24/11/2025

Ինչ է սպասվում Վրաստանում, արդյոք կշարունակվի հետընթացը

Վրացական աղբյուրները հայտնում են, որ Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ, երկրի նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, նույն կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլին:

Այդ առթիվ, ինչպես փոխանցում է apsny.ge-ն, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում գրառում է կատարել, որտեղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իվանիշվիլուն անվանել է «բռնապետ»:

«Բռնապետ Իվանիշվիլին չարանենգորեն կալանավորել է ընդդիմության իրական առաջնորդներ Լևան Խաբիաշվիլուն և Մուրթազ Զոդելավային: Դա հանցավոր վարչախմբի անօգնության և ծայրահեղ խուճապի վկայություն է»,- գրել է Սաակաշվիլին և ավելացրել, որ «պետք է համընդհանուր համախմբում և անցում հարձակման»:

Նախկին նախագահը գրառումն ավարտել է այսպես. «Մենք անպայման կհաղթենք, փա՜ռք Վրաստանին»:

Ըստ տեղեկությունների, Լեվան Խաբիաշվիլին Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է այն բանից հետո, երբ հանդես է եկել հոկտեմբերի 4-ին համապետական անհնազանդության հանրահավաք կազմակերպելու և անարյուն հեղափոխության միջոցով «Վրացական երազանքի» կառավարությանը հեռացնելու կոչով:

Ներքաղաքական լարված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Ռուսթավելու պողոտա» հանրային շարժման առաջնորդ Պաատա Բուրչուլաձեն: Նա իշխանություններին մեղադրել է իրավիճակը մի կետի հասցնելու մեջ, երբ «չտա Աստված, Նեպալի դեպքերը կարող են կրկնվել» Թբիլիսիում:

Նրա գնահատմամբ, «իշխանությունները շատ իմաստուն կգտնվեն, եթե անհապաղ ազատ արձակեն Զոդելավային և Խիբեիշվիլուն»: Բուրչուլան համոզված է, որ հոկտեմբերի 4-ի խաղաղ հանրահավաքի կազմակերպմանը Լեվան Խիբեիշվիլու բացակայությունը կազդի, բայց «ժողովրդի կամքին բռնանալը կբերի ավելի վատ հետևանքների»: Նա իշխանություններին կոչ է արել «խուսափել առճակատումից»:

Վրաստանում սպասվում են տեղական մարմինների, այդ թվում՝ Թբիլիսիի և մյուս քաղաքների քաղաքապետերի ընտրություններ: Ընդդիմությունը ծրագրում է այդ օրը հասնել «Վրացական երազանքի» իշխանության տապալման: