19/08/2025

Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. Լուսանկարներ

Խաբեբաները այժմ էլ «ծանոթի» կերպարի միջոցով են թիրախավորում հայաստանյան օնլայն առքուվաճառքների List.am հարթակը, որը մշտապես եղել է կիբեռհանցագործների ուշադրության կենտրոնում։

«Առաջին զանգը»

https://cyberhub.am/Խաբեության նոր սխեման աշխատում է մոտավորապես այսպես․ վարձակալության նպատակով բնակարան փնտրող քաղաքացին List.am հարթակում հանդիպում է հիանալի պայմաններով տարբերակի և զանգում հայտարարությունում նշված հեռախոսահամարին։ Պատասխանող կողմը ճշտում է, թե քաղաքացուն երբ է անհրաժեշտ բնակարանը, հետո «ափսոսանքով» տեղեկացնում է, որ այն վարձակալության է հանձնվելու ավելի ուշ, քան անհրաժեշտ է վարձակալի։ Հեռախոսազրույցը սրանով ավարտվում է։ Անցնում է 15 րոպե։ Մեկ էլ անսպասելի՝ զանգ։ Հայտարարության հեղինակը՝ իսկ իրականում կիբեռհանցագործը, ով այս 15 րոպեների ընթացքում Get Contact և այլ հավելվածների տվյալների բազաներով պարզել է վարձակալի ինքնությունը, այցելել է վերջինիս սոցցանցային պրոֆիլներ և այլն, զանգում է քաղաքացուն՝ դիմելով անունով և ներկայանալով որպես վաղեմի ծանոթ, ասում է, որ ի սկզբանե ծանոթ էր վարձակալի ձայնը, բայց ուշ կարողացավ հիշել, թե ով է, այնուհետև, մեջբերելով վարձակալի հետ ընդհանուր ծանոթերի անուններ, գործունեության ընդհանուր ոլորտ, սկսում է առաջարկել լավ պայմաններ և որ հանուն ծանոթության պատրաստ է գնալ որոշակի ողջամիտ զոհողությունների` ամսական 185,000 դրամ արժողությամբ բնակարանն առաջարկելով 170,000 դրամով (տես՝ պատկեր 1)։

Պատկեր 1. Պատկերն իրական է, վերաբերում է այս պատմությանը և վերցված է List.am-ի հայտարարությունից
Պատկեր 1. Պատկերն իրական է, վերաբերում է այս պատմությանը և վերցված է List.am-ի հայտարարությունից

Ընդհանուր հայտարարի գալուց հետո, վարձատուն սկսում է շտապեցնել քաղաքացուն, որպեսզի վերջինս կատարի սիմվոլիկ կանխավճար՝ բնակարանը վստահաբար և առանց ավելորդ թղթավարության հանձնելու նպատակով (տես՝ պատկեր 2)։

Պատկեր 2. Պատկերը վերցված է խաբեբայի և վարձակալի միջև զրույցից, որտեղ տեղի է ունենում նախնական զրույցը
Պատկեր 2. Պատկերը վերցված է խաբեբայի և վարձակալի միջև զրույցից, որտեղ տեղի է ունենում նախնական զրույցը

Այնուհետև, վարձատուն առաջարկում է փոխանցումն անել վճարային տերմինալների միջոցով (տես՝ պատկեր 3)

Պատկեր 3. Պատկերը վերցված է խաբեբայի և վարձակալի միջև զրույցից, որտեղ վարձակալն առաջարկում է կանխավճարն իրականացնել վճարային տերմինալի միջոցով
Պատկեր 3. Պատկերը վերցված է խաբեբայի և վարձակալի միջև զրույցից, որտեղ վարձակալն առաջարկում է կանխավճարն իրականացնել վճարային տերմինալի միջոցով

Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացին ցանկանում է վճարումն իրականացնել բանկային եղանակով, վարձակալը շարունակում է պնդել, որ վճարային տերմինալով իրեն ավելի հարմար է, զանգի միջոցով հուշում է որոշակի տարբերակներ և քայլեր, հորդորում է վճարումն իրականացնելու հետո կտրոնը նկարել և ուղարկել իրեն։ Այդուհանդերձ, քաղաքացին պնդում է, որ չունի բավարար կանխիկ գումար վճարումը տերմինալի միջոցով իրականացնելու համար (տես՝ պատկեր 4)։

Պատկեր 4. Պատկերը վերցված է խաբեբայի և վարձակալի միջև զրույցից, որտեղ վարձակալն պնդում է կանխավճարն իրականացնել վճարային տերմինալի միջոցով իսկ քաղաքացին շարունակում է դիմադրել
Պատկեր 4. Պատկերը վերցված է խաբեբայի և վարձակալի միջև զրույցից, որտեղ վարձակալն պնդում է կանխավճարն իրականացնել վճարային տերմինալի միջոցով իսկ քաղաքացին շարունակում է դիմադրել

Կարևոր է ընդգծել, որ քաղաքացու հետ զրույցների ընթացքում խաբեբան իմիտացրել է այնպիսի իրավիճակ, իբրև դեռ գտնվում է աշխատավայրում և ֆոնային զրույցներ է վարել գոյություն չունեցող գործընկերների հետ, որի ընթացքում կիրառել է վարձակալի աշխատանքային ոլորտին բնորոշ բառամթերք, այդպիսով ստեղծելով տպավորություն, որ իրապես իրենք ծանոթ են և միևնույն ոլորտում են աշխատում։

Քաղաքացու ահազանգից հետո, իրականացվել է վարձատուի կողմից տրամադրված հեռախոսահամարի ստուգում, ինչի արդյունքում պարզվել է, որ տվյալ հեռախոսահամարը պատկանում է Telegram հարթակում գործող արժույթի փոխանակման ծառայության։

Եթե քաղաքացին կատարեր համապատասխան վճարումը և ուղարկեր կտրոնը խաբեբային, ապա խաբեբան այն ուղարկելու էր համապատասխան ծառայությանը՝ իբրև իր կողմից կատարած վճարում, որից հետո համապատասխան փոխարկման արժույթի կամ կրիպտոարժույթի փոխանցումն իրականացվելու էր վերջինիս հաշվին։

Պատկեր 5-ում և 6-ում ներկայացված են List.am-ում խաբեբայի օգտահաշիվը, դրանով հրապարակված հայտարարությունները։

Պատկեր 5. Խաբեբայի օգտահաշվով տեղադրված հայտարարությունները
Պատկեր 5. Խաբեբայի օգտահաշվով տեղադրված հայտարարությունները
Պատկեր 6. Խաբեբայի իրական օգտահաշվի ապանույնականացված հեռախոսահամարը
Պատկեր 6. Խաբեբայի իրական օգտահաշվի ապանույնականացված հեռախոսահամարը

Կարևոր հուշումներ նմանօրինակ ֆիշինգներից զերծ մնալու համար՝

  • Հիշե՛ք, որ ֆիշինգների դեպքում մշտապես շտապեցնում են կայացնել որոշում և դրդում են կատարել որոշակի գործողություններ։
  • am-ում բնակարան փնտրելիս առաջնորդվե՛ք շուկայական գների ողջամիտ չափանիշներով։
  • am-ում բնակարան փնտրելիս ուսումնասիրե՛ք՝ երբ է գրանցվել օգտատերը, երբ է տեղադրվել բնակարանի վերաբերյալ հայտարարությունը։ Նոր օգտատերերի, ինչպես նաև գրավիչ պայմաններով, նոր հրապարակված հայտարարություններն ամենայն հավանականությամբ խաբեություն են։
  • Մշտապես պահանջե՛ք հանդիպել, տեսնել բնակարանը տեղում, ստուգե՛ք բնակարանի սեփականության վկայականը՝ կադաստրի էլեկտրոնային համակարգով։ Համոզվեք, որ բնակարանը վարձակալում եք կա՛մ սեփականատիրոջից, կա՛մ բրոկերային իրավաբանական անձից, որին լիազորել է սեփականատերը։
  • Կնքե՛ք բնակարանի վարձակալության պայմանագիր։

Հոդվածի հեղինակ՝ Ալեքսանդր Մարտիրոսյան