Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Էրդողանի հրավերով: Վարչապետի աշխատակազմը երեկ հաղորդագրությամբ հայտնեց, որ Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնում Թուրքիա:
Օրակարգը չէր ներկայացվել: Նշվում է, որ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթդին Ալթունն էլ երեկ հայտնել էր, որ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ալիեւը եւ Էրդողանը կմասնակցեն 2023 թ. երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված Ադրբեջանական թաղամասի բացմանը։
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպմանն այս փուլում, երբ մի կողմից հարեւան Իրանը պատերազմում է Իսրայելի դեմ, մյուս կողմից հայաստանյան քաղաքական կյանքում կրքերն օր-օրի շիկանում են, նկատում է. «Այս այցը կարելի է երկու տեսանկյունից մեկնաբանել, առաջինը` կազմակերպչական, արարողակարգային, ֆիքսենք, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, ուստի այս այցը որեւէ կերպ չի կարելի ձեւակերպել պաշտոնական։ Սա իրականում անորոշ կարգավիճակով այց է, իսկ տրամաբանությունը հուշում է, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցերը նույնպես որոշակի վերապահումներով պետք է ֆիքսել:
Եթե նայում ենք Թուրքիա այցերի պատմությանը, ապա Հայաստանից նման այց ունեցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ մահացել էր Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը` 1993 թվականին, վերջինիս թաղման արարողությանը մասնակցելու համար։ Երկրորդ եւ երրորդ նախագահները տարբեր միջազգային քննարկումների են մասնակցել, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում, ինչպես նաեւ՝ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ֆուտբոլ դիտելու համար էր գնացել Թուրքիա: Ի՞նչն է այստեղ կարեւոր. ոչ մի այլ ղեկավար` Նիկոլ Փաշինյանից բացի, ուղիղ այց չի կատարել Թուրքիա՝ Թուրքիայի ղեկավարի հետ երկկողմ քաղաքական օրակարգով հանդիպման: Եղել են թաղում, ֆուտբոլ եւ մի քանի միջազգային հանդիպում, որոնք զուտ տեղի են ունեցել Թուրքիայում:
Նիկոլ Փաշինյանի այցն աննախադեպ է, սակայն ոչ թե դրական, այլ՝ բացասական առումով: Հայկական դիվանագիտությանը չի հաջողվել նման հանդիպում կազմակերպել ինչ-որ այլ՝ երրորդ` չեզոք երկրում, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հրավերով գնում է Թուրքիա: Հարկ է ընդգծել, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի առաջ նախապայմաններ դնել, դրանք կարող ենք համարել թուրք-ադրբեջանական նախապայմանների ամբողջություն: Թուրքիան իր պահանջներով եւ ցանկություններով շարունակում է մնալ հակահայաստանյան պետություն: Թուրքիայի պահանջները դեմ են ՀՀ պետական շահերին, ինչպես նաեւ դեմ են հայ ժողովրդի ինքնության, հիշողության տարբեր ընկալումներին: Փաշինյանի այցը Թուրքիա չի կարող որեւիցե դրական առաջընթաց ապահովել Հայաստանի համար։ Ինչու՝ որովհետեւ Հայաստանը ներկայում պարտված, զրոյական դիվանագիտություն եւ դիվանագիտական ռեսուրս ունեցող պետություն է, իսկ դիվանագիտության ամենապարզ օրենքն ասում է, որ քաղաքական առեւտրի ժամանակ կողմերը կա՛մ ինչ-որ բան են առաջարկում, կա՛մ զիջում են ինչ-որ բան: Հայաստանն այժմ առաջարկելու ոչինչ չունի Թուրքիային, իսկ Թուրքիան ունի նախապայմաններ, որոնք արդեն ոչ միայն վերաբերում են մեր տարածքներին, այլեւ՝ մեր ինքնությանը, մեր պատմությանը, մեր գաղափարախոսությանը: Թուրքիայի նախապայմաններից մեկն այն էր, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Նիկոլ Փաշինյանը դա արել է, Թուրքիայի նախապայմաններից էր, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից` Նիկոլ Փաշինյանը դա արել է եւ հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչումն այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ: Թուրքիան նաեւ նախապայման ունի, որ Հայաստանը ճանաչի 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որն այս իշխանությունների պարագայում ոչ մի խոչընդոտ իրենից չի կարող ներկայացնել, մնացած առումներով էլ Թուրքիան ինչ պահանջներ որ ունեցել է, Նիկոլ Փաշինյանը կատարել է: Օրինակ, Արարատ սարը` որպես Հայաստանի սիմվոլիկա, մերժել, Անկախության հռչակագիրը չեզոքացնել, Հայոց պատմությունը խմբագրել եւ Թուրքիայի նկատմամբ թշնամանքը վերածել բարեկամության: Բայց այս ամենով Թուրքիան չի սահմանափակվում, այլ նախապայմաններ նույնպես կան, օրինակ` ռուսական ռազմաբազայի դուրսբերում Հայաստանից, Զանգեզուրի միջանցք կոչված ճանապարհի ապահովում: Ասեմ, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Թուրքիայի համար շատ ավելի կարեւոր է, քան Ադրբեջանի համար, կամ էլ` 50-50: Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ճնշումները եւս կարող ենք այս համատեքստում դիտարկել: Ամեն գնով փորձում են Հայ առաքելական եկեղեցին թուլացնել․ ինչո՞ւ՝ որովհետեւ թուրքական արտաքին քաղաքական հայեցակարգերում, տեսություններում, թուրք դիվանագետների վերլուծություններում եւ այլն, հայոց եկեղեցին դիտարկվում է որպես մեծ խոչընդոտ: Այն համահայկական մեծ ցանց է, որը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախցիների իրավունքների եւ հայկական մշակութային ժառանգության համար: Եկեղեցու հանդեպ այս «հանկարծակի» արշավը հենց այդ նպատակով է սկսվել: Նիկոլ Փաշինյանին 7,5 տարի իշխանավարումից հետո նոր միայն սկսեց հետաքրքրել կուսակրոնության հարցը, ինչից հետո սկսեց շանտաժի ենթարկել եկեղեցականներին: Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքացի, որպես վարչապետ, որպես եկեղեցու հետեւորդ, չունի որեւէ իրավունք՝ միջամտելու նման հարցերի: Եվ այժմ՝ այս շրջանում Թուրքիա մեկնելը համարել պատահականություն, գոնե մասնագետների շրջանում անհնար է: Ունենք հիմնավոր կասկածներ, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը Թուրքիայի նախապայմաններից մեկն է: Պանդորայի արկղը բացվելով՝ եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ բոլոր նրանք, ովքեր անցանկալի են Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, դատապարտվում են Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում: Օրինակ` Ռուբեն Վարդանյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լեւոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, մյուսները դատվում են Բաքվում, իսկ Երեւանում դատվում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, գեներալներ Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Սամվել Կարապետյանը, Մանվել Գրիգորյանին դատարաններում մահվան հասցրին, եւ այդպես շարունակ: Այս ամենը պատահականություն չէ, սա սինխրոն աշխատանք է»:
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը