27/07/2025

Սահմանվել են նոր պայմաններ լիցենզիա ստանալու համար

Կառավարության որոշմամբ, իրավական նոր կարգավորումներ են նախատեսվում մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում: Համաձայն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, նախկինում գործող մոտեցմամբ նույն լիցենզիայով «ըստ էության, թե՛ գործունեության թույլտվություն էինք շնորհում, թե՛ նաեւ միեւնույն լիցենզիան գործում էր կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ որակավորման կրթական ծրագրի համար, ինչն անհրաժեշտ ճկունություն չէր ապահովում։

Օրինակ՝ ամեն առանձին որակավորման լիցենզիայի շնորհումը հնարավոր չէր դիտել իբրեւ բովանդակային գործընթաց»,-ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նոր կարգավորումներով առաջարկվում է ներդնել կրթական ծրագրի լիցենզավորման երկաստիճան համակարգ. առաջինը վերաբերում է կրթական գործունեության իրականացման իրավունքի լիցենզավորմանը, իսկ երկրորդը՝ առանձին որակավորման լիցենզավորմանը։ «Գործունեության թույլտվություն ստանալու համար լիցենզիա տրամադրելիս առաջին հերթին կդիտարկվեն այնպիսի կարեւոր գործոններ, ինչպիսիք են՝ շենքային պայմաններն ու անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք ուսումնական հաստատություն գործելու նախապայմաններն են: Ինչ վերաբերում է երկրորդ լիցենզիային, ապա այն կգործի կոնկրետ որակավորման շնորհման՝ կրթական կոնկրետ ծրագրի համար: Այստեղ շատ ավելի բովանդակային կդիտարկվեն անհրաժեշտ դասախոսական կազմի առկայությունը, տվյալ որակավորմամբ կրթական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, ինչը թույլ կտա ավելի թիրախային եւ արդյունավետ կրթության եւ ուսուցման գործընթաց իրականացնել»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, երբ փոխվում են լիցենզավորման պայմանները, պետք է առնվազն վեց ամիս ժամանակահատված նախատեսվի վերալիցենզավորման համար, ինչը ըստ Անդրեասյանի, պահպանված է: Ինչ վերաբերում է որակավորումների համապատասխան տրվող լիցենզավորմանը, ապա՝ սա առաջին հերթին կսկսի գործել նոր կրթական ծրագրերի համար: