեն փոխանցի տորթը: Իսկ տորթը, ըստ պատանու, նրան տվել էր մի տղա:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Նշանակվել է փորձաքննություն: Ձերբակալվածների մասնակցության ձևն ու չափը, նաև դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկությունների՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: