07/05/2026

EU – Armenia

Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական «տենդը»

Թուրքիայի ոստիկանությունը հերթական հատուկ գործողությունն է իրականացրել: Ձերբակալվել են Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետները, որ ներկայացնում են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ առթիվ ԺՀՊ առաջնորդ Օզելը կուսակցության գործադիր մարմնի արտահերթ նիստ է հրավիրել:

Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Աննող շաբաթասկզբին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Իզմիրի նախկին քաղաքապետ Սոյերը, որ նույնպես ԺՀԿ անդամ է:

Օզելը շաբաթասկզբին Ստամբուլի Սարաչխանե հրապարակում բազմամարդ հանրահավաքի մասնակիցներին ասել է, որ Էրդողանն այլևս «նախագահ չէ, այլ՝ խունտայի ղեկավար»: ԺՀԿ առաջնորդը հայտարարել է, որ կուսակցությունն արդեն քսան միլիոն ստորագրություն է հավաքել և նախագահի թեկնածու կառաջադրի Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուին:

Թուրքիայի դատախազությունը բողոքարկել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության վերջին համագումարում Օզելի ընտրության օրինականությունը: Դատախազությունը համարում է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են:

Սպասվում է, որ մոտ ապագայում դատարանը կքննի այդ հարցը: Հավանական է, որ դատարանն Օզելին կզրկի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի կարգավիճակից: Այդ դեպքում ԺՀԿ-ն ստիպված կլինի նոր արտահերթ համագումար հրավիրել:

ԺՀԿ-ն ներկայացնող երեք քաղաքապետի ձերբակալությունն, ամենայն հավանականությամբ, Օզելի դիրքերը թուլացնելու նպատակ է հետապնդում:

Այս ֆոնին խիստ անհանգստացնող հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քեչելին: Ըստ տեղեկությունների՝ անցած շաբաթ Իրաքի Քիրկուկ քաղաքի արվարձաններից մեկում տեղական կառավարման մարմին է ձևավորել, որի կազմում թուրքմեն բնակչության ներկայացուցիչներ չեն ընդգրկվել:

Զայրացած թուրքմենները նախ հանրահավաք են անցկացրել, ապա շրջափակել Քիրկուկ-Էրբիլ մայրուղին: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն Իրաքի իշխանություններին կոչ է արել «հարթել թյուրիմացությունը և թուրքմեն հայրենակիցների իրավունքները լիովին հարգել»:

Թուրքիան ֆորմալ առումով Իրաքի հետ համագործակցության պայմանագիր ունի, բայց հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս օրակարգ է բերել «Զարգացման ճանապարհի» խնդիրը:

Խոսքն իրաքյան Բասրան Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներին կապող մայրուղու կառուցման մասին է, որ պետք է անցնի Իրաքի թուրքմենաբնակ տարածքներով, հատի իրաքյան Քրդստանը և մտնի Թուրքիա: Դա ակնհայտորեն Իրաքի նկատմամբ «նեօսմանական հսկողություն» հաստատելու նախագիծ է:

Ավելի վաղ Թուրքիան Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ քննարկել է Մոսուլի շրջանի թուրքմեններին ինքնավարություն շնորհելու հարցը, բայց առաջընթացի հասնել չի հաջողվել: Իրաքի սահմանադրությամբ ազգային փոքրամասնությունները միայն տեղական մարմիններում կարող են ներկայացված լինել:

Ըստ երևույթին, Քիրկուկի թուրքմենական «ապստամբությունը» Բաղդադի և Անկարայի միջև լուրջ տարաձայնությունների վկայություն են:

Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական «տենդն», անկասկած, Մերձավոր Արևելքում «նոր աշխարհագրության հաստատման» շուրջ մրցակցության դրսևորում է: Զգաստացնող է, որ այն համընկնում է հայ-թուրքական զգուշավոր երկխոսության մեկնարկին:

Մեծ է հավանականությունը, որ արտաքին որոշ դերակատարներ փորձում են Հայաստան-Թուրքիա կարգավորմանը խոչընդոտել: